Արտգործնախարարները հիմք կնախապատրաստեն բարձրագույն մակարդակով բանակցությունների համար

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա 2019թ. սկզբին և հիմք կնախապատրաստի բարձրագույն մակարդակով բանակցությունների համար, ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Միլանում։

Միլանում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը «պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար ու երկարատև կարգավորումն ապահովելու նպատակով»։

Համանախագահ երկրները ողջունելի են համարել այն փաստը, որ «սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների զրույցից հետո, էականորեն կրճատվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ու կորուսների մասին հաղորդագրությունները»։

«Նրանք կոչ են արել կողմերին շարունակել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածություններն ու հստակ քայլեր ձեռնարկել՝ երկու երկրների հասարակությունները խաղաղության նախապատրաստելու համար», — ասված է հայտարարության մեջ։

Բացի այդ, համանախագ երկրները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կվերականգնվի բարձրագույն մակարդակով արդյունավետ երկխոսությունը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև՝ «հակամարտության երկարատև ու արդար կարգավորման նպատակով»։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ու Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը նորից հայտարարել են, որ պատրաստ են ակտիվ աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ու լարվածության հետագա նվազման ուղղությամբ։ Այս կապակցությամբ նրանք պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հերթական հանդիպումն անցկացնել 2019թ. սկզբին, որպեսզի հիմք նախապատրաստեն բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունների համար», — ասված է հայտարարության մեջ:

Այս թեմայով