Բահրեյնցի քաղաքացիական ակտիվիստ է ձերբակալվել Հայաստանում

Zvartnots_airportՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված 2016 թվականի հունվարի 8-ի գրությամբ իր մտահոգությունն է հայտնել 2016 թվականի հունվարի 1-ին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալված, Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ֆադհել Ռադհիին Բահրեյնի Թագավորություն արտահանձնելու վերաբերյալ: Գրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բահրեյնի թագավորությունում դեռևս վերացված չէ մահապատիժը՝ Ֆադհել Ռադհիի արտահանձնումը կարող է հանգեցնել նրա նկատմամբ խոշտանգումների, դաժան, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի՝ Բահրեյնի իշխանությունների կողմից:
Միաժամանակ Կազմակերպությունը գրությամբ խնդրել է տրամադրել տեղեկատվություն՝ Ֆադհել Ռադհիի գտնվելու վայրի, ՀՀ-ում մնալու ժամկետների և կարգավիճակի, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցների, նրան արտահանձնելու վերաբերյալ կայացվելիք որոշման մասին:
2016 թվականի հունվարի 22-ի պատասխան գրությամբ ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Բահրեյնի Թագավորութան քաղաքացի Ֆադհել Ռադհին ներկայումս պահվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հունվարի 4-ի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 30-օրյա կալանք՝ մինչև անձին հանձնելու վերաբերյալ միջնորդություն ստանալը: Միաժամանակ հայտնում են, որ Բահրեյնի Թագավորության իրավասու մարմնի կողմից վերջինիս հանձման հարցում դեռևս չի ստացվել, ուստի՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից համապատասխան որոշում չի կայացվել:

 

Դիտվել է 58 անգամ
 


Այս թեմայով