Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Սերժ-սեյրանՖրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները բաց նամակ են հղել Ս. Սարգսյանին՝ պահանջելով բացատրել՝ ինչու է արգելվել Ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերիչյանի մուտքը Հայաստան:

Նամակը շուրջ երեք ամիս առաջ է ուղարկվել Ս. Սարգսյանին, սակայն քանի որ պատասխան նամակ չեն ստացել ՀՀ նախագահականից, որոշել են հրապարակել այն:

Նամակում ասված է.

«Պարո՛ն նախագահ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների Համակարգող Խորհրդի (Փարիզ) Կառավարող Խորհուրդը զարմանքով տեղեկացավ, որ պր. Շանթ Օզկիրիսյանին՝ Հայկական վերածնունդ շարժման ներկայացուցիչներից մեկին, արգելվել է մուտք գործել Հայաստան: Նա փաստացի ազատազրկվել է անցած մայիսի 21-ին Զվարթնոց օդանավակայան հասնելու պահից և ամբողջ գիշեր օդանավակայանում պահվելուց հետո հաջորդ օրվա առավոտյան առաջին ինքնաթիռով արտաքսվել է Փարիզ: Մեզ թվում է, որ սույն որոշումը, անկախ այս ակտիվիստի և իր անդամակցած ասոցիացիայի գործունեության մասին որևէ կարծիքից (ասոցացիա, որն ինչպես բոլորը գիտեն, ընդդիմանում է օրվա ռեժիմին, բայց ոչ Հայաստանին), պարունակում է բացասական նշաններ առնվազն երկու առումով: Նախ՝ ինչ վերաբերում է սփյուռքին. իր ներգրավվածության պատճառով սույն ակտիվիստին պատժելով՝ իշխանությունները փաստացի սպառնալիք են կախում մեր համայնքների, մեր ասոցիացիաների և մեր թերթերի արտահայտվելու ազատության վրա: Արդյո՞ք սփյուռքն այսուհետև պետք է քաղաքական առումով ինքնագրաքննվի, որպեսզի երկիր մուտք գործելու վտանգի առաջ չկանգնի: Այս որոշումն առավել անհասկանալի է, քանի որ այս անձի գործունեությունը վերաբերվում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը: Մի խնդրի, որը Ձեզ չի կարող օտար լինել: Մեզ թվում է նաև, որ այս նախաձեռնությունը, կրելով կամայական բնույթ, կարող է վնասել Հայաստանի ժողովրդավարական պատկերին, խանգարել պետության և սփյուռքի միջև անհրաժեշտ ամուր կապը` անկախ քաղաքական կողմնորոշումներից եւ, դրանով իսկ վնաս հասցնել անվտանգության խնդիրներին, թեպետ այն կատարվում է նույն այդ անվտանգության անունից:

Հատկապես՝ երբ մեղադրվողն իրավունք ունի պաշտպանվելու միջազգային հասարակության եւ մարմինների առջև: Մի բան, որը նա չի հապաղի անել: Մենք գիտակցում ենք բոլոր այն վտանգները, որոնց դեմը պետք է առնի երկիրը եւ կարող ենք հասկանալ, որ այս համատեքստում որոշ ծառայություններ կամ պատասխանատուներ կարող են ցուցաբերել հապճեպություն կամ չափազանցված զգուշավորություն: Սակայն տվյալ դեպքում մեզ թվում է, որ պարոն Օզկիրիսյանի մուտքը երկիր արգելելով, այդ որոշումը կայացնողներն ի գործ դրեցին մի «բուժում», որն ավելի վատ էր, քան այն «ցավը», որ նրանք մատնանշել են: Մեզ նաև թվում է, որ երկխոսությունն ու հանդուրժողականությունը խորապես նպաստում են պետություն-սփյուռք ամուր կապին, Հայաստանի հասունացմանը և հետևաբար՝ վերջինիս հզորացմանը: Հայցելով Ձեր խոհեմությունը և խորը ըմբռնումը, դիմում ենք Ձեզ՝ Ձեր լիազորությունների շրջանակում այս անարդար որոշումը չեղյալ հայտարարելու խնդրանքով, որը կարող է անտեղի խանգարել Հայաստանի և Սփյուռքի միջև սահուն հարաբերություններին: Ընդունեք, խնդրենք, պարոն նախագահ, մեր հարգանքների հավաստիքը»:

Մուրադ Փափազյան

Արա Թորանյան

Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների Համակարգող Խորհրդի համանախագահներ

Դիտվել է 843 անգամ
 


Այս թեմայով