Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրացվեն. օրինագիծն ընդունվեց

poxԱԺ-ում քիչ առաջ քվեարկության դրվեց «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրենքի նախագիծը: Մինչ այդ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե «անբարոյական է» կողմ քվեարկել բարձրաստիճան պաշտոնյաների, իշխանության ներկայացուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ տեղից արձագանքեց. «Դա պատգամավորի իրավունքն է, տիկին Փոստանջյան, Դուք ի՞նչ իրավունք ունեք դա համարեք անբարոյականություն: Իրավաբան եք, ձեզ կոռեկտ պահեք»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս հայտարարեց, թե իրենք դեմ են օրինագծին, որովհետև անընդունելի են համարում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը կողմ քվեարկելը, երբ ժողովուրդն աղքատության մեջ է: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նախ կոչ արեց որակումներ չտալ, ապա հիշեցրեց, թե խոսքը ոչ միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին է, այլև քաղաքացիական ծառայողների. «Խոսքը գնում է 164 հազար աշխատողների մասին, իսկ այն 500-ը, որոնց թվին մենք էլ ենք պատկանում, կարող ենք հրաժարվել աշխատավարձից»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն էլ հիշեցրեց, թե իրենք տարիներ շարունակ առաջարկել են անցնել աշխատավարձերի միասնական քաղաքականությանը, ուստի իրենք կողմ են քվեարկելու օրինագծին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, թե իրենք կողմ են քաղծառայողների աշխատավարձի բարձրացմանը, բայց անընդունելի են համարում պաշտոնատար անձանց աշխատավարձի բարձացմանը և դեմ են քվեարկելու օրինագծին: Իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ նշեց, թե պետք է բարձրանա հաջորդ իշխանության աշխատավարձը ոչ թե գործող. «Իշխանությունը պետք է բարձրացնի հաջորդ իշխանության աշխատավարձը: Ընդունեք օրենք, որը կվերաբերվի հաջորդ նստաշրջանի համար և սա կատակ չէ»: Արդյունքում օրենքը ընդունվեց 69 կողմ, 31 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/11/11/297934.html

Դիտվել է 61 անգամ
 


Այս թեմայով