Արտակարգ դեպք Գյումրիում. ռուս զինվորականների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք՝ հարցականով, ուղեղի ցնցում՝ հարցականով, աջ ակնակապիճի հեմատոմա, ձախ արմնկային շրջանի քերծված վերք, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասի 3/2 հանրակացարանից իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Մինչ ոստիկանները կհասնեին հիվանդանոց, հերթական ահազանգն է ստացվել հիվանդանոցից, որ «մարմնի տարբեր մասերի քերծվածքներ, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մեկ քաղաքացի, այս անգամ Սևերսկի թաղամասի 3/1 հանրակացարանից։ Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են ՌԴ քաղաքացիներ, 34-ամյա Դենիս Մակիևը, 36-ամյա Պավել Ռոմանովը։

Պարզվել է, որ նշված անձինք հանրակացարանի բակում վիճաբանել են միմյանց հետ, այնուհետև հարվածներ հասցրել միմյանց, որից հետո Դ. Մակիևը մի քանի անգամ հարվածել է Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի 8-րդ զինվորական թաղամասում բնակվող՝ 35-ամյա Եգոր Կիբալչիչին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի առջևի և հետևի դռներին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Մակիևը ծառայում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ N զորամասում՝ որպես մարտկոցի տեխնիկ, կոչումով ավագ ենթասպա է, Պ. Ռոմանովը՝ նույն զորամասում՝ որպես դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ է, Ե. Կիբաչիչինը ծառայում է Հայաստանում տեղակայված Գյումրու թիվ 102 ռազմաբազայում՝ որպես դասակի հրամանատար։ Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Այս թեմայով