Արշալույսցիները Փաշինյանից պահանջում էին իրենց համայնքապետի հրաժարականը

Արշալույս գյուղի բնակիչները կանգնեցրել էին Արմավիրի մարզ գնացող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեքենան և պահանջում էին, որ իր միջնորդությամբ՝ իրենց համայնքապետը՝ Զարզանդ Գրիգորյանը, հրաժարական տա: Վերջինս Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ համայնքապետն ընտրովի պաշտոն է, համայնքի բնակիչները պետք է կազմակերպվեն և պահանջեն հրաժարական:

«Գյուղի մեծամասնությունն ուզու՞մ է իր հրաժարականը: Թղթի վրա ստորագրահավաք արե՛ք»,- ասաց նա:

Դրան ի պատասխան՝ արշալույսցիները նշեցին, որ իրենք ստորագրահավաք արել են, ներկայացրել են մարզպետարան, սակայն այնտեղ ասել են՝ պետք չէ շարունակել, նա հրաժարական է տալու: Սակայն, ըստ նրա, մինչ օրս համայնքապետը հրաժարական չի տվել:

«Գյուղի բնակիչների կարծիքն է կարևոր»,- ասաց նա՝ նորից հորդորելով ստորագրահավաք անել:

Բնակիչները դժգոհեցին նաև համայնքապետի քրեածին արարքներից: Փաշինյանը պատասխանեց՝ դրանով Դատախազությունն է զբաղվում: Արշալույսցիների դիտարկմանը, թե Դատախազությունը չի զբաղվում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ չի կարող չզբաղվել, ժամանակ է պետք:

Այս թեմայով