Արցախին ուղղված հերթական սպառնալիքը. Մոսկվան Բաքվին երաշխիք է տվել. «168 ժամ»

956056674«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ խմորումներ են ընթանում: Նախօրեին ՌԴ արտգործնախարարությունը հայտարարեց, որ առաջիկայում Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, ապա մի քանի ժամ անց հերքեց այդ հայտարարությունը:

Երեկ, սակայն, ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ռուսական կողմն աշխատում է այդ հանդիպման նախապատրաստման ուղղությամբ: Զուգահեռաբար՝ երկու օր է, Ադրբեջանի կողմից ոգեւորված հայտարարություններ են հնչում ոչ միայն՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի բացառիկ դերի, այլ հենց այդ` հունիսին կայանալիք հանդիպման մասին:

Հայկական կողմից պաշտոնապես դեռեւս դիրքորոշում չի արտահայտվել այդ հնարավոր հանդիպման վերաբերյալ, ինչը, ի թիվս մի շարք այլ գործոնների, վկայում է, որ Հայաստանը շահագրգիռ չէ այդ ձեւաչափով հանդիպման կայացման մեջ: Իսկ ձեւաչափը նշանակում է՝ հանդիպում` ռուսական նախաձեռնությամբ ու ռուսական հովանու ներքո, ինչն էլ իր հերթին՝ նշանակում է՝ ապրիլյան պատերազմում հայկական զինված ուժերի շնորհիվ տապալված «ռուսական պլանի» վերակենդանացում:

Ավելին, դատելով ադրբեջանական ոգեւորության չափաբաժնից, բացառված չէ, որ Ռուսաստանն Ադրբեջանին հերթական երաշխիքն է տվել, որ այն, ինչը տապալվեց հայկական զինված ուժերի շնորհիվ, Հայաստանին կպարտադրվի «դիվանագիտական» ճանապարհով: Ընդ որում, այս գործընթացը կարող է փոխկապակցված լինել այս օրերին ծավալվող այլ` ներհայաստանյան խմորումների հետ: Հայաստանի խորհրդարանում է գտնվում Ռուսաստանի հետ հակաօդայինպաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգի ձեւավորման մասին համաձայնագիրը, որի վավերացումը ռուսների համար սկզբունքային նշանակություն ունի, եւ, ինչպես իշխանության որոշ ներկայացուցիչներ են խոստովանել, Ռուսաստանն այդ համաձայնագրի վավերացումը ներկայացրել է՝ որպես պայման` 200 միլիոն դոլարի սպառազինությունը Հայաստանին մատակարարելու համար:

Բացառված չէ, որ Սանկտ Պետերբուրգում նախագահական գագաթաժողովն այս ձեւաչափով կազմակերպելը լրացուցիչ ճնշում է այդ ուղղությամբ: Այսինքն` Ռուսաստանը կարող է այդ հանդիպումը չեղարկել` ՀՕՊ-ի համաձայնագրի վավերացման դեպքում: Այս իրավիճակում, ի դեպ, առնվազն տարօրինակ է գոնե մինչ այս պահն արեւմտյան համանախագահների չեզոքությունը:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վիեննայի վերջին հանդիպմամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նախաձեռնությունը Ռուսաստանից, ըստ էության, վերցրած արեւմտյան համանախագահությունը «բարեկամաբար» այն վերադարձնում է Ռուսաստանին: Դա, տարօրինակ լինելուց բացի, վտանգավոր է եւ կարող է վկայել այն մասին, որ այլ` ավելի գլոբալ հարցերում Արեւմուտքը Ռուսաստանի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել` փոխարենը զիջելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դոմինանտությունը եւ «ռուսական պլանի» իրագործման հնարավորությունը:

Թե կոնկրետ ինչ հարցում՝ դժվար է ասել:

Այդուհանդերձ, հետաքրքիր է, որ հենց երեկ Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ վարչակազմը հնարավոր է համարում մինչեւ տարեվերջ ուկրաինական հակամարտության կարգավորումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 713 անգամ
 


Այս թեմայով