Բացառիկ հարցազրույց. Ռոբերտ Քոչարյանը ՀՀԿ-ն համեմատել է Կոմկուսի հետ

5mbNYvLRjmJbYXmPfwQQfKRR97Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle, DW)  հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցը հայերեն թարգմանությունը: Հարցազրույցը վարում է DW–ի ռուսական ծառայության լրագրող, երևանյան սեփական թղթակից Աշոտ Գազազյանը:

DW – Պարոն նախագահ, թույլ տվեք մեծ շնորհակալություն հայտնել Ձեզ մեր ամբողջ մեդիաընկերության՝ Դոյչե Վելլեի անունից՝ հարցազրույցի առաջարկն ընդունելու համար: Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա հանրաքվե, որում ընդգրկված են երկրի՝ խորհրդարանական հանրապետության անցնելու և վարչապետի լիազորությունների ընդլայնման հարցերը: Հոկտեմբերին խորհրդարանի ընդունած այդ նախագիծը դուք անվանել եք «սարսափելի սխալ»: Ինչի՞ց է բխում այդ կտրուկ գնահատականը:

– Ես շարունակում եմ դա շատ լուրջ սխալ համարել: Եվ հարցն այն չէ՝ խորհրդարանական Հանրապետությո՞ւնն է լավ, թե՞ կիսանախագահականը: Այստեղ ես ամբողջապես հստակ կարծիք ունեմ, որ Հայաստանը՝ որպես կիսանախագահական Հանրապետություն, առավել ֆունկցիոնալ է: Բայց ներկայումս խոսքը նույնիսկ այդ մասին չէ: Խոսքն այն մասին է, որ ստեղծվում է մի Սահմանադրություն, որով սահմանադրորեն երաշխավորվում է որևէ մեկ կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը: Դա մի բան է, որ չունի կիրառման փորձ, գոնե՝ զարգացած ժողովրդավարությամբ երկրներում: Եվ ես կարծում եմ, որ այստեղ թաքնված շատ մեծ ռիսկեր կան: Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր «ղեկավարող, առաջնորդող» ուժի ստեղծման փորձ է արվում: Ինչի՞ դա կհանգեցնի: Մեր սեփական փորձը դա բավականին լավ ցույց է տվել:

DW – Նկատի ունեք այնպիսի մեկ կուսակցության, ինչպիսին որ կար Սովետական ժամանակաշրջանո՞ւմ: Կոմկո՞ւսը:

– Այո, իհարկե: Ըստ էության, սահմանադրորեն ամրագրվում է, որ ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն անպայման պիտի լինի պառլամենտական մեծամասնություն, ու այդպիսով ընդհանրապես իմաստազրկվում է պառլամենտարիզմի էությունը: Խորհրդարանական հանրապետության առավելությունը հենց այն է, որ խորհրդարանում կարող են ներկայացված լինել բազմաթիվ կուսակցություններ, նրանք հարկադրված են պայմանավորվել, հարկադրված են օգտվելով որոշակի քաղաքական մշակույթից՝ գտնելու առավել հրատապ խնդիրների ինչ-որ փոխզիջումային լուծումներ: Հիմա սահմանադրական փոփոխությունների դրդապատճառն ու բացատրությունն այնպիսին են, որ իբր նախագահական իշխանությունը կենտրոնացված է և պետք է այն ապակենտրոնացնել: Բայց սա ոչ թե բացարձակապես ապակենտրոնացում չէ, այլ կենտրոնացում է մեկ կուսակցության շրջանակում: Այսինքն ժողովրդավարության աստիճանը դրանով չի բարձրանա, իշխանությունն ավելի արդյունավետ չի դառնա…ուղղակի համոզված եմ: Փոխարենը նոր խթան կլինի հովանավորչության  զարգացման համար, ինչպես նաև՝ նոր հիմք ֆեոդալական մտածելակերպի համար, որը, ցավոք, դեռ արմատախիլ արված չէ մեզանում:

DW – Այսինքն, այն ամենը, ինչին հասել է մեր երկիրը ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, մամուլի ազատության մասով /այդ ամենը կա և դա փաստ է/, հիմա շատ լուրջ վտանգի՞ է ենթարկվում:


Վստահ եմ, որ այո: Եվ գիտե՞ք, ես չկարողացա գտնել գեթ մեկ լուրջ պատճառ, ըստ որի այսօրվա Սահմանադրությունը ի զորու չէ դիմակայել առկա մարտահրավերներին և այդպիսով փոփոխություններն անհրաժեշտ են: Ի՞նչն է խանգարում իշխանություններին՝ արդյունավետ կերպով իրագործել ցանկացած քաղաքականություն, որն ուղղված կլինի և ժողովրդավարության խորացմանը, և տնտեսության զարգացմանը և այլն, և այլն:

DW – Հիմնվելով գործող Սահմանադրության վրա՞:

– Այո: Չեմ գտել նաև որևէ համոզիչ փաստարկ առ այն, թե գործող Սահմանադրությունը ֆունկցիոնալ չէ, չի աշխատում և փոփոխման կարիք ունի: Վերջ ի վերջո, ե՞րբ է հարկավոր գնալ փոփոխությունների: Այն ժամանակ, երբ  ինչ-որ բան չի աշխատում, այսպես ասած՝ ժամկետնանց է, չի համապատասխանում արդի իրողություններին և այլն:

DW. – Եթե դեմ չեք՝ անդրադառնանք ղարաբաղյան հակամարտությանը: Այս աշունը մռայլվեց Ադրբեջանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում իրադրության սրումով: Եթե նախկինում խոսք էր գնում «դիպուկահարների պատերազմի» մասին, ապա այժմ մարդիկ զոհվեցին առավել ծանր զինատեսակների կիրառումից: Արդյո՞ք այդ սրացումը հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵՀԱԿ Մինսկի խմբի թուլության արտահայտություն է:

– Ի՞նչ կապ ունեն այստեղ միջնորդները, եթե հակամարտության կողմերը կամ կողմերից մեկը բավարար չափով չի գիտակցում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:

DW – Դուք արդեն պատասխանեցիք իմ հարցին: Այսինքն կողմերից մեկը, չարժանանալով միջնորդների քննադատությանը, շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը:

– Տեսեք, միջնորդներն իրականացնում են իրենց միջնորդական առաքելությունն իրենց համար սահմանված մանդատի շրջանակներում: Իսկ այդ մանդատը չի ենթադրում, որ նրանք կարող են խաղաղություն պարտադրել: Նրանք այդպիսի գործիքներ չունեն: Միջնորդները ստեղծում են ինչ-որ պլատֆորմ՝ հակամարտող կողմերի միջև շփման համար, փորձում են մշակել ինչ-ինչ առաջարկներ, որոնք, իրենց կարծիքով, կարող են լինել երկկողմանի ընդունելի: Շփման գծում մշտական դիտարկում չկա, և միջնորդները շատ զգույշ են իրենց գնահատականներում: Նրանք չեն ցանկանում գնահատողի դեր ստանձնել, թե ով է մեղավոր, իսկ ով՝ ոչ, ով առաջինը կրակեց, ով՝ պատասխանեց: Հակառակ պարագայում նրանք վտանգում են կորցնել հակամարտության կողմերի հետ ձեռք բերված հարաբերությունները: Եվ պետք չէ սպասումներ ունենալ, թե միջնորդները նման գործողություններ կիրականացնեն: Չի լինելու նման բան: Բայց ուշադրություն դարձրեք միջնորդների ձևաչափին՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա, որի թիկունքին կանգնած է Եվրամիությունը: Կարելի՞ էր միջնորդական առավել պատկառելի ձևաչափ մտածել: Դժվար թե: Այնպես որ խնդիրը հակամարտության կողմերի ակնկալիքների և մոտիվացիայի մեջ է: Ի՞նչ են նրանք ակնկալում կրակի դադարեցումից և ի՞նչ՝ հակամարտության կարգավորումից առհասարակ: Բավական է միայն նայել վերջին երկու-երեք տարվա ընթացքում Ադրբեջանի պաշտոնական անձանց արած հայտարարությունները, և դրանցում կհնչեն պատասխաններն այն հարցերի, թե ինչու են այսօր կրակում շփման գծում, թե ինչու իրականում չկա կրակի դադարեցում և թե ինչու են օգտագործվող զինատեսակների տրամաչափերն աճում:

DW. -Ինչպե՞ս է միջնորդների աշխատանքի վրա ազդում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հակասությունը, որն առանձնապես սուր է զգացվում Սիրիային և Ուկրաինային վերաբերող հարցերում:

– Կարելի է ենթադրել, որ համագործակցության էնտուզիազմը կնվազի, բայց Ռուսաստանն ու Արևմուտքը շարունակում են համագործակցել մի շարք այլ ուղղություններով, և ես լիահույս եմ, ու ինձ թվում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն այդ ուղղություններից մեկն է: Կրկնվեմ՝  էնտուզիազմը նվազել է, բայց ինչպես այսօր երևում է, ու ես տեսնում եմ, որ համագործակցությունն այստեղ շարունակվում է:

DW. – Ո՞վ կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ կոնֆլիկտի հանգուցալուծման գործընթացի վրա: Ո՞րտեղ է դրված խնդրի խաղաղ կարգավորման բանալին՝ Մոսկվայու՞մ, Վաշինգտոնու՞մ:

– Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում:

DW. – Խաղաղ կարգավորման գործում ի՞նչ դերակատարում ունեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Անցյալ տարի նրանք երեք անգամ հանդիպեցին: Այս տարի՝ դեռևս այդպիսի հանդիպումը համաձայնեցնելու գործընթաց է գնում…

– Կարո՞ղ եք բերել կոնֆլիկտի կարգավորման թեկուզ մեկ օրինակ, որտեղ առաջին դեմքերը չեն հանդիպում: Կարծում եմ՝ ոչ մի հաջողված օրինակ չկա: Դրանք երբեմն գաղտնի բանակցություններ են ինչ-որ երկրի հովանավորությամբ, երբեմն էլ՝ տարբեր ֆորմատների բաց բանակցություններ միջնորդների հետ միասին, բայց դա անխուսափելի գործընթաց է: Եթե դա այսօր արդյունքներ չի տալիս՝ չի նշանակում, որ չպիտի լինի կամ՝ անիմաստ է: Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները չեն ուղեկցվում շփման գոտում լարվածության թուլացմամբ: Բայց կարծես թե դա պետք է որ տեղի ունենար:

DW – Առաջին հերթին այդ նպատակին պետք է ուղղված լինեն այդ հանդիպումները, այդպես չէ՞:

– Կարծում եմ՝ երբ կողմերը մտածում են՝ թե սա /նախագահների հանդիպումները, – խմբ./ խնդրի լիարժեք կարգավորման ճանապարհ չէ, այլ ուղղակի ինչ-որ ֆոն է ծառայելու, որպեսզի քիչ կրակեն, ապա հաստատ ավելի շատ են կրակելու:

DW – Ի՞նչ եք կարծում, ՀՀ ՊՆ հայտարարություններն այն մասին, թե ադրբեջանցիների գործողությունները համարժեք պատասխանների են արժանանում, իրագործվո՞ւմ են, թե՞ ոչ: Մենք շատ քիչ տեղեկատվություն ունենք այդ մասով:

– Վստահորեն ասում եմ. եթե պատասխան գործողությունների մասին հայկական կողմի հայտարարություներն ընդամենը խոսքեր մնան՝ սահմանին հաստատ ավելի շատ կկրակեն: Մի իրավիճակ է, որում կրակի իրական դադարեցումը կարող է պահպանվել կողմերի այն զգացողությամբ, որ կա ինչ-որ համաչափություն, կա ինչ-որ հավասարակշռություն և մեծամասշտաբ պատերազմը ռիսկային է: Հենց որ կողմերից մեկը որոշակի անպատժելիություն զգա և ուժային լուծման հնարավորություն տեսնի, ապա վստահեցնում եմ Ձեզ՝ նման լուծման կիրառման առիթը կգտնվի: Այսօր ակներև է, որ ադրբեջանական կողմի մոտ կան նման նկրտումներ: Ու հենց դա է այն շարժառիթը, որ մղում է ադրբեջանցի զինվորականներին անընդհատ խախտել հրադադարի ռեժիմը:

DW. – Կուզենայի անդրադառնալ ԵԱՏՄ-ի թեմային: Տարվա սկզբից Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ-ին և ակտիվորեն մասնակցում է ինտեգրացիոն գործընթացներին: Կարելի՞ է արդյոք ասել, թե Հայաստանի սպասումները ԵԱՏՄ մուտքի հետ կապված արդարացան:

– Իսկ Դուք հիշո՞ւմ եք, թե ո՞րն էր անդամակցության բացատրված շարժառիթը: Հիշո՞ւմ եք: Եվ ինչպե՞ս է ըստ Ձեզ՝ արդարացե՞լ են սպասումները:

DW – Կարծում եմ՝ ոչ, բացարձակապես:

– Ահա, Դուք պատասխանեցիք Ձեր հարցին: Հայտարարված նպատակն ու մղումը հետևյալն էին. մենք մտնում ենք մի մեծ մաքսային տարածք, որը հայկական բիզնեսի և արտահանողների համար մեծ հնարավորություններ է բացելու: Անցել է շուրջ մեկ տարի, բայց արտահանումը չմեծացավ, հակառակը՝ փոքրացավ: Փոքրացավ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ: Տեղի ունեցան իրադարձություններ, որոնք արմատապես փոխեցին իրավիճակը: Դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը մեծացրեց ռուսական արտադրողների մրցունակությունը ու շրջադարձ տեղի ունեցավ մի շարք ապրանքատեսակների հետ կապված: Եվ այդ ամենը տարավ գործընթացը հայկական իշխանությունների սպասելիքների հակառակ ուղղությամբ: Դրան գումարվեցին պատժամիջոցները, ռուսական իշխանությունների ակտիվ ջանքերը ներմուծման փոխարինման ուղղությամբ /հիմնականում դա առնչվում է գյուղատնտեսության ոլորտին, ուր ներմուծման փոխարինումը զգալի հաջողություններ է գրանցում/ և այլն: Թե ինչի կհանգեցնի այդ ամենը ապագայում՝ կարելի է ենթադրել: Այդ պատճառով էլ հայկական բիզնեսին խոստացված տոնը չկայացավ: Բայց, միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ սա չափազանց կարճ ժամանակահատված է վերջնական գնահատականներ տալու համար: Ազդանշաններն այնպիսին են, որ մեր իշխանություններին պետք է չափազանց ակտիվ և ստեղծարար մոտեցում ցուցաբերել այս իրավիճակին և հասկանալ, որ լավ կյանք մեզ որևէ մեկը հենց այնպես չի նվիրելու: Ոչ Մաքսային Միությունը, ոչ ԵՄ-ն, ոչ էլ Ասոցացման որևէ համաձայնագիր: Պետք է ջանասիրաբար աշխատել ու ստեղծարար մոտեցում ցուցաբերել:

DW – Առաջին հերթին՝ այստեղ:

– Անկասկած, առաջին հերթին՝ այստեղ: Այսինքն ուր էլ որ անդամակցես՝ քո կառավարումը պետք է էֆֆեկտիվ լինի, պետք է էֆֆեկտիվ լինեն քո բիզնեսմենների համար գործ անելու պայմանները, դու պետք է խրախուսես սեփական տնտեսության արտահանման բաղկացուցիչը: Միություններին պարզապես անդամակցելով՝ հարցերը չեն լուծվի: Իրավիճակը փոխվում է, ու այդ նոր իրավիճակում պարզվում է, որ հետամնաց ես: Այսօր պետք է հենց այս իրավիճակում առավել ակտիվ ու ստեղծարար կերպով աշխատել, ճանապարհներ ու ելքեր փնտրել, պայմաններ ստեղծել հայկական բիզնեսի համար: Սխալ էր տեղի ունեցածը, թե ոչ՝ միևնույնն է, պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի մեր բիզնեսը հնարավորություն ստանա գտնել սեփական տեղը մեծ տնտեսական տարածության մեջ:

DW. – Մենք խոսեցինք այն միության մասին, ուր մտել ենք: Հիմա խոսենք մյուսի մասին, ուր չմտանք: Ինչպիսի՞ն եք տեսնում Հայստանի և Եվրամիության հարաբերությունների զարգացումը: Ի՞նչ չափով է ազդել դրանց վրա Երևանի ընտրությունը հօգուտ ԵԱՏՄ-ի:

– Միանգամից մի վերապահություն անեմ. ես չեմ եղել ասոցիացման համաձայնագրի ստորագրման կողմնակից այն տեսքով, որով դա ենթադրվում էր: Ոչ այն պատճառով, որ համաձայնագիրը լավն էր կամ վատն էր, այլ այն պատճառով, որ դրա որոշ դրույթները, այսպես ասենք, աշխարհաքաղաքական տեսնակյունից զգայուն էին մեր մյուս գործընկերների համար: Ես հասկանում էի, որ պետք է հաշվի նստել այդ հանգամանքի հետ: Առավել ևս, որ այդ աշխարհաքաղաքական զգայունթյունը կբազմապատկվեր, քանի որ Հայաստանը այդ գործընթացի մեջ մտավ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ, որոնց համար գոյություն ուներ բացարձակ ակներև և հայտարարված նախընտրելի արտաքին քաղաքական ընտրություն /անդամակցությունը ԵՄ-ին/: Իհարկե, չարժեր այն ժամանակ այնքան խորացնել գործընթացը, որպեսզի հետո հայտնվեինք այլ տեղում: Փչացրե՞ց արդյոք այս ամենը Հայաստանի հարաբերությունները ԵՄ հետ: Ես կարծում եմ՝ հարաբերությունների ինչ-որ մի ծավալ մենք, միևնույնն է՝ ունենալու ենք: Կրճատված, ոչ լիարժեք: Սակայն մենք դեռ երկար ենք զգալու այն վնասը, որ հասցվել է Հայաստանի հեղինակությանը մեկ օրում կատարված՝ եվրոպացիների և հայ հասարակության համար բոլորովին անսպասելի կտրուկ շրջադարձի արդյունքում:

DW – Դուք իրո՞ք համարում եք, որ այդ շրջադարձն անսպասելի էր:

– Դե, եթե դրանից մեկ շաբաթ առաջ Հայաստանի վարչապետը բոլորովին հակառակ մոտեցումներով հարցազրույց է տալիս, ուրեմն՝ վարչապետը տեղյակ չէր, որեմն Կառավարությունը չգիտեր: Հասարակությունը… Ինձ համար դա բոլորովին անսպասելի մի բան էր: Թերևս, ես այն մարդը չեմ, որ զրկված է տեղեկատվության աղբյուրներից, վերջ ի վերջո 10 տարի Հայաստանի Հանրապետության նախագահն եմ եղել: Այսինքն, դա իրոք անսպասելի անցում էր, որը մտահոգեց շատերին: Ինձ մտահոգեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանը հետայսու կարող է ընկալվել որպես մի երկիր, ուր հնարավոր է մեկ ժամում ամեն ինչ փոխել: Կրկնվեմ. ես ասոցիացման համաձայնագրի ստորագրման կողմնակից չեմ եղել, քանի որ հասկանում էի առանձին դրույթների զգայունությունը:

DW – Այլ կերպ ասած՝ այդ ամենն անլուրջ էր երևում:

– Ցավոք, դա մի որոշակի բանաձևի վերածվեց, թե ահա տեսեք՝ ճնշեցին և կոտրեցին: Թեև, գուցե դա այնքան էլ այդպես չէ: Չէի ուզենա գնահատել:

DW – Բայց գուցե այդպե՞ս է:

– Չէի ուզենա գնահատել: Չեի ուզենա այնպսիսի գնահատական տալ, որ հիմնված կլիներ ասեկոսեների կամ ենթադրությունների վրա: Բայց հանրության շրջանում հենց այդպիսի նստվածք է մնացել: Ինչպես և եվրոապցիների մոտ: Հնարավոր է, որ հայկական քաղաքական էլիատային ձեռնտու է հենց այդպիսի տպավորության ձևավորումը. թե «իսկ ի՞նչ կարող էինք անել, ի՞նչ ելք ունէինք» և այլն, և այլն: Բայց ո՞րն է իրականությունը՝ ես չգիտեմ:

DW – Կուզենայի մի քիչ խոսենք Թուրքիայի` մեր հարևանի մասին, որի հետ մենք չունենք ոչ մի հարաբերություն: Ցեղասպանության 100-ամյակը, Պուտինի այցը Երևան, Ֆրանսիայի նախագահի այցը, այստեղ ժամանեցին մարդիկ, ամեն ինչ բավականին ծավալուն և ընդգրկուն էր կազմակերպած, աշխարհի բոլոր զանգվածային լրատվամիջոցները ինչ-որ պահի աշխատում էին այդ թեմայով: Ինչպե՞ս եք Դուք կարծում, ի՞նչ հեռանկարներ ունեն Հայաստանը և Թուրքիան երկկողմանի հարաբերություննրի կտրվածքով, շփումների վերականգնման, վերջապես այդ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով: Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում այդ գործընթացը: Առավել ևս, որ այստեղ նույնպես առանց Ռուսաստանի անհնար է, իսկ ռուս-թուրքական հարաբերություններն իրենց հերթին սրված են հիմա:

– Ո՞ր գործընթացի մասին եք հարցնում: Դուք սկսեցիք Ձեր հարցը նրանից, որ ոչ մի հարաբերություն չկա:

DW – Այո, ոչ մի հարաբերություն չկա:

– Դրա փոխարեն կա հայ-թուրքական արձանագրությունը, որ մինչև հիմա հետ կանչված չէ և ստորագրությունը տեղում է: Ես չեմ կարծում, որ տեսանելի ապագայում կա այդ հարաբերությունների կարգավորման որևէ հնարավորություն: Նախ և առաջ, մենք գիտենք ինչպիսին է նախագահ Էրդողանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում. Հայաստանի հետ հարաբերությունները նրա համար անմիջականորեն կապված են ԼՂ կարգավորման խնդրի հետ, իսկ նա այդ կարգավորումը տեսնում է բացարձակ հասկանալի ձևով` այնպես, ինչպես դա տենսում է Ադրբեջանի նախագահը: Այսօր նախագահ Էրդողանը կոնսոլիդացնում է իր իշխանությունը: Անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ նա բավականին համառ է և հետևողական իր որոշումներում և նկրտումներում: Քաղաքական վերլուծաբանները միահամուռ գտնում են, որ Թուրքիան կայուն կերպով գնում է դեպի ավտորիտարիզմ: Այսինքն, այս իրավիճակում որտեղի՞ց պետք է հույս առաջանա, թե Թուրքիայում ինչ-որ բան կփոխվի Հայաստանի նկատմամբ: Գիտ՞եք, եթե մենք պատրաստ ենք պարզապես սնվել ինչ-որ անիրականանալի սպասումներով, ինչ ասեմ,՝ սնվեք, եթե դա ձեզ դուր է գալիս, եթե հասարակությանը դուր է գալիս, եթե էլիտային դա դուր է գալիս: Ես հեռու եմ նմանատիպ, ըստ իս, իռացիոնալ վերաբերմունքից այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում:

DW – Պարզապես, Հայաստանի բախտը այնքան էլ չի բերել այն հարցում,  որ մենք շատ քիչ հարևաններ ունենք, ընդամենը չորսը` Վրաստանը, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը, և նրանցից երկուսի հետ գործնականում մարդկային շփում չկա, այլ հակառակը՝ կա գրեթե ռազմական դրություն: Այս իմաստով, ի՞նչ պիտի անի Հայստանը մնացած երկու հարևանների հետ, ինչպե՞ս կարող է իր գլխից բարձր թռչել, որպիսի կարողնա ստանալ Վրաստանից և Իրանից այն, ինչ չի ստանում Թուրքիայից և Ադրբեջանից:

– Գիտե՞ք, Դուք դասական խոսք ասացիք: «Հայաստանի բախտը չի բերել»: Դե ինչ՝ եկեք բողոքենք մեր պատմությունից, բողոքենք, որ երկար ժամանակ պետականություն չենք ունեցել, որ մենք այնքան ճնշված ենք, որ մեզ քշել են, սպանել են, և այլ և այլն: Մտածում եք՝ որպես տիպիկ հայ:

DW – Ոչ, ես հարցնում եմ՝ մենք ի՞նչ անենք:

– Հարևաններին չեն ընտրում, ունենք այն, ինչ ունենք: Կառուցիր քո քաղաքականությունը և հարաբերությունները հարևանների հետ և ընդհանուր առմամբ՝ կառուցիր քո քաղաքականությունը հիմնվելով իրականության վրա, այն ամենի վրա, ինչ որ կա ու իրական է, և եթե դրա համար հարկավոր է ավելի շատ ագրեսիա՝ եղիր ավելի ագրեսիվ, եթե հարկավոր է ավելի շատ խորամանկություն՝ եղիր ավելի խորամանկ, սակայն բողոքել, որ դու այսպիսի հարևաններ ունես, այս բանը փակ է, այն բանը այնպես չէ, մեկ ճգնաժամ է, կամ ինչ-որ ուրիշ մի բան… Աշխարհում փոփոխականությունը բավականին մեծ է և դեռ ավելի է մեծանալու: Դե եկեք, ուրեմն ի՞նչ անենք՝ նստենք տրտնջա՞նք, բողոքե՞նք:

DW – Ոչ, ես ավելի շատ ի նկատի ունեի…

– Մենք ունենք այն, ինչ ունենք: Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում: Այն բարդ է թե էթնիկ կառուցվածքի տեսանկյունից, թե բազմաթիվ պատմականորեն կուտակված հիմնահարցերի տեսանկյունից, թե կրոնական բազմազանության տեսանկյունից: Ժամանակ առ ժամանակ լինելու է մի տեսակ «քաղաքական անտերություն» այս տարածաշրջանում, անտերություն, որն առաջ է գալիս գլոբալ գործընթացների ժամանակ, ու երբ գլոբալ տեկտոնական շարժեր են տեղի ունենում, ապա կարող է լինել այսպես կոչված որոշակի «անտերության» զգացում: Սակայն, այս ամենի հետ հանդերձ կա երկիր, կա ժողովուրդ, որը կապված է այս հողին և պետք է ղեկավարել այդ ժողովրդին ու անել ամեն հնարավորը, որպեսզի այս բարդ փոփոխական պայմաններում հնարավոր լինի գտնել առավելագույն ճիշտ որոշումներ, իրականցնել դրանք ակտիվ կերպով և գուցե նաև փոքր-ինչ  ագրեսիվ: Գիտեք, ոչ մի դեպրեսիվ հասարակություն չի կարող արդյունավետ լինել, ինձ դուր չեն գալիս այն տրամադրությունները, որոնց մասին խոսում եք: Դա այն տրամադրւթյունները չեն, որոնցով կարելի է երկիրը առաջ տանել: Վասալային մտածելակերպ է, որից վաղուց պետք էր հրաժարվել:

DW – Դե եթե խոսում ենք այս ամենի մասին, ապա մեզ պետք է նորից հիշել Ռուսաստանը, որին Երևանը հղում է անում ամեն օր: Եվ կա կայուն կարծիք /և ըստ իս՝ դա նաև փաստ է/, որ առանց Ռուսաստանի Հայաստանը ոչինչ չի կարող:

– Հենց սկսում ես այդպես մտածել՝ դառնում ես վասալ: Ռուսաստանը, անխոս, մեր գործընկերն է, և, անխոս, նրա հետ պետք է զարգացնել հարաբերությունները, սակայն պետք է հասկանալ, որ այդ հարաբերությունները գործընկերային են, փոխշահավետ, այլ ոչ՝ վասալային: Նույն կերպ պետք է վերաբերվել մեր հարաբերություններին ԱՄՆ-ի, Իրանի, ԵՄ-ի հետ: Այսինքն՝ մեզ վրա ծանր բեռի պես պետք է դրված չլինի այն հանգամանքը, որ մենք փոքր երկիր ենք՝ ոչ մեծ բնակչությամբ:

DW – Ամառը մեզ մոտ շատ լուրջ բողոքներ եղան Երևանում և այլ քաղաքներում այն բանի շուրջ, որ ՀԷՑ-ը բարձրացրեց, ավելի ճիշտ հայկական կարգավորողը բարձրացրեց էլեկտաէներգիայի սակագները:

– Ընկերության հայտով:

DW – Այո, ընկերության հայտով, իհարկե: Դուք ի՞նչ եք կարծում, այդ բողոքները լռեցի՞ն, մահացա՞ն: Կա՞ Հայաստանում ընվզող ինչ-որ լուրջ ուժ, որը ցուցաբերվեց Բաղրամյան պողոտայում ամռանը, և ո՞վ է հանդիսանում այդ ուժն՝ ըստ Ձեզ, բողոքի շարժող ուժը:

– Որպեսզի հասկանանք՝ կա՞ հասարակությունում բողոքի ուժ, թե՝ ոչ, բավական է նայենք երկրի վիճակագրությանը: Եթե երկրում աճում է աղքատությունը և չկա բողոքի պոտենցիալ, ապա դա անառողջ հասարակություն է, այդպես պարզապես չի լինում: Այլ հարց է, որ մեզ մոտ կա ակտիվ բնակչության միգրացիոն արտահոսք, համաընդհանուր ապատիա, հիասթափություն քաղաքական գործիչներից, քաղաքական էլիտայից, ընդդիմությունից և այս երևույթը համընդհանուր է: Դուք շփվում եք մարդկանց հետ և հավանաբար այդ ամենը լավ զգում եք: Թե ով է շարժող ուժը /ձեր հարցը այդպես հնչեց/, այդ ընդվզող ընտրազանգավծի շարժիչը, ապա ես կարծում եմ, որ այդ ընդվզող ընտրազանգվածը մնացել է անտեր: Կա ինչ-որ քաոսային շարժում, կա զանգվածային դժգոհություն, որը արտահայտվում է բակերում, խոհանոցներում, խնջույքների սեղանների շուրջ խոսակցություններում և այլն, և այլն: Սակայն ինչ-որ բողոքի վեկտոր այն չի դառնում, քանի որ և քաղաքական էլիտան, և ընդդիմությունը չի կատարում այն գործառույթը, որը պետք է կատարի:
Գիտե՞ք, շատ հեշտ է ամենը բացատրել ինչ-որ օբյեկտիվ գործոններով, օրինակ՝ ճգնաժամերով:  Տարեկան 7.5 տոկոսով պարտքով փող վերցնել բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար և հաջողությամբ երկիրը գցել պարտքերի փոսի մեջ /ի միջի այլոց՝ դա հենց այն է, ինչը հիմա տեղի է ունենում Հայաստանի, հայկական տնտեսության հետ/: Սակայն մարդիկ պետք է հասկանան, որ հենց ընդվզող ներուժը` և համախմբված ընդվզող ներուժն է ստիպում իշխանությանը՝ լավ աշխատել: Առանց դրա իշխանությունն այլասերվում է:

DW – Հիմա ոչ ոք իշխանությանը չի ստիպում լավ աշխատել, այդպես չե՞ք գտնում:

– Ես հենց դա էլ ի նկատի ունեմ, քանզի չի զգացվում ընդվզող ընտրազանգվածի համախմբումը: Ցանկացած իշխանություն առանց լուրջ ընդդիմության, առանց լուրջ բողոքող վեկտորի՝ կորցնում է իր արդյունավետությունը, այն չի կարող էֆֆեկտիվ աշխատել, դա փաստ է:

DW – Իսկ ո՞ւր է անհետացել ընդդիմությունը:

– Կարծում եմ, այդ հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ: Ընդհանուր առմամբ, ես կնկարագրեի իրավիճակը հետևյալ կերպ. ապատիայի աստիճանը հայկական հասարակությունում շատ բարձր է: Զգացողություն ունեմ, որ ժողովուրդը կորցրել է հավատն առ այն, որ երկրի քաղաքական էլիտան ի վիճակի է բարելավել իր կյանքը, իսկ քաղաքական էլիտան կորցրել է հավատը ինչ-որ բան փոխել կարողանալու իր հնարավորության նկատմամբ: Այսպիսի պատային իրավիճակ է, և դրանից պետք է ելք գտնել: Եվ նոր սահմանադրությունը դրան հաստատ չի օգնելու, ոչինչ չի բարելավի, եթե չվատթարացնի:

DW – Կարող եք բառացիորեն մի քանի բառով ասել. ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանությունները՝ ընդունելով նոր Սահմանադրությունը /կցանկանայի, որպեսզի Դուք ձևակերպեյիք/:

– Դուք հնարավորություն ունեք հարցն ուղղել իշխանություններին: Ես փորձել եմ հասկանալ, թե ինչ նպատակ կա: Ինձ համար տհաճ է դրա մասին խոսել, քանի որ բացառապես դատողություններ են, ես նրանց հետ թեման չեմ քննարկել: Սակայն ինձ չի թվում, որ  նպատակը… ամեն դեպքում նրանք իրենք իրենց համոզում են, որ դա ինչ-որ ազնիվ նպատակ է, սակայն ինձ մոտ ամբողջ այս գործընթացից այդպիսի տպավորություն չի ձևավորվել:

DW – Շնորհակալություն: Եվ վերջում փոքր-ինչ անձնական հարց: Մի ժամանակ Դուք՝ որպես գործող նախագահ, լրջորեն զբաղվում էիք սպորտով: Հիմա ժամանակ և ցանկություն գտնո՞ւմ եք դահկասահքի, լողի, առագաստասպորտի համար:

– Իսկ Դուք ի՞նչ եք կարծում:

DW – Կարծում եմ՝ այո, դուք լավ մարզավիճակում եք:

– Իհարկե, ավելի շատ ժամանակ ունեմ դրանով զբաղվելու: Գիտե՞ք, դա միշտ ինձ դուր է եկել, սակայն գործող նախագահ լինելով՝ ես դրան նայում էի որպես աշխատանքի մի մաս: Ես հասկանում էի, որ եթե ես չմարզվեմ, ապա ավյունս այն չի լինի, տոկունությունն այն չի լինի: Աշխարհի ընկալումը լրիվ այլ կլինի, այդ ամենը շատ լավ օգնում է: Ես կարծում եմ, որ այն ինչ մեր գլխում է և այն, թե ինչպես է գործում մեր մարմինը՝ սերտ կապակցված է: Հիմա, բնականաբար, ես ավելի շատ ժամանակ և ցանկություն ունեմ սպորտով զբաղվելու:

DW – Ես ցանկանում եմ Ձեզ հաջողություն և ամուր առողջություն: Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար:

– Ձեզ նույնպես շնորհակալություն:

Ամբողջական նյութը այստեղ

Դիտվել է 295 անգամ
 


Այս թեմայով