Բացառում ենք բռնությանը բռնությամբ պատասխանելու գործողությունները

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է.

««Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները՝ ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լայն աջակցությունը, օրեր շարունակ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի գործողություններ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Նախաձեռնության հեղինակների համար բռնության մերժումը սկզբունք է և բազմիցս հայտարարվել է, որ բացառում ենք նաև բռնությանը բռնությամբ պատասխանելու գործողությունները։

ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունները այն մասին, թե հավաքի կազմակերպիչները իրենց սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների, չի համապատասխանում իրականությանը:

Շարժման կազմակերպիչները և մասնակիցները չեն կիրառում բռնություն և երբեք չեն կիրառելու, իսկ բոլոր այն անձինք, ովքեր հրահրում են նման գործողությունները կամ բռնություն են կիրառում որևէ մեկի նկատմամբ, չեն հանդիսանում ակցիայի մասնակիցներ:
Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից և հավաքի կազմակերպիչների հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց, ապահովել խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների անվտանգությունը և հետևողական լինել իրական սադրիչների և բռնություն կիրառող անձանց ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով նրանց պատժելու համար»։

 


Այս թեմայով