Բացահայտում.Ինչ հանձնարարություններ է տվել Նաիրի Հունանյանը Հայկ Բաբուխանյանին

arm139359245477Մոտենում է 1999 թվականի հոկտեմբերի 27_ի ողբերգալի իրադարձությունների տարելիցը: Politik.am-ը հոկտեմբեր ամսվա ընթացքում կներկայացնի մի շարք հոդվածներ և հրապարակումներ այդ դեպքերի վերաբերյալ: Politik.am-ը ներկայացնում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ցուցմունքը հոկտեմբերի 27-ի քրեական գործով:

Հարցաքննությունը վերցվել է 1999թվականի նոյեմբերի 28-ին՝ ոճրագործությունից մեկ ամիս անց: Քննիչը եղել է Հ. Պետրոսյանը:

1999 թ. մայիսի 30-ին ընտրվել եմ ՀՀ ԱԺ պատգամավոր, հանդիսանում եմ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ: Հոկտեմբերի 27-ին ժ. 10.10 գնացել եմ աշխատանքի՝ ՀՀ ԱԺ, որտեղ սկսվել է նիստ, այժմ չեմ հիշում օրակարգի 1-ին հարցը, 2-րդը՝ գրավատների մասին հարցն էր:

Ես ԱԺ նիստերի դահլիճ մտել եմ մեծ ընդմիջումից հետո մոտ ժ. 15.30 սահմաններում: Մինչ իմ կողմից նիստի մտնելը ես խմբակցության սենյակում աշխատում էի, ուսումնասիրում էի Կոտայքի մարզում անասնաբուծության հետ առնչվող խնդիր, կազմում էի նամակներ, այդ ընթացքում նաեւ ընդմիջել եմ: ԱԺ նիստերի դահլիճում յուրաքանչյուր պատգամավոր ունի իր տեղը իմ տեղը գտնվում է 7-րդ շարքի մեջտեղի մասում: Իմ նիստերի դահլիճ մտնելուց 10 րոպե առաջ նախագահող Ռուբեն Միրոյանը ռադիոյով հաղորդեց, որ կայանալու է քվեարկություն գրավատների մասին օրենքի վերաբերյալ եւ քվեարկությանը մասնակցելու նպատակով 15.30-ի սահմաններում ես մտա նիստերի դահլիճ, նստեցի իմ տեղում, մասնակցեցի քվեարկությանը եւ ըստ ցուցատախտակի տվյալների դահլիճում էին շուրջ 80 պատգամավորներ: Քվեարկության ժամանակ ես չեմ հիշում, թե ով էր նախագահում նիստը:

Ժ. 16.00-16.30 հայտարարվեց ընդմիջում եւ 16.30-ին կանոնակարգով նախատեսված է ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանը: Ժ. 16.40-ին նիստը արդեն ընթանում էր եւ ես մտա դահլիճ, նստեցի իմ տեղում: Դահլիճի կառավարության համար նախատեսված նստատեղերի առաջին շարքում նստած էին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանը, կառավարության մի շարք անդամներ նստած էին իրենց համար նախատեսված տեղերում: Ժ. 17.10-17.15 րոպե սահմաններում, երբ ամբիոնում Լ. Բարխուդարյանն էր, ես այդ ժամանակ զբաղված էի նամակի ուսումնասիրությամբ, նախագահությունում նստած էին Կ. Դեմիրճյանը եւ Յու. Բախշյանը, այդ պահին առջեւի աջ առաջին դռնից ներս խուժեց մի երիտասարդ, որը հայհոյանքներ տալով    ավտոմատ հրազենից կրակահերթ բացեց առջեւի մասում նստած Վ.  Սարգսյանի վրա եւ այդ ընթացքում մի քանի տղաներ եւս մտան դահլիճ նույն տեղից, նրանցից մեկը գոռաց ՙպառկել՚ եւ ես եւ պատգամավորները պառկեցինք նստատեղերի տակ եւ մոտ 5 րոպե ես լսում էի ավտոմատի կրակահերթերի եւ ատրճանակի կրակոցների ձայներ, որոնք երբեմն ընդհատվում էին: Ես պառկած էի եւ հնարավորություն չունեի տեսնելու թե ում վրա էին կրակում: Այդ ընթացքում լսվում էին նաեւ գոռոցների, ճչոցների, հայհոյանքների ձայներ եւ մոտավորապես հետեւյալ արտահայտությունները, թե ՙմենք ազատեցինք մեր ժողովրդին՚, ՙհերիք եղավ՚ եւ նման բնույթի խոսքեր: Հետո ներխուժածներից ինչ-որ մեկը դիմեց պատգամավորներին, որ չվախենան եւ նստեն:

Ես դեռ չէի հասցրել լռիվ նստել, երբ ամբողջ դահլիճը ողողվեց կրակահերթերի ձայնով, եւ ես չեմ նկատել թե ով էր կրակում եւ որ ուղղությամբ, քանի որ անմիջապես պառկել եմ, այդ կրակոցները տեւեցին եւս 3 րոպե եւ իմ մեջ տպավորվեց, որ լսում եմ փոխհրաձգության ձայներ, քանի որ դահլիճը ավելի աղմկոտ էր: Երբ կրակոցները դադարեցին մեզ ասացին, որ նստենք, որ մեզ վտանգ չի սպառնում, եւ բոլոր պատգամավորներով նստեցինք: Եվ այդ ժամանակ ես նկատեցի, որ առջեւի հարթակում կանգնած էր նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, որը կուրտկայով էր եւ ձեռքին ավտոմատ էր թե ատրճանակ չեմ հիշում: Նկատեցի,  որ դահլիճ են ներխուժել մոտ 5 անձինք, որոնցից միայն Նաիրիին ճանաչեցի: Ինչքան հիշում եմ նրանցից 3 ձեռքին ավտոմատ էր, 2-ի՝ ատրճանակ: Նախագահությունում որեւէ մեկը չկար նստած: Նաիրին որոշ քաղաքական ճառ ասելուց հետո, որի իմաստը այն է, թե իբր ժողովրդին փրկել է, որոշ ժամանակ անց դիմեց ինձ ասելով, որ մոտենամ իրեն: Ես մոտեցա Նաիրիին եւ այդ ժամանակ նախագահությունում նկատեցի ընկած վիճակում Կ. Դեմիրճյանին, Յու. Բախշյանին որոնք մահացած էին, տեսա նաեւ մահացած վիճակում գետին ընկած Վազգեն Սարգսյանին:

Նաիրին ինձ դիմեց, ասելով, որ ՙՀայկ, դու ինձ ճանաչում ես՚, եւ որ ինչ որ արել է, արել է ազգի համար, եւ ասաց, որ ես պատգամավոր Արմենի հետ, գնամ դրսում ասեմ, որ գրոհ չանեն, հակառակ դեպքում դահլիճում շատ զոհեր կլինեն, ես առաջարկեցի վիրավորներին տեղափոխել եւ դուրս եկա, որի ժամանակ նկատեցի սպանված ընկած վիճակում Ռ. Միրոյանին, իսկ հետագայում նաեւ Լ. Պետրոսյանին: Ես չեմ կարող ասել, թե առաջինը դահլիճ ով ներխուժեց եւ ով կրակեց Վ. Սարգսյանի վրա, չեմ տեսել նաեւ թե վերոհիշյալ անձանց ով է սպանել: Ես այժմ հոգնած եւ լարված վիճակում եմ եւ առաջարկում եմ հետաձգել հարցաքննությունս:

Ցուցմունքը գրված է իմ կողմից, ճիշտ է:     Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է 1,219 անգամ
 


Այս թեմայով