Բացահայտում. Նաիրի և Կարեն Հունանյանները հոկտեմբերի 27-ի պատվիրատուների մասին

Նաիրի«Եթե իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ որեւէ ոտնձգություն կատարվի, պատասխանատվությունն ընկնելու է հանրապետության ղեկավարության վրա»,-հոկտեմբերի 27-ի գործով իր ցուցմունքներն այսպես է ամփոփել Վիկտոր Դալլաքյանը:

Մինչ այդ Դալլաքյանը հայտարարել է, թե անհրաժեշտ է կենտրոնանալ 27-ի կազմակերպիչների բացահայտման վրա: Սրան հաջորդել է Կ. Հունանյանի «անկեղծ» պոռթկումը. «Գործի անջատված մասը անհեթեթություն է՝ գործը վաղուց բացահայտվել է, այդ շահարկումները պետության անվտանգությունն են խաթարում»,-ասել է նա: Նաիրի Հունանյանն էլ հայտարարությունը համարեց 100% քաղաքական. «Հոկտեմբերի 27-ը օգտագործվում է որպես զենք՝ իշխանությունը գրավելու համար: Օգտագործում են ոչ միայն դատարանի դահլիճը, այլեւ հրապարակը, փողոցները: Բոլոր նրանք, ովքեր կհամագործակցեն այդ դավադիրների հետ եւ դուրս կգան իմ ու հայ ժողովրդի դեմ, Հայաստանում ապագա չունեն»:

27-ի գործով դատական նախորդ նիստում տուժող Վիկտոր Դալլաքյանն ըստ էության ավարտել էր իր ասելիքը, սակայն երեկվա նիստում սպասվում էր հետաքրքիր երկխոսություն տուժողի եւ ամբաստանյալների միջեւ: Առանց թաքցնելու, որ իրեն ամենից շատ հետաքրքրում են տուժողի հայտարարությունները՝ կազմակերպիչների մասով, Ն.Հունանյանը սկսեց հարցեր տալ հենց դրանից:

Եթե իսկապես Դուք պատանդ էիք եւ կատարվածն էլ ուղղված էր «Միասնության» դեմ, ապա ինչո՞ւ Ձեզ եւ «Միասնության» մյուս անդամներին պատանդ չպահեցինք, այլ թույլատրեցինք տեղափոխել դիակները, եւ ինչո՞ւ Դուք չհեռացաք, այլ վերադարձաք: Երբ ասում եք, որ Արմենակյանին մեկ ուրիշն է սպանել, չի՞ նշանակում, որ փորձում եք մեզ օգնել եւ երբ կազմակերպիչների մասով որեւէ փաստ չբերեցիք, նպատակ չէի՞ք հետապնդում հայրենիքի դավաճանության մեղադրանքը մեր վրայից հանել. ահա նման հարցեր էր տալիս Նաիրի Հունանյանը Վիկտոր Դալլաքյանին: Այս բոլոր հարցերի վերջում տուժողից վրեժ լուծելու կամ հունից հանելու նպատակով ավելացնում էր. «Չի՞ նշանակում, որ Դուք մեր համախոհն եք»:

Ի պատիվ Վիկտոր Դալլաքյանի պետք է ասել, որ արժանի հակահարված էր տալիս լկտիության հետ համակցված սադրանքին: Նա հայտարարեց, որ համախոհ բառին հումորով է վերաբերվում, հավասարակշռված է եւ իրեն հնարավոր չէ հունից հանել, ինչը չի կարելի ասել ամբաստանյալի մասին: Նա Հունանյանին հիշեցրեց, որ իր հանցագործ խումբը չի որոշել զոհերին, այլ իրենց պատվիրատուն, որը «ձեզ արդեն քցել էր, ուստի ձեզ համար ինչ-որ պահից արդեն մեկ էր՝ ով դուրս կգա դահլիճից, ով չէ»: Պատվերն ուղղված էր «Միասնությունը» գլխատելուն, Վազգեն Սարգսյանին եւ Լեոնարդ Պետրոսյանին ոչնչացնելուն՝ մյուսները պատվիրատուին, ուստի նաեւ կատարողին քիչ էին հետաքրքրում: «Ի տարբերություն հարց տվողի, ես իմ ընկերներին հանցագործություն կատարելու համար չեմ ընտրում եւ վերադարձել եմ նրանց օգնելու համար»,-նշեց տուժողը: «Ծրագրավորել բառն օգտագործում են մեքենաների մասին»՝ հազիվ էր հարցի առաջին մասը արտաբերել Հունանյանը, որ Դալլաքյանը շարունակեց. «Հենց այդ իմաստով էլ օգտագործել եմ՝ այո, դուք գործիքի եւ մեքենայի դեր եք կատարել»: Տուժողը նաեւ հիշեց, որ հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Ն.Հունանյանը ասել է. «Տիկո, մենք ձեզ ենք սպասում», նաեւ տեսել է Կարեն Դեմիրճյանի եւ Յուրի Բախշյանի վրա արձակված ստուգողական կրակոցների հետքերը՝ վերեւից ներքեւ:  Մեկ այլ հարցի պատասխանելիս տուժողն իբր հպանցիկ նշեց. «Հասկանում եմ, որ ձեր ուշադրությունն ուղղված է Ագոյի խմբին եւ նոր քրեական օրենսգրքին, ասեմ, որ մահապատիժը մնալու է»: Այս հայտարարությունից հետո Նաիրի Հունանյանը իր սովորական մանիպուլյացիան արեց. «Եթե խոսքը տխրահռչակ վեցերորդ բանաձեւին է վերաբերում, ասեմ, որ այդ հարցով բացարձակապես բարդույթ չունեմ: Հայտարարում եմ՝ այն պատգամավորները, որոնք դա չեն հաստատի, լավություն են անելու ինձ եւ վատություն Հայաստանի ապագային»:

Հարցերին պատասխանելիս պրն Դալլաքյանը Նաիրի Հունանյանին մեջքով էր կանգնած,  եւ հաճախ կրկնում էր՝ «այդ մասին արդեն պատասխանել եմ», ինչը առաջացրեց ամբաստանյալի զայրույթը. «Տուժողը դիտավորյալ խուսափում է հարցերին պատասխանելուց», «թող քաղաքական ելույթներ չունենա», ջղաձիգ արտասանում էր նա: Պրն Դալլաքյանը նշեց,որ 2 անգամ է հանդիպել Հունանյանի հետ՝ 2-ն էլ անհավասար պայմաններում՝ մի անգամ նա էր ավտոմատով, ինքը անզեն, այս անգամ ինքն է ազատ, նա՝ ճաղերի ետեւում՝ «խոհափիլիսոփայական վիճաբանության համար հավասար պայմաններ են հարկավոր»՝ եզրակացրեց նա: Ամբաստանյալը փորձում էր վիրավորել. «95-ին Դուք անարդար ընտրություններո՞վ եք պատգամավոր դարձել», «Դուք պատասխանատվություն կրում ե՞ք Հայաստանում ձեւավորված իրավիճակի համար»: Էդիկ Գրիգորյանն իր հերթին նշեց, որ տուժողի ասածները հենվում են կասկածների վրա եւ արժեք չեն ներկայացնում, Վռամ Գալստյանն ասաց, որ տուժողը ստում է՝ իրենք բոլորովին այլ խոսակցություն են ունեցել: Սակայն կրքերը հատկապես բորբոքվեցին պրն Դալլաքյանի հայտարարությունից հետո, որով նա ամփոփեց իր ցուցմունքը: Նա կրկին շեշտեց, որ սա պետական-քաղաքական հեղաշրջում էր՝ «իրագործողների առումով ամեն ինչ պարզ է՝ հարկավոր է կենտրոնանալ անջատված մասի վրա», քանի որ ինքը համոզված է, որ «հոկտեմբերի 27-ը տեղի է ունեցել 99-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերանայելու նպատակով»: Եթե ահաբեկչությունը մնա անպատիժ եւ չբացահայտված, ապա այն կրկնվելու է՝ ահազանգեց տուժողը: Նա կոչ արեց դատարանին գիտակցել իր պատասխանատվությունը եւ արդարացի դատավճիռ արձակել:

Դատարանը օրվա վերջում հասցրեց լսել նաեւ ԱԺ պատգամավոր Վազգեն Խաչիկյանին, որը գրեթե նույն գնահատականները տվեց, ինչ Վիկտոր Դալլաքյանը եւ ավելացրեց, որ ինքն էլ զրուցել է Դերենիկ Բեջանյանի հետ եւ վերջինս իրեն ասել է. «Մենք զինվորներ ենք, անում ենք մեր արածը, կգան մարդիկ եւ կանեն իրենց անելիքը»:

Արմինե Օհանյան

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի մայիսի 23-ի համարում

Դիտվել է 1,666 անգամ
 


Այս թեմայով