Home » Real Politik » Բաց նամակ և/ կամ բարեմաղթանք Շուշան Պետրոսյանին

Բաց նամակ և/ կամ բարեմաղթանք Շուշան Պետրոսյանին

Shushan-Petrosyan-Culture.AM_Շատ մայրեր, չբարձրաձայնելով իրենց հայրենասիրության մասին, հպարտանում են սահմանը պահող իրենց տղաներով: Շատերն էլ, ցավոք, ամեն օր լուռ արտասվում են իրենց զավակի նկարի առջև: Ես չեմ ցանկանում ոչ մի հայ զինվորի մահ, և քեզ էլ երեք չեմ ցանկանա լինել որդեկորույս, Շուշան:

Բայց համարյա թե վստահ եմ, Շուշան, որ երբ գա քո որդու` հայրենի բանակում ծառայելու ժամանակը, դու գրավոր կդիմես զինկոմիսարին, որ քո որդին ծառայի (եթե անգամ անվճար հիմունքներով, պետպատվերով սովորելիս լինի ԲՈՒՀ-ում) Արցախում, և ամենաթեժ գծում պաշտպանի մեր երկրի սահմանները: Հույսով եմ՝ դա քեզ կհաջողվի անձնական և կուսակցական կապերի միջոցով, և քեզ չեն մերժի: Վստահ եմ, որ արդեն հիմա պատրաստ ես երդում տալ, որ հենց այդպես էլ կանես, Շուշան Պետրոսյան:

Շուշան, նորից համարյա թե համոզված եմ, որ մտնելով քաղաքականություն և Հանրապետական կուսակցություն՝ դու կրում ես մեծ արժեքներ, չէ՞ որ շրջապատված ես կատարյալ գիտակ համախոհ գործիչներով:

Շուշան, լսելով մեկնաբանությունդ, որ արել ես այն, ինչ ժամանակին չեն արել այդ աղջկա ծնողները, համարյա թե վստահ եմ, որ քո որդուն ճիշտ հայրենասեր ես դաստիարակում, բացթողումներ չունես, բայց չես բամփում (ինչպես կասեր վարչապետը): Աչքեր չես հանի (ինչպես դու ես ասում): Չանեն չես ջարդում(Մհերի ականջը կանչի): Չես թողնի բռնաբարեն (Առաքելի ականջը խուլ): Համոզված եմ, որ օգնում ես «թվեր խփի» (ինչպես նախագահդ): Համոզված եմ, որ որդիդ խելացի է (ինչպես ԿԳ նախարարը), մտածող (ինչպես ԱԺ նախագահը), անվախ (ինչպես քո կոլեգա գեներալները): Համոզված եմ, որ դու սովորեցնում ես նրան հարգել կանանց (ինչպես Սյունիքի մարզպետը), հավատալ (ինչպես Կճոյանն ու կաթողիկոսը), արդար (ինչպես Մուկուչյանը), լինել օրինապահ(ինչպես յուրաքանչյուր ոստիկան կամ ոստիկանապետ), մշակույթ ու արվեստ սիրող (ինչպես Մշակույթի նախարարը):

Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ նպատակներ ունի զավակդ և ինչ երազանքներ նրա հետ կապված ունես դու, բայց ցանկանում եմ, որ նա լինի քո կուսակցական գործընկերների հավաքական կերպարը, այդժամ համոզված եմ՝ դու կլինես աշխարհի ամենաերջանիկ մայրը, իսկ քո որդին՝ ամենադաստիարակվածն ու կայացածը:

Հ. Գ. Հնարավոր է՝ ես բաց թողեցի որոշ գործիչների, որոնք քո կուսակիցներն են և օրինակելի, ինչպես վերը նշված անձինք: Թող որ նրանք էլ հանդիսանան օրինակ և իրենց ազդեցությունն ունենան քո որդու կյանքում:

Գրածիս մեջ վիրավորանք չկա, Շուշան, սա ընդամենը բարեմաղթանք է, ցանկություն քո որդուն, չէ՞ որ երեխաները մեր ապագան են, որն այսօր կերտում եք դու և քո կուսակիցները:

Գարիկ Ալեքսանյանի  ֆեյսբուքյան էջից:

Դիտվել է 520 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy