Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել առավել ընդարձակ ինքնավարություն. Ա. Հասանով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանրային-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել առավել ընդարձակ ինքնավարություն:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Հասանովը վստահեցրել է, որ Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների և խնդրի կառուցողական լուծման: «Այդ տեսակետից մենք գտնում ենք, որ Ադրբեջանի և միջազգային օրենքներին համապատասխանող նորմերով հիմնախնդիրն արդյունավետ և արդար լուծելու համար հնարավոր է Լեռնային Ղարաբաղին տրամադրել նախկինի համեմատությամբ ավելի ընդարձակ ինքնավարություն Ադրբեջանի կազմում, երաշխավորել այնտեղ բնակվող հայության քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքները», — ասել է Ալիևի խորհրդականը:

Միաժամանակ, նա նշել է, թե Ադրբեջանի մոտեցումը հստակ է և անփոփոխ՝ հայկական ուժերը պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պետք է վերականգնվեն, իսկ փախստականները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը:

ՏԱՍՍ-ը հավելում է, որ 1994 թվականի մայիսի 12-ից հակամարտության գոտում գործում է հրադադարի ռեժիմը:

 


Այս թեմայով