Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Բաքուն լեղաճաք է եղել «հայկական» դեսանտից

Բաքուն լեղաճաք է եղել «հայկական» դեսանտից

բաքուԱդրբեջանական մեզ արդեն հայտնի կայքը գուժում է, որ երկրի խորհրդարանական առաջիկա ընտրությունների առթիվ Բաքու է ժամանում «Էմնեսթի ինտերնեշնլ» իրավապաշտպան հայտնի կազմակերպության պատվիրակությունը, որն այս լրատվամիջոցը «հայկական» դեսանտ է անվանում: Եվ ահա թե ինչու: Խմբի ղեկավարն է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչ Ջոն Դալհուսենը, ով դեռևս Եվրախաղերի նախօրյակին մի քանի հոդված է գրել Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակի մասին: Իր սկզբունքային դիրքորոշումը նա իբր բացատրել է հետևյալ կերպ. «Հարկավոր չէ ինձ ասել, թե ինչ է Ադրբեջանը:

Այս երկիրն ինձ մանկուց է ծանոթ: Ադրբեջանցիները բարբարոսներ են, մի վայրենի ժողովուրդ, որը երբեք չի կարողանա «նորմալ» դառնալ»: Այսքանից հետո ադրբեջանական կողմն արագորեն պարզել է, որ Ջոնը դեռ մանկուց շփվել է իրենց ընտանիքի մի հայ բարեկամի հետ, որը, ինչպես գրում է կայքը, «ապագա իրավապաշտպանի համար փոխարինել է պատմության գրքերը, հանրագիտարանները, մի խոսքով՝ ցանկացած անաչառ տեղեկություն Ադրբեջանի մասին»: Դալհուսենի հարցն այս կերպ լուծելով, հոդվածագիրը, որը կայքի քաղաքական ամբողջ բաժինն է (միայնակ այսպիսի ահռելի գործ հնարավոր չէ անել), ձեռնամուխ է լինում պատվիրակության մյուս երկու անդամի կենսաբանական ծագումը որոշելուն: Եվ ո՛վ զարմանք, շուտով պարզվում է, որ ծպտված հայեր են երկուսն էլ՝ թե՛ Նատալյա Նոզաձեն, թե՛ Լևան Ասաթիանին:

Սրանք նույնպես հասցրել են ադրբեջանցիների աչքից ընկնել, քանի որ նրանց չեն հետաքրքրում այն «վիթխարի» նվաճումները, որոնք Ադրբեջանը ձեռք է բերել անկախության ավելի քան քսան տարվա ընթացքում, նրանց հետաքրքրում է ադրբեջանցի իրավապաշտպանների վիճակն ու գործունեության հնարավորությունները: Կայքը վրացի գործընկերներին տագնապով հարցրել է, թե Թբիլիսիում որտեղի՞ց են հայտնվել այդքան ադրբեջանատյացներ: «Եթե նրանք հայեր են՝ հասկանալի է, մինչդեռ վրացիներն էլ են սկսել մեզ ուսուցանել, թե ինչպես եվրոպական աստիճանի հասցնենք մարդու իրավունքների վիճակը»,- քրթմնջում է կայքը:

Դրան ի պատասխան վրացիներն, իբր, քմծիծաղ են տվել՝ ակնարկելով, որ վրացական ազգանունները քողարկման միջոց են միայն… Ահա այսպիսի ադրբեջանական հոգեխանգարմունքը միանգամից զինաթափում է մարդուն և զրկում տրամաբանական որևէ փաստարկից… Բայց ադրբեջանական կայքն իր հարցը վերջում տալիս է՝ ի՞նչ իմաստ ունի Բաքու ուղարկել ծպտված երկու հայի և մի եվրոպացու, ում դաստիարակել է ընտանիքի հայ բարեկամը: Պատասխանը նույնպես լիովին «լրտեսական» է՝ կենտրոնն է այդպես կարգադրել: Կայքը մեր հայեցողությանն է թողնում որոշել, թե ինչ կենտրոնի մասին է խոսքը:

Գրառումը` Անի Սանոսյանի ֆեյսբուքյան էջից:

Դիտվել է 959 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy