Արփինե Հովհաննիսյանը գնում է ոչ ստանդարտ քայլերի. հարցազրույց

ԱրփինեՔրեակատարողական հիմնարկները հեռու են հանրության աչքից և հանրության համար հաճախ անհասկանալի է, թե ինչպիսի պայմաններում են ապրում դատապարտյալները: Հայաստանը արդեն 26 տարի է ինչ անկախ է, սակայն մենք դեռևս չենք հասցրել ժամանակակից քրեկատարողական հիմնարկներ ստեղծել, որտեղ դատապարտված քաղաքացին մարդկային պայմաններում կկրի իր պատիժը:
 Այսօր ՔԿՀ-ների խնդրով Politik.am զրուցել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ: Նախարարը իրականում սրտացավորեն է մոտենում առկա խնդիրներին և փորձում է սեղմ ժամկետներում լուծել այն խնդիրները, որոնք ամենից շատն են անհանգստացնում քաղաքացիներին:
 -Տիկին նախարար, թերևս կհամաձայնեք, որ Արդարադատության նախարարության թիվ մեկ գերխնդիրներից մեկը քրեակատարողական հիմնարկների հետ է կապված, մասնավորապես՝ գերբնակեցում, շենքային անբավարար պայմաններ և այլն: Ի՞նչ է անում նախարարությունն այս խնդիրները մեկընդմիշտ լուծելու համար:
 -Իրավասու որևէ պաշտոնյա երբևէ չի հերքել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները և որևէ մեկը չի ասել, որ դրանք կարճաժամկետ լուծումներ են պահանջում: Ես ընդունում եմ, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկների մեծ մասում պայմանները լավագույնը չեն, ոլորտում բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց և վստահեցնում եմ, որ հստակ գործողություններ ենք կատարում դրանց լուծման ուղությամբ: Սակայն բոլորս մի բան պետք է գիտակցենք, որ ՔԿՀ-ների հետ կապված խնդիրների պատճառները օբյեկտիվ են: Մենք անգամ ունենք քրեակատարողական հիմնարկներ, որոնք ժառանգություն ենք ստացել նախորդ դարից: Եվ բնական է, որ այդ հիմնարկներում դատապարտյալների համար պայմանները բավարար չեն, նույնիսկ կասեի՝ վատն են: Իրականում խնդրի լուծման տարբեր ուղիներ կան, որոնցից կառանձնացնեի երկու հիմնականը՝ նոր քրեակատարողական հիմնարկների կառուցում, որը բավականին մեծ ֆինանսավորում պահանջող խնդիր է, և պրոբացիոն ծառայության ներդնում:
Առաջին խնդրի լուծման նպատակով արդեն իսկ կատարվել է քայլ առաջ. նախորդ տարի ամբողջությամբ շահագործման է հանձնվել միջազգային չափանիշներին համապատասխանող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը՝ նախատեսված 1200 անձի համար: Համոզված եմ, որ այն ունակ է լուծում տալու դատապարտյալների պատժի կրման հետ կապված մի շարք կարևոր խնդիրներին՝ մասնավորապես դատապարտյալների գերբնակեցման խնդրին:
Սակայն մի բան հստակ է՝ պետությունը չի կարող անընդհատ շարժվել քրեակատարողական հիմնարկների կառուցման ճանապարհով, դա չի կարող լինել խնդրի միակ հանգուցալուծումը: Այս առումով կարևորում եմ պրոբացիոն ինստիտուտի ստեղծումը: Տարբեր երկրների հաջողված փորձը ցույց է տալիս, որ դատապարտյալների թվի նվազման, նրանց հասարակություն վերաինտեգրելու ամենակարևոր ուղիներից մեկը պրոբացիոն ծառայության ներդնումն է, որովհետև, կարծում եմ, որ պատժի կրումը և մարդուն ազատությունից զրկելը չպետք է լինի ինքնանպատակ:
— Տիկին նախարար, խոսեցիք ՀՀ-ում պրոբացիոն համակարգի գործարկումից: Ի՞նչ ունենք այսօր այդ ուղղությամբ կատարված: Ի վերջո, ե՞րբ կկարողանանք ասել, որ Հայաստանում արդեն գործում է պրոբացիոն ծառայություն:
 -Հայաստանում պրոբացիոն համակարգի ներդրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու գործողությունների ծրագրերն իրականում բազմաթիվ են: Նախ նշեմ, որ դեռևս նախորդ տարվա փետրվարին ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ պրոբացիայի ծառայության ներդրման և օրենսդրության աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության կողմից 2015 թվականի ապրիլին հաստատվել է «Պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգը», միջազգային և ներպետական փորձագետների աջակցությամբ մշակվել են «Պրոբացիայի մասին» «Պրոբացիոն պետական ծառայության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ենթարկվել են միջազգային փորձաքննության, տրվել են առաջարկություներ, որոնց համապատասխան էլ նախագծերում կատարվել են փոփոխություններ: Այդ օրենքների նախագծերն արդեն իսկ դրվել են շրջանառության մեջ և կարծես մոտ է այն պահը, երբ կհասնենք վերջնագծին:
Ի դեպ, կուզեի նաև հիշեցնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձոր քաղաքում 2015 թվականի հունիսից մեկնարկած պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրերի մասին։ Պիլոտային ծրագրերի ընթացքում նախատեսվում է էլեկտրոնային հսկողության սարքերի կիրառում, վերասոցիալականացման ծրագրերի իրականացում։
— ՀՀ քրեական և քրեակատարողական օրենսդրություններում արդյո՞ք կատարվելու են համապատասխան փոփոխություններ:
-ՀՀ քրեական և քրեակատարողական օրենսդրությունը նշածս բարեփոխումների հետ համահունչ դարձնելու նպատակով 2015 թվականի մարտին մեկնարկել են ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները։ Աշխատանքային խմբի կողմից մշակված Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության։ Իսկ նոր Քրեական օրենսգրքի նախագիծն արդեն իսկ մշակվել է և դրվել է շրջանառության մեջ։ Միաժամանակ ուզում եմ նշել, որ Կառավարության կողմից հավանության է արժանացել նոր Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որն այժմ գտնվում է Ազգային ժողովում։ Օրենսգրքի նախագծով վերանայվել և ընդլայնվել է խափանման միջոցների շրջանակը. որպես այլընտրանքային խափանման միջոցներ են սահմանվել տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը, բացակայելու արգելքը, պաշտոնավարության կասեցումը, երաշխավորությունը, դաստիարակչական հսկողությունը, զինվորական հսկողությունը։
-Տիկին նախարար, նախորդ տարի Դուք Կառավարություն ներկայացրիք Կառավարության որոշման մի նախագիծ, ըստ որի՝ դատապարտյալներին և կալանավորված անձանց հնարավոր էր լինելու ծանրոցներ հանձնել նաև առցանց պատվերի միջոցով: Արդյոք այդ որոշումը կյանքի կոչվե՞լ է:
 -Այո: Ընդամենն օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը գործարկեց www.himnadram.me կայքէջը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ հանձնել դատապարտյալներին և կալանավորված անձանց՝ համացանցի օգնությամբ՝ առցանց պատվեր կատարելու միջոցով: Համոզված եմ, որ այն նպաստելու է ՔԿՀ-ներում հանձնուքներ հանձնելու համար գոյացող հերթերի նվազմանը, ուղարկվող ապրանքները զննելու անհրաժեշտության վերանմանը, ինչպես նաև արգելված իրերի և առարկաների փոխանցման վտանգի նվազմանը։
 -Եվ վերջում մի հարց՝ կապված բանտային առողջապահության թեմայի հետ: Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրից:
 -Այդ ծրագիրն իրականում շատ եմ կարևորում և ակնկալում, որ դրա արդյունքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունների տրամադրման իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին, կբարելավվի ՔԿՀ-ներում բուժծառայությունների տրամադրման (հատկապես` ցմահ դատապարտյալներին և խոցելի խմբերին, օրինակ` կանանց և անչափահասներին) որակը, իսկ քրեակատարողական հիմնարկների անձնակազմի համար կկազմակերպվի վերապատրաստում բանտերում առողջապահության, մարդու իրավունքների և բժշկական էթիկայի նորմերի վերաբերյալ:
 
Զրույցը վարեց Բորիս Մուրազին

 

 

Դիտվել է 559 անգամ
 


Այս թեմայով