Բժիշկները պատանդ չեն. «Սանա Ծռերը» իրենց մոտ են հրավիրում պատգամավորներին

13680502_977092419054944_1119699656492977473_n«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը շտապ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «այդ գործողությունը բացարձակապես Ոստիկանության կողմից հերոսական կամ մարտական գործողության արդյունք չէ, այլ արդյունք է քրեական հանցագործության»։ «Սա հարիր է քրեական հանցագործներին։ Նման գործելաոճի չէին դիմել նույնիսկ ադրբեջանական հակառակորդը արցախյան պատերազմի ընթացքում»,- ասաց Ենիգոմշյանը և խոսքը փոխանցեց զինված խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի հորը՝ Արմենակ Կյուրեղյանին։

Արմենակ Կյուրեղյանը նշեց, որ այսօր առավոտյան իր որդին հեռախոսազրույց է ունեցել իր հետ ու մանրամասներ պատմել միջադեպից։ «Ոստիկանության կողմից ոչ մի հատուկ օպերացիա տեղի չի ունեցել, գրոհ տեղի չի ունեցել։ Երեկ ուշ երեկոյան Պավլիկ Մանուկյանը փորձել է բանակցել ոստիկանությնան  հետ՝ որպեսզի իրենց տրամադրվի բուժօգնություն։ Այդ ժամանակ կրակ է բացվել Պավլիկ Մանուկյանի վրա։ Նրա որդին, տեսնելով դա, վազել է օգնության, նրա վրա նույնպես կրակ է բացվել, որից հետո Գևորգն է փորձել հասնել օգնության։ Նա ևս վիրավորվել է։ Այդ տղաները չեն հանձնվել, դա ապատեղեկատվություն է։ Սա միտումնավոր իրավիճակի սրում և Հայաստանը քաոսի տանելու միտում ունի։ Փորձ է արվում խաթարել «Սասնա ծռեր»-ի տղաների բարոյական կերպարը, բայց ես կարծում եմ՝ հանրությունը նրանց շատ լավ ճանաչում է։ Ինչպես պետք է մենք պատասխան տանք ապագա սերունդներին կատարվածի համար։ Ես ներողություն եմ խնդրում երիտասարդներից, որ այսպիսի երկիր ենք ժառանգություն թողել»,- իր խոսքն ավարտեց Արեգ Կյուրեղյանի հայրը։ 

Ալեք Ենիգոմշյանի փոխանցմամբ՝ ՊՊԾ գնդում այս պահի դրությամբ այլ վիրավորներ չկան, բացի արդեն հայտնիներից. «Տղաների կորովը բարձրագույն աստիճանի վրա է գտնվում։ Ներսում տղաները տիրապետում են իրավիճակին, վճռականությունը մնում է նույնը»։

Ենիգոմշյանը տեղեկացրեց՝ «Սասնա ծռերի» անդամներն այս պահին ունեն երկու պահանջ.«Տղաները պահանջում են, որ ինչպես առաջին օրն է եղել բժշկական հերթափոխ, հիմա ևս լինի։ Իրենք պահանջում են, որ փոխարինող բրիգադը գա և ներկա պահին այնտեղ գտնվող բժիշժկներին փոխարինեն։ Տղաները նրանց պատանդ չեն վերցրել։ Տղաների երկրորդ պահանջն է, որպեսզի պատգամավորները պահանջ դնեն ուժային կառույցների առաջ՝ իրենց հետ հանդիպելու համար։ Այսինքն՝ տղաները ուզում են հանդիպել պատգամավորների հետ»։

 


Այս թեմայով