Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին

imgԵվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ԵՀՄՖ Նախագահությունից ՀՀ ԱԺ նախագահին է հանձնվել բաց նամակ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Աբրահամյան,
Օրեր առաջ Բրյուսելում Հայ դատի գրասենյակի կողմից կազմակերպված համաժողովին ՀՀ վարչակարգի դեմ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի քննադատական ելույթին Դուք արձագանքեցիք, ասելով, որ ճիշտ չէ դրսից քննադատել ՀՀ քաղաքական ղեկավարությանը` առանց մատնանշելու այն երևույթները, որոնք շտկման կարիք ունեն, և որ պատրաստ եք համագործակցության, պատրաստ եք լսել ցանկացած քննադատություն ու առաջարկություն՝ ուղղված ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների վերացմանը:

ԵՀՄՖ ղեկավարությունը, գոհունակությամբ ընդունելով համագործակցության առաջարկությունը, հայտնում է իր պատրաստակամությունը բարձրաձայնելու ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրները, և հետագա բաց նամակներում կներկայացվեն տարիների ընթացքում կուտակված լուրջ խնդիրներ, որոնց շուտափույթ լուծումները գտնվում են ՀՀ Ազգային Ժողովի տիրույթում:

Մինչ Ձեր կողմից կազմակերպվելիք ԱԺ լսումները, ԵՀՄՖ նախագահությունը նպատակահարմար է գտնում, որպես օրակարգային հարցեր ներկայացնել կոռուպցիոն փաստերի այն փաթեթները, որոնք վրդովության մեծ ալիք են բարձրացրել ոչ միայն հայաստանցիների, այլև աշխարհասփյուռ հայության շրջանակներում ու մինչ օրս չեն ստացել լուծում և բավարար պատասխան:

ԵՀՄՖ նախագահությունը սպասում է Ձեր կողմից ներկայացված փաստերի շուրջ բավարար պատասխաններ 30 օրվա ընթացքում, որից հետո պատրաստ ենք ընդունելու Ձեր հրավերը` մասնակցելու մեր բարձրացրած հարցերի շուրջ ԱԺ լսումներին:
Եթե Ձեր պատասխանները լինեն անբավարար, ապա ԵՀՄՖ նախագահությունը իրավունք է վերապահում դիմել եվրոպական տարբեր փորձագիտական-մասնագիտական մարմիններին և նրանցից հայցել ճիշտ իրավաբանական գնահատականներ Հայաստանում տեղի ունեցած աղմկահարույց փաստերի առթիվ:

Հարգելի՛ պարոն Աբրահամյան,
Հայաստանի տնտեսական զարգացումը խոչընդոտող երևույթների ուսումնասիրությունը ԵՀՄՖ տնտեսական հանձնախմբի կողմից բերեցին այն եզրահանգմանը, որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին իրականացրել է ոչ գրագետ քաղաքականություն երկրի տնտեսական վիճակը բարելավելու և բարեփոխելու ուղղությամբ, իսկ ներկա ամոթալի վիճակի գնահատանքը ՀՀ քաղաքացիները տալիս են լքելով սեփական երկիրը` նախընտրելով օտարության մեջ ոչ արժանապատիվ կեցությունը:
Որպես նշվածի ապացույց՝ սույն նամակով Ձեզ ենք ներկայացնում մեծ աղմուկ հանած և անորոշության մատնված կոռուպցիոն փաստեր, որոնց մեղավորները մինչ օրս շարունակում են պաշտոնավարել:

ԵՀՄՖ-ն ունի ներքոհիշյալ հանցագործությունների փաստերի շուրջ բավարար տվյալներ, որը պատրաստ է Ձեր աշխատանքի ընթացքում ներկայացնելու լրացուցիչ փաստարկների տեսքով: Որպես սկիզբ՝ ներկայացնում ենք այն նյութերը, որոնք արդեն արծարծվել են տարբեր հայտարարությունների մեջ և ներկայացվել ՀՀ պատկան մարմիններին ու լրատվամիջոցներին:

1. Նաիրիտ գործարանում պաշտոնատար անձանց կողմից իրականացրած պետական` ժողովրդական ունեցվածքի թալանչիական գործունեություն: Որպես փաստերի սկզբնաղբյուր՝ ներկայացնում ենք հետաքննող լրագրողների բացահայտած նյութերը, որոնք իրենց էությամբ հայտարարություններ են հանցագործության մասին, սակայն կոծկվել են իրավապահների կողմից:

Պաշտոնյաները փոշիացրել են 170 մլն դոլար. իրավապահները լռում են` http://hetq.am/arm/news/24209/pashtonyanery-poshiacrel-en-170-mln-dolar-iravapahnery-lrum-en.html

Նոր սկանդալային բացահայտում «Նաիրիտի» վարկային պատմությունից` http://hetq.am/arm/investigation/23614/nor-skandalayin-bacahaytum-nairiti-varkayin-patmutyunic.html

Փողերի լվացման փորձը ձախողվեց. երկու տարբեր վճիռ «Նաիրիտի» գործով` http://hetq.am/arm/news/21552/

Հարցաքննվում են «Նաիրիտի» աշխատակիցները` http://168.am/2013/03/14/195176.html

2. Վարչապետի կողմից օֆշորային ընկերություն հիմնելու և հայաստանցի գործարարի գույքը գրպանելու գործունեություն:
Որպես փաստերի սկզբնաղբյուր ներկայացնում ենք հետաքննող լրագրողների բացահայտած նյութերը.

Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով http://hetq.am/arm/news/27709/ofshorayin-labirintos-haykakan-scenarov.html

Կիպրոսի գլխավոր դատախազը պնդում է, որ իր երկրում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել`առանց տվյալ անձի թույլտվության  http://www.epress.am/2013/07/01/%D5%AF%D5%AB%D5%BA%D6%80%D5%B8%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B9%D5%A7-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D5%A1%D5%B6%D5%B1%D5%AB-%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8.html
3.Մի խումբ մարդկանց կողմից համաժողովրդական սեփականություն հանդիսացող ընդերքի պաշարների օգտագործում սեփական գրպանները լցնելու համար և այդ մրցավազքում բնապահպանական աղետալի վիճակի սրացում:
Մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ առավել մեծ է ազգային անվտանգությանը սպառնացող բնապահպանական ներկայիս վիճակը ՀՀ-ում, որի շնորհիվ ոչ միայն ծաղկում է ստվերային տնտեսությունը և կոռուպցիան, այլև անխնա կերպով ոչնչացվում է բնությունը` գալիք սերունդներին թողնելով բնակության համար անպիտան տարածքներ, իսկ ներկա բնակիչներին մատնելով արհեստածին հիվանդությունների բուժման թանկ ու անմատչելի իրականությանը:

Հարգելի՛ պարոն Աբրահամյան,
Վերջին տարիներին մեր երկրում ահագնացող չափերի են հասել բնության ավերումը, բնական ռեսուրսների անխնա շահագործումը և տնտեսության ոչ ռացիոնալ զարգացումը: Բնապահպանական խնդիրներն օր օրի ավելանում են, ինչն արդեն հարցականի տակ է դնում մեր պետության և ժողովրդի ապագան: Չկա բնապահպանության որևէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի:

Ստորև անդրադառնանք դրանցից մի քանիսին, որոնք ուղղակի աղետ են դարձել մեր երկրի գլխին և պահանջում են օրենսդրական խստացումներ ՀՀ ԱԺ-ի կողմից:

1.Օդի աղտոտում (Երեւան, Ալավերդի, Քաջարան, Մեղրի, Ախթալա …)
Պատճառներ՝ կանաչ տարածքների վերացում, ՀՀ ներկրվող վառելիքի թունավորության և դրա հետևանք հանդիսացող մեքենաների արտանետումների հանդեպ ձևական վերահսկողություն, գյուղատնտեսության համար ներկրվող պարարտանյութերի ու թունաքիմիկատների բաշխման անհամակարգված վերահսկողություն և այլն:

2. Անտառահատումներ
Ներկայումս երկրի ընդամենը 7%-ն է ծածկված անտառներով, մինչդեռ 1990-ականների սկզբին այս ցուցանիշը մոտ էր 30%-ին: Չնայած Հայաստանը Կովկասյան տարածաշրջանի ընդամենը 6,3% է կազմում` տարածաշրջանի կենսաբազմազանության 60% կենտրոնացված է այստեղ:
Անտառահատումների համատեքստում հարկ է ահազանգել նաև Թեղուտի անտառի գլխին կախված վտանգի և հանքարդյունաբերական ծրագրի մասին:

3. Փոքր ՀԷԿ-երի կառուցում բոլոր հնարավոր և անհնար վայրերում` բնության հաշվին
Այժմ մեր երկրում կառուցվում է մոտ 70 փոքր ՀԷԿ: Միայն Մեղրի գետի վրա կառուցվում է 9 ՀԷԿ , երկուսն արդեն գործում են, երրորդի կառուցումը շուտով կավարտվի: Դրանք իրարից 3-4 կմ հեռավորության վրա են գտնվում, և արդեն հիմա գետի գրեթե ամբողջ ջրերը վերցված են խողովակաշարի մեջ: Երբ 9 ՀԷԿ-ն էլ գործեն, այդ ամբողջ տարածքը ենթարկվելու է անապատացման:
Հայաստանում վերջին տարիներին մասնավոր ընկերությունների տրամադրվել է մի քանի տասնյակ փոքր ՀԷԿ-երի կառուցման թույլտվություններ` չունենալով և չկիրառելով դրանց էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական վնասակար ազդեցութունը գնահատելու մեթոդաբանություն: Այս գործընթացն իրականացվում է ակնհայտ կոռուպցիոն հանգամանքների ուղեկցությամբ և շահարկվում է վերականգնվող էներգետիկ ռազմավարության գաղափարը, ինչն ինքնին կարևոր է, սակայն համայնքներին ու շրջակա միջավայրին պատճառվում է տնտեսական և բնապահպանական վնաս, իսկ մի շարք «բիզնեսմեն» պաշտոնյաներ շահում են:
Ուրախությամբ ցանկանում ենք հիշատակել ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին՝ Փամբակ գետի ձախակողմյան վտակ հանդիսացող Չիչխան գետի վրա գտնվող Թռչկանի ջրվեժը, որի փրկության համար մղվող բնապահպանական քաղաքացիական պայքար-շարժումը պսակվեց հաղթանակով:

4. Սևանա լիճ (լճի աղտոտում, ձկնային պաշարների գրեթե իսպառ ոչնչացում, կենսաբազմազանության խաթարում …)
Սևանը բարձրաստիճան չինովնիկների կողմից դիտվում է միայն որպես եկամտի աղբյուր: Իսկ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումը՝ այլևս անիմաստ է ասելը, թե ինչ վնասներ, ավելի ճիշտ՝ վերջնական կործանում կբերի Սևանին: Ու չնայած հասարակական ահազանգերին, արդեն հանքաքարի մանրացնող-տեսակավորող սարքավորման կառուցման աշխատանքներն ընթանում են հենց Սևանա լճի ջրահավաք ավազանում: Հետևաբար, ինչպես Սոթք համայնքի տարածքը, այնպես էլ Սևանա լիճը, որտեղ թափվում է Սոթք գետը, ծանր մետաղներով աղտոտվելու բարձր ռիսկերի առաջ է կանգնած:
Հայտնաբերված հիմնական աղտոտիչ էլեմենտները՝ քրոմը, նիկելը, կապարը, պղինձը և ցինկը, տարրեր են, որոնք ունեն մուտագեն ու օնկոգեն ազդեցություն, այսինքն՝ ունակ են առաջացնել հրեշածնություն և չարորակ հիվանդություններ: Հիշեցնենք, որ Սոթք գյուղում վերջերս ծնվեց երկգլխանի հորթ: Նման հրեշածնությունների առաջացումը կարող է կապված լինել հենց տարածքների աղտոտվածության հետ, որտեղ տեղի բնակիչներն արածեցնում են իրենց ընտանի կենդանիներին: Ջուրը լվանում է այդ տարրերը և տարածում ավելի հեռու: Վերջնական արդյունքում դրանք հասնում են Սևանա լիճ:
Ջերմուկ քաղաքին հարակից, Սևանա լճի ջրահավաք ավազանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործելու նախագիծը ևս արժանացել է ՀՀ կառավարության դրական փորձաքննական եզրակացությանը ու դա այն դեպքում, երբ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը տվյալ նախագծին տվել է բացասական եզրակացություն, բազմաթիվ այլ մասնագետներ արտահայտել են մտահոգություններ նախագծի աղետաբերության կապակցությամբ, սակայն դա որևէ կերպ ազդեցություն չի ունեցել աղետալի գործընթացը շարունակելու համար:
ՀՀ կառավարության կողմից դրական եզրակացություն է տրվել նաև նատրիումի ցիանիդով ոսկու կորզման լվացման ծրագրին, որը իրականացվելու է Որոտան գետի ափին` Սպանդարյանի ջրամբարից 1,2 կմ հեռավորության վրա: Փաստորեն Սևանի ջրահավաք ավազանում թույլատրվում է շահագործել ոսկու վերամշակման ձեռնարկություն` ինչն ուղղակիորեն և անվերապահ կարգով արգելված է «Սևանա լճի մասին» օրենքով:

5.Հանքարդյունաբերություն (Սոթք, Հրազդան, Աբովյան, Հանքավան, Թեղուտ,Ամուլսար, Քաջարան…)
Թեղուտի խնդրի հակիրճ նկարագրություն

Թեղուտը Լոռվա մարզում է: Այն Հայաստանի ամենալավ պահպանված էկոհամակարգերից մեկն է, 2001թ.-ին Հայաստանի կառավարության օրինական որոշմամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը ստացավ Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքը 25 տարով շահագործելու թույլտվություն: Սա մի ընկերություն է, որի բաժնետերերից մեկը (19.3%) Ռուսաստանի քաղաքացի է, իսկ 80.7% բաժնեմասի տերը գաղտնի է պահվում և գրանցված է օֆշորային գոտում (Լիխտեյնշտեյն): Այս պահին ընկերությունը հատում է Թեղուտի անտառը և պայթեցումներ անում՝ հանքի շահագործման համար:

Հանքարդյունաբերական ծրագրով նախատեսվում է հատել 357 հա անտառ, այլ կերպ ասած` մոտ 650 հատ ֆուտբոլի դաշտ: Այս պահին հատվել է 75 հա անտառ:
Ծրագրի վերջնական իրականացման դեպքում կվերանա 200 բուսատեսակ, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 և երկկենցաղների 4 տեսակ: Այս բուսատեսակներից և կենդանատեսաներից շատերը հազվադեպ հանդիպող են ու գտնվում են ոչնչացման եզրին, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:

Երբ անտառն ամբողջությամբ հատվի, տարածքը կջրազրկվի և կվերածվի անապատի:
Հանքարդյունաբերական թափոնը ծրագրով նախատեսվում է կուտակել Դուքանաձորում: Առաջանալու է 500 մլն հեղուկ թունավոր թափոն և 600 մլն կարծր այլ տեսակի վտնագավոր թափոններ: Մեծ է նաև հսկայական թափոնի ամբարի փլուզման հավանականությունը, որի հետևանքով շրջակա միջավայրի աղտոտվածությունը կտարածվի ողջ տարածաշրջանով:

Համաշխարհային փորձից հայտնի է, որ այդ հեղուկ թափոնը խառնվում է ստորգետնյա ջրերին, տարածվում փոշու միջոցով և արտահոսքերի պատճառով աղտոտում գետերն ու հողը: Ծանր մետաղները ներթափանցելով հողի, ջրի մեջ` այնուհետև մարդու օրգանիզմ, երկարատև ազդեցությամբ առաջացնում են քաղցկեղ, գենային մուտացիա, սիրտ-անոթային և շնչառական հիվանդություններ: Վտանգավոր թափոնների կուտակման համար ընկերությունը պետությանը վճարելու է 0 ՀՀ դրամ:
Ընկերությունը կառավարության հանցավոր որոշմամբ մարդկանցից “գերակա շահի” պատրվակով ստիպողաբար գնեց նրանց հողը` վճարելով 38 ՀՀ դրամով 1քմ հողի համար: Այդ տարածքում բնակվում են Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները` ընդհանուր առմամբ շուրջ 3600 մարդ:

Տնտեսական օգուտ

Անկախ փորձագետների ուսումնասիրություններն ապացուցում են, որ Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրից ստացված եկամուտներից միայն 20 տոկոսն է հարկերի միջոցով անցնելու պետբյուջե, իսկ ազգային հարստության 80 % հոսելու է անհայտ մասնավորի գրպանը:
Թեղուտի էկոհամակարգին հասցվելիք տնտեսական վնասի հաշվարկը կեղծված է: Անկախ փորձագետների ուսումնասիրություններն ապացուցում են, որ պետության համար տնտեսական առումով հասցվելիք վնասը շատ ավելի մեծ է, քան հանքարդյունաբերական ծրագրից ստացված տնտեսական օգուտը: Այս փաստը թաքցնելու համար կեղծվել, կոծկվել, թերի և սխալներով են ներկայացվել բազմաթիվ փաստեր ու տվյալներ:
Հանքարդյունաբերական գաղութների վերածված պետությունների փորձից հայտնի է, որ այդ երկրները չեն ունեցել տնտեսական աճ, բնակչությունն ավելի լավ չի ապրել, հարստությունը լցվել է կոռումպացված պաշտոնյաների և մասնավոր բիզնեսի գրպանը: Երկրները վերածվել են զարգացած պետությունների հանքահումքային կցորդների, որոնց բնակչությունը մնացել է կոտրած տաշտակի առջև` կորցնելով թե՛ բնական ռեսուրսները, թե՛ շրջակա առողջ միջավայրը:
Ներկայումս բնապահպանական ոլորտում ինչ որ կատարվում է Հայաստանում ոչ թե երկրի ունեցվածքի արդյունավետ օգտագործում է, այլ երկրի ունեցվածքի թալան և արտագաղթի խթանման միջոց:
6.Պոչամբարներ՝ կանխատեսելի աղետներ Ախթալա, Ճոճկան, Արծվանիկ, Թեղուտ

Քանի որ պոչամբարը բնապահպանական կառույց է, որտեղ հավաքվում են հանքարդյունաբերության ջրերը, հետևաբար դրանք տեղադրվում են գետերի մոտ ու անարգել ներթափանցում ստորջրյա և վերգետնյա ջրերի հոսքի մեջ:
Մասնավորապես Ախթալայում դա վերածվել է բնապահպանական աղետի:
Ախթալայում՝ եկեղեցու մոտ գտնվող պոչամբարի թունավոր ջրերը անընդհատ ուղղակիորեն լցվում են Ախթալա գետը, որն էլ հոսում է Դեբեդ, իսկ դա հակաբնական և հակաբանական գործունեություն է:
ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային Ժողովի տիրույթում է գտնվում այն խայտառակ փաստի պատասխանատուներին պատժելը, որը արձանագրել են բնապահպանական հասարակական խմբերը.
-բացահայտումից ակնհայտ է, որ ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի ընթացիկ հաշվետվության համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացվող թափոնների մասին տարեկան հաշվետվություններում թափոնները ներկայացվել են կա՛մ որպես ոչ վտանգավոր, կա՛մ ընդհանրապես պոչամբարների պարունակությունը որպես թափոն չի դիտարկվել: Արդյունքում, թափոններ արտադրող ընկերությունների կողմից դրանց դիմաց որևէ բնապահպանական վճար չի արվել:

Վտանգավոր թափոններ առաջացնող կազմակերպությունների 79 % վտանգավոր թափոնների անձնագրեր չեն կազմել: Դրանք օֆշորային ընկերություններ են, որոնք անխնա թալանում են մեր բնական պաշարները:

Հարգելի՛ պարոն Հովիկ Աբրահամյան

Վերը նշվածից հետևում է, որ խիստ անհրաժեշտ է Վերահսկիչ պալատի գործունեության հանդեպ իրականացնել վերահսկողություն, որպեսզի կասեցվի ժողովրդական ունեցվածքի թալանը, թալանված գումարները օֆշորներից վերադարձվի պետբյուջե, իսկ մեղավորներն էլ ստանան արժանին:

Կանխավ շնորհակալությամբ և հետագա համագործակցության պատրաստակամության ակնկալիքով`

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահություն

 


Այս թեմայով