Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

61377094-D59F-4436-892B-99677B5ABF1F_mw1024_s_nՀայաստանում կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների և ԱՄՆ­-ի ֆինանսական օժանդակության վերաբերյալ Հարգարժան պրն. դեսպան՝ Մենք՝ որպես ամերիկահայեր ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացումն օժանդակելու համար:Շնորհակալություն ենք հայտնում նաև Ձեզ՝ անձնական նախաձեռնություն ցուցաբերելու համար Հայաստանին մտահոգող այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսիք են ազատ և արդար ընտրությունները, տնտեսական մրցակցությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը և կոռուպցիայի դեմ պայքարը: Սակայն միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ չնայած տարիների ընթացքում ԱՄՆ­ի և արտաքին այլ աղբյուրների կողմից տրամդրված զգալի օժանդակությանը, Հայաստանի ներկայիս և նախկին իշխանությունները լուրջ ջանքեր չեն գործադրել ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման համար: Անշուշտ, մենք անվերապահորեն խրախուսում ենք շարունակել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին: Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ­Հայաստան հարաբերություններում ի հայտ եկած որոշ խնդիրներ, պատրաստակամություն ենք հայտնում օգնել բարելավել այդ հարաբերությունները և այդ նպատակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք կարևոր դիտարկումներ: Ինչպես քաջատեղյակ եք, այսօր Հայաստանում տիրող խորը կոռուպցիան վհատեցնում է երկիրը.

● Լայնածավալ և համակարգային ընտրակեղծիքների պատճառով Հայաստանի քաղաքացիները փաստացիորեն զրկված են իրենց ղեկավարներին ընտրելու իրավունքից, որի արդյունքում Հայաստանը ղեկավարվում է չընտրված անձանց կողմից: Ավելին, Հայաստանի պատմության մեջ արձանագրված ամենախարդախ քվեարկություններից մեկը՝ 2015 թ. սահմանադրական հանրաքվեն շատերի կողմից համարվում է Սերժ Սարգսյանի շարունակական իշխանությունն ապահովելու միջոցառում:

● Հայաստանի դատական համակարգի կոռուպցիան հայտնի է բոլորին,որի ապացույցն են հանդիսանում Եվրոպայի Մարդու Իրավունքների Դատարանում կայացված տասնյակ դատավճիռներն ընդդեմ Հայատանի: Այդ մասին նշվում է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի «Հայաստան 2014 թ, մարդու իրավունքների զեկույց»­ում

● Քաղաքական ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը գտնվում են հետապնդումների և բանտարկությունների սպառնալիքի տակ, իսկ քաղբանտարկյալների թիվը գնալով աճում է: Բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են ԱՄՆ­ի և այլ արևմտյան նվիրատուների կողմից ֆինանսական միջոցներ տրամադրվել Հայաստանի իշխանություններին՝ դրա փոխարեն ստանալով բարեփոխումների խոստումներ: Որպես կանոն այդ խոստումները չեն իրականացել, բայց դա իշխանությունների համար որևէ բացասական հետևանքներ չի ունեցել: Արևմուտքի շարունակական ֆինանսական օգնութնյունը և ՀՀ իշխանությունների շարունակական ձախողումները հանգեցրել են ոչ միայն Հայաստանի քաղաքացիների իրենց իշխանությունների նկատմամբ ունեցած խորը հիասթափությանը, այլ նաև նրանց օտարել են արևմտյան ժողովրդավարական արժեքներից:Հայաստանի քաղաքացիների համար տպավորություն է ստեղծվում, որ արևմտյան տերությունների և Հայաստանի ռեժիմի նման համագործակցությունից նրանք միայն կարող են տուժել: Մենք գտնում ենք, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսական օգնություն տրամադրելու ցանկացած պարագայում պետք է ավելի խիստ պայմաններ դնի Հայաստանի իշխանությունների առջև՝ նրանցից պահանջելով պատասխանատվություն, թափանցիկություն և շոշափելի արդյունքներ:ԱՄՆ հարկատուները, որոնց մեջ են մտնում նաև շուրջ մեկ միլիոն հայեր, վրդովված կլինեին, եթե իմանային, որ իրենց հարկերից գոյացած պետական միջոցները անխելամտորեն տրվում են հայաստանյան կոռումպացված պաշտոնյաների: Վերջերս հակակոռուպցիոն նպատակներով Հայաստանի կառավարությանը տրամադրված 800 հազար դոլարը ակնառու օրինակ է, որտեղ ԱՄՆ հարկատուների դրամը կոռուպցիոն ռիսկի տակ է հայտնվել: Այստեղ մենք խորապես մտահոգված ենք հատկապես այն բանի համար, որ դրամաշնորհը տրամադրվել է Հովիկ Աբրահամյանին, ով հայտնի է որպես Հայաստանի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը: Հատկանշական է, որ Հովիկ Աբրահամյանը ԱՄՆ դեսպանատան զեկույցներում հիշատակվում է որպես «բռի նորահարուստ, որի քաղաքական գործունեությունը կապված է կեղտոտ փողերի հետ, ով չարաշահում է ադմինիստրատիվ ռեսուրսները և հայտնի է իր նենգամիտ պատեհապաշտությամբ՝ այսպիսով հանդիսանալով հայաստանյան քաղաքական մշակույթի վատթարագույն տեսակ»: Մենք` որպես մտահոգված սփյուռքահայեր և միաժամանակ ԱՄՆ­ի հարկատուներ, ԱՄՆ պետդեպարտամենտից պահանջում ենք չափազանց ուշադիր լինել Հայաստանի կոռումպացված պաշտոնյաներին Ամերիկայի հարկատուների դրամը տրամադրելիս: Մենք հավատացած ենք, որ ֆինանսական օգնություն պետք է տրվի ոչ թե իշխող ռեժիմին, այլ Հայաստանի ժողովրդին: Մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ԱՄՆ օգնությունը ուղղված լինի քաղաքացիական հասարակության զարցացմանը, ոչ կառավարական հակակոռուպցիոն կազմակերպությունների ստեղծմանը և հուսալքված քաղաքացիներին օժանդակելուն: Ամփոփելով մեր ուղերձը՝ ուզում ենք հատկապես նախազգուշացնել, որ վերջին շրջանում քաղաքական անհանդուրժողականության աճի պատճառով Հայաստանը դեպի բռնապետություն տանելու վտանգավոր միտում է նկատվում: ԱՄՆ վարչակազմին հորդորում ենք ավելի մեծ ճնչում գործադրել իշխող ռեժիմին և պահանջել, որպեսզի անմիջապես դադարեցնեն քաղաքական հետապնդումները, ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին և հետևողականորեն քննեն սահմանադրական հանրաքվեի անցկացումը և արդյունքները:

Հարգանքներով՝ Հայկական Վերածնունդ ­

Նյու Յորքի մասնաճյուղ

Հայկական Վերածնունդ ­

Լոս Անջելեսի մասնաճյուղ

Նյու Յորք

 


Այս թեմայով