ԲՀԿ-ի միանալը շարժմանն առանցքային նշանակություն ունի հաղթանակի հասնելու հարցում

ԲՀԿ-ն այսօր չի, որ միացել է համաժողովրդական շարժման ալիքին, այլ օրեր առաջ, եւ դրա մասին կա ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ինքներդ էլ տեսնում եք, որ տեւական ժամանակ իրավիճակը շարունակում է պաթյունավտանգ մնալ: Այսօր հաղթել է ժողովուրդը, հաղթել է արժանապատվությունը, նրա արդարացի պահանջը, սակայն հիմա արդեն գալիս է լրջագույն քաղաքական գործընթացների ժամանակը: Այո, ժողովրդի հաղթանակը հիանալի է, բայց հստակ քաղաքական օրակարգով հանդես գալու պահն է եկել, երբ պետք քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց տեսլականն ու այն գործիքակազմը, թե ինչպես են իրականացնելու այդ տեսլականը»,-հայտարարեց Տոնոյանը:

Նրա խոսքով, ԲՀԿ-ի 100 հազարավոր անդամներ այս օրերին միացել են երթերին, այդ թվում պատգամավորները. «ԲՀԿ-ն այո, քաղաքական լուրջ կշիռ ունեցող ուժ է եւ բնականաբար մեր միանալը ծանրակշիռ էր»:

Իվետա Տոնոյանը նկատեց, որ ԲՀԿ-ի միանալը շարժմանը առանցքային նշանակություն ունի հաղթանակի հասնելու հարցում. «Մեր հազարավոր կուսակցականներն են միացել ընդվզման ալիքին: ԲՀԿ-ն այս հաղթանակի գործում մշտապես եղել է ժողովրդի կողքին: Օրեր շարունակ մեր պատգամավորները եղել են ոստիկանության բաժիններում, որտեղ քաղաքացիների էին բերման ենթարկում: Իսկ մեր վերջին հայտարարությունը այդ ամենի հանգուցալուծումն էր: Մենք մեր ձայնն ենք բարձրացրել նաեւ այն ժամանակ, երբ փորձ էր արվում ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկել: Այդ հարցում մեր եւ մասնավորապես Գագիկ Ծառուկյանի արմատական դիրքորոշումն է եղել, որ չպետք է որեւէ դեպքում դա թույլ տալ, պետք է ամեն ինչ անել, որ դա թույլ չտրվի հատուկ նիստի հրավիրումը»,- իր խոսքն ամփոփեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:

Այս թեմայով