Արցա՞խ, Ղրի՞մ, թե՞ Սիրիա. ո՞ր ուղղությամբ Թուրքիան պատերազմ կսկսի

1417707_10203439051559041_620869888_oՌուս-թուրքական հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ավելին, այդ հարաբերությունները լարվածության նոր լիցքեր են ստանում: Թուրքիան հիմա ճանապարհներ է փնտրում Ռուսաստանի դեմ ոչ ուղիղ առճակատման համար:
Այս առումով Թուրքիան ունի երեք ընտրություն` Ուկրաինայի միջոցով և այդտեղ բնակվող թաթարների ձեռքով, Սիրիայի ընդիմադիրների միջոցով և Արցախի ուղղությամբ` Ադրբեջանի ձեռքով:
Ներկա պահին թուրք պաշտոնայների պաշտոնական այցելությունները հուշում են այն մասին, որ դեռևս ճակատը ճշգրտված չէ և դեռևս չկա որոշում, թե Ռուսաստանի դեմ, որ կողմից պետք է դուրս գան:
Փետրվարի 15-ին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն այցելեց Ուկրաինա և մի շարք հանդիպումներ ունեցավ: Այս այցելությունից հետո ակտիվացան այդ երկրում բնակվող թաթարները և ըստ որոշ տեղեկությունների թաթարները ակտիվորեն սկսել են ընդունվել բանակի շարքերը: Սակայն ռեալ գնահատելով թաթարների հնարավորությունները Ուկրաինայում և մասնավորապես Ղրիմում պետք է փաստել, որ այս ուղղությամբ Թուրքիային որևէ լուրջ հաջողություն չի սպասվում:
Սիրիական խնդիրը նոր երանգ է ստանում և այստեղ էլ թուրքերը ամեն կերպ փորձում են ներգրավվել: Թուրքիան խոշոր աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ընդդիմությանը և վերջին օրերին ինքն էլ հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին: Սիրիայում թուրքերի համար բացի Ռուսաստանից մեծ խնդիրներ են առաջացնում նաև քրդերը, որոնք վայելում են ՌԴ աջակցությունը: Իրականում Սիրիական հակամարտության մեջ Թուրքիայի ուղիղ ներգրավումը շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի համար, իսկ քրդերի դեմ գործողությունների շարունակականությունը կարող է բերել, նրան, որ Թուրքիայի քրդերը էլ ավելի կսաստկացնեն իրենց զինված պայքարը և այն կտեղափոխեն Թուրքիայի եվրոպական հատված: Սակայն դեռևս հնարավոր չէ հստակ ասել, որ Թուրքիան պատրաստ է մտնել Սիրիա և այն էլ այն դեպքում, երբ այս պլանին դեմ են նաև Թուրքիայի արևմտյան գործընկերները:
Հաջորդ ճակատը, որը կարող է Թուրքիան օգտագործել Ռուսաստանի դեմ` հայ-ադրբեջանական սահմանի Արցախի հատվածն է: Այս առումով ևս կարծես ծրագրեր են քննարկվում, քանի որ օրերս Ադրբեջան այցելեց Դավութօղլուն, իսկ մոտ ժամանակները Ադրբեջան կայցելի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Արցախի սահմանին Թուրքիայի հրահրմամբ զինված բախումները ևս շատ հավանական են: Իսկ եթե գումարեն այն հանգամանքը, որ Արցախի խնդրին Ռուսաստանը չի կարող ուղիղ զինված մասնակցություն ունենալ, ապա այն Թուրքիայի համար բավական գրավիչ կարող է թվալ: Սակայն չպետք է կարծել, թե Արցախի ուղղությամբ Թուրքիայի գործողությունները մարսվելու են: Գերտերությունները վստահաբար դեմ են նոր ռազմական բախման օջախ ստեղծելուն և այս առումով էլ Թուրքիային դժվար ընտրություն է սպասվում:
Ամփոփելով պետք է նկատել, որ այս երեք ուղղություններն էլ Թուրքիայի համար վտանգավոր են, սակայն նա պարտավոր է ընտրել դրանցից մեկը` ստեղծված փակուղուց դուրս գալու համար:
Բորիս Մուրազի
Դիտվել է 293 անգամ
 


Այս թեմայով