Արցախի վարչապետը պահանջ է դնում

arayikԼեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ռուսական «Վզգլյադ» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ ղարաբաղյան կողմը պահանջում է բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության ձևաչափի վերականգնում։

«Մենք պահանջում ենք բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության ձևաչափի վերականգնում, ինչի հետ Ադրբեջանը համաձայն չէ: Եվ նրա կողմից ոչ կառուցողական մոտեցումն այդ հարցում մշտապես հետաձգում է Ղարաբաղյան հկամարտության վերջնական կարգավորումը: Առանց ղարաբաղյան կողմի անմիջական և լիարժեք մասնակցության չի կարող որևէ հաջողություն գրանցվել, քանի որ որոշվում է անմիջականորեն Ղարաբաղի հարցը, և Ղարաբաղի բնակչությունը պետք է համաձայնություն տա հակամարտության կարգավորման վերջնական տարբերակի վերաբերյալ»,- ասել է նա:

Լրատվամիջոցի թղթակիցը նշել է, որ ինչպես հետևում է ոչ պաշտոնական հաղորդագրություններից, «Լավրովյան ծրագիրը» նախատեսում է Հայաստանի տնտեսական արգելափակման չեղարկում և խաղաղապահների տեղակայում ԼՂ-ում՝ «ադրբեջանական 5 շրջանների վերադարձի դիմաց»: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերջերս պահանջել է դադարեցնել «անհիմն խոսակցությունները»՝ ասելով, որ Ղարաբաղում ոչ մի հող չի հանձնվի: Թղթակիցը հարցրել է ԼՂՀ վարչապետին, թե ինչու, նրա կարծիքով, ոչ ռուս, ոչ այլ խաղաղապահներ չեն կարող ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը «հինգ շրջան վերադարձնելու դեպքում»:

«Քանի որ ղարաբաղյան կողմը դեռ չի մասնակցում բանակցային գործընթացին որպես լիարժեք կողմ, ցանկացած ծրագիր կամ առաջարկ, ինչպես ես արդեն նշել եմ, դատապարտված է ձախողման: Մեզ հետ չի քննարկվել որևէ ծրագիր, այնպես որ սխալ կլիներ որևէ եզրակացություն անել: Այդ առումով ոչ պաշտոնական տարբերակների տարածումը, ինչպես հայտարարել է ԼՂՀ նախագահը, կարող է ենթադրությունների առիթ դառնալ: Դա հավասարապես վերաբերում է նաև տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Այսօր Ղարաբաղի բնակչության անվտանգության իրական և միակ երաշխավորողը ԼՂՀ պաշտպանության բանակն է, որը պահում է նրա կենսագործունեությունը և զսպում Ադրբեջանի ռազմական ագրեսիան»,- ասել է ԼՂՀ վարչապետը:

Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ 1994 թվականին հաստատված հրադադարից հետո Ղարաբաղում զգոնությունը երբեք չի նվազել, քանի որ ադրբեջանակն կողմը 22 տարվա ընթացքում բազմիցս ապացուցել է, որ փորձում է ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ագրեսիայի միջոցով: Այսինքն՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, Ադրբեջանը միշտ ապակառուցողական մոտեցում է ցույց տվել ինչպես բանակցային գործընթացի տապալման, այնպես էլ շփման գծում լարվածությունը պարբերաբար ուժեղացնելու միջոցով:

«Եվ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, կարծում եմ՝ կասկած չի թողնում ադրբեջանական իշխանությունների իրական մտադրությունների մասին: Այդ ամենը, իհարկե, թույլ չի տալիս թուլացնել Արցախի բնակչության զգոնությունը, քանի որ մշտապես կախված է հակառակորդի կողմից ֆիզիկական բնաջնջման վտանգը»,- ասել է նա:

Դիտվել է 810 անգամ
 


Այս թեմայով