Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ԲՀԿ-ն համագործակցության որևէ ֆորմատով՝ լինի դրա անունը կոալիցիա, վարդուշ, հայկուշ, չի գնալու. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ն համագործակցության որևէ ֆորմատով՝ լինի դրա անունը կոալիցիա, վարդուշ, հայկուշ, չի գնալու. Նաիրա Զոհրաբյան

naira«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում իշխանությունների հետ համագործակցելու հարցում կա երկու տեսակետ: ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ում հետ եկել էին խմբակցության անդամներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը, Վահե էնֆիաջյանը:

Մատնանշելով նրանց ներկայությունը՝ Նաիրա Զոհրաբյանը նախ նշեց, թե իրականությանը չեն համապատասխանում մամուլում գրված լուրերն այն մասին, որ ԲՀԿ-ական պատգամավորները, ովքեր կողմ են կոալիցիա կազմելուն, պատրաստվում են պաշտոնանկ անել կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, քանի որ վերջինս դեմ է իշխանությունների հետ համագործակցությանն այս փուլում:

«Այստեղ նստած են իմ գործընկերները, որոնց անունը շոշափվում էր այն կոնտեքստում, թե նրանք պատրաստվում են ինձ պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ հանդես գալ: Ինքս լրագրող եմ եղել, հասկանում եմ, որ ընթերցվում են նյութերը, որտեղ գույները խտացված են, բայց ԲՀԿ-ում նման խնդիրներ չկան: ԲՀԿ-ն ազատ մտածող կուսակցություն է, մեզ մոտ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ամեն մեկը կարող է իր տեսակետն ունենալ ու ամենևին պարտադիր չէ, որ բոլորիս տեսակետը համընկնի»,- նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Ապա Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կուսակցությունում իշխանությունների հետ համագործակցելու վերաբերյալ իսկապես կա երկու տեսակետ:

«Այո, նախնական քննարկումներ գուցե արժե ունենալ՝ ՀՀԿ արված բաց առաջարկը ընդունելու վերաբերյալ ու այս փուլում գնալ համագործակցության: Մեր որոշ գործընկերներ, որոնք թաքուն չեն ասել իրենց տեսակետը, այլ՝ հրապարակային, ասել են, որ արժեր ընդունել: Բայց որոշ անդամներ, այդ թվում՝ ես, կարծում ենք, որ ԲՀԿ-ն որևէ կոալիցիա մինչև 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունները չպետք է գնա: Սա ավելի ազնիվ կլինի կուսակցության, հասարակության հանդեպ՝ մնալ ընդդիմադիր դիրքերում: Ես չեմ հավատում մեկ տարվա կոալիցիաների արդյունավետությանը»,- շեշտեց պատգամավորը:

Ըստ նրա՝ 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քաղաքական խճանկարը պարզ կլինի, իմաստ կունենա անդրադառնալ համագործակցության հնարավոր ձևերին:

«Կոալիցիայի թեման փակված է: Մեր խմբակցությունում կան գործընկերներ, որոնք այլ կերպ են մտածում, որ ԲՀԿ-ն, թեկուզ կարճաժամկետ առումով կարող է համագործակցել և արդյունավետ արդյունքի հասնել: Բայց մենք այդ տեսակետը բացարձակապես չենք կիսում: ԲՀԿ-ն մինչև խորհրդարանական ընտրությունները որևէ ֆորմատով՝ լինի դրա անունը կոալիցիա, վարդուշ, հակուշ, չի գնալու: ԲՀԿ-ն պատրաստվում է 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին»,- մանրամասնեց նա:

Դիտվել է 118 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy