Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Բացահայտվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակության մեխանիզմը

Բացահայտվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակության մեխանիզմը

IMG_0095_bigՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է խարդախությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակությունը, դրա մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

2015 թվականի մայիսի 15-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ընկերության ներքին ավտոհավաքակայանում ապօրինի կերպով կազմվել են երթուղային ուղեգրեր, որոնցով հաշվարկվել և հատկացվել է վառելիք, որն այնուհետև անցել է անհայտ անձանց տնօրինությանը:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 2015 թվականի մայիսի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարված նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ Քաջարան քաղաքի բնակիչ Գ.Ստեփանյանը, աշխատելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում՝ որպես ավագ երթակարգավար, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2015թ. հունվար-մայիս ամիսներին ընկերության անսարք «Զիլ» մակնիշի 481 ՍԼ 51 համարանիշի և Կամազ 5511 մակնիշի 403 ՍԼ 51 համարանիշի ավտոմեքենաների համար իր ենթակայությամբ աշխատող երթակարգավարների միջոցով կազմել է դիզելային վառելիք և բենզին ստանալու իրավունք վերապահող թվով 88 կեղծ փաստաթուղթ և խարդախությամբ իրավունք ձեռք բերել 3.850.000 ՀՀ դրամի բենզինի և դիզելային վառելիքի նկատմամբ:

2015 թվականի մայիսի 21-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ավագ երթակարգավարը նկարագրված գործողությունները կատարել է իր անմիջական ղեկավարի` ընկերության ներքին ավտոհավաքակայանի պետ Կ.Եդիգարյանի հետ` վերջինիս հետ նախնական համաձայնությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2015 թվականի մայիսի 29-ին Կ.Եդիգարյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Հաշվի առնելով հափշտակության ծավալները և քրեական գործի բազմադրվագ լինելը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով հետագա նախաքննությունն իրականացվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվել են բազմաթիվ քննչական գործողություններ, որոնց արդյունքում բացահայտվել են հափշտակության այլ դրվագներ ևս։

Մասնավորապես՝ բացի վերը նշված 88 ուղեգրից, հայտնաբերվել և առգրավվել է ևս 1875 ուղեգիր, որոնց հիման վրա դուրս է գրվել 69.820.548 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 166.915 լիտր դիզելային վառելիք և բենզին:

Նախնական քննության տվյալներով՝ դրանք ևս կազմվել են ներքին ավտոհավաքակայանի ավագ երթակարգավար Գ.Ստեփանյանի հանձնարարությամբ` 2015 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների ընթացքում` Կ.Եդիգարյանի հետ նախապես կայացված համաձայնությամբ:

Քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին Գ.Ստեփանյանն իր անմիջական ղեկավար, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ներքին ավտոհավաքակայանի պետ, վառելիքաքսայուղերի ծառայության ղեկավար Կ.Եդիգարյանի հետ նախնական համաձայնությամբ, փաստաթղթերի կեղծմամբ և խարդախությամբ իրավունք է ձեռք բերել ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի արժողության ՝ 73.670.548 ՀՀ դրամի բենզինի և դիզելային վառելիքի նկատմամբ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննության ընթացքում մեղադրյալներ Գ.Ստեփանյանին և Կ.Եդիգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ծավալը լրացվել և մեղադրանք առաջադրվել՝ փաստաթղթերի կեղծմամբ և խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի` 73.670.548 ՀՀ դրամ ընդհանուր արժողության բենզին և դիզելային վառելիք հափշտակելու համար: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Գործով նշանակվել են փաստաթղթաբանական և ձեռագրաբանական, դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություններ, կատարվել են այլ դատավարական գործողություններ, այդ թվում նաև` զննություններ, խուզարկություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Դիտվել է 567 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy