Արմեն Մովսիսյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

armen-movsisyanԵրգահան, երգիչ Արմեն Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ.

«Սկզբում ինձ թվաց, թե ինչ-որ բան սխալ հասկացա, հետո լսեցի երկրորդ անգամ, սարսափեցի. այդ ասում է Հայաստանի Հանրապետության նախագահը` մեր բանակը զինված է 80-ականների զենքով: Ով գիտի` ի՞նչ է նշանակում 80-ականների սովետի զենքը: Պատմեմ իմ անձնական բանակային փորձից:

Մարտական տագնապի ժամանակ տանկային դիվիզիայի տանկերի 20%-ը բոքսերից դուրս չէին գալիս, հաջորդ 20%-ը արշավի առաջին մի քանի կիլոմետրերին խափանվում էին: Այսինքն՝ առանց մարտի մեջ մտնելու սովետական զրահատեխնիկայի 40%-ն արդեն ջարդոն էր:

Հեռավոր 83-ին էր սա, ու դուք հպարտությամբ նշում եք, որ նման զինատեսակներով է սպառազինված մեր բանակը 33 տարի հետո՞, ու զինվորը քաջությամբ իր կյանքի գնով կարողացավ ի չիք դնել… Հայ զինվորին խորին խոնարհումս, միշտ՝ թե 90-ականներին, թե այսօր, իսկ ձեր անելիքը ինչո՞ւմն է կայանում՝ որպես Գերագույն, արյունով հողը պահող զինվորին մատակարարել 80-ականների ջարդոն ու տասնամյակներով խաբել սեփական ժողովրդին:

Միշտ ասել եմ՝ Բանակի հարցերն ինձ համար քննարկումից դուրս են, բայց վերջին լսածիցս հասկացա, որ այլևս ոչ, օրհասական ժամ է, մեր լինելիությունն է վտանգված:

Դրոնահար որսորդական հրացանով և զինվորի թանկ արյամբ պետք է մտահոգվել, ոչ թե հպարտանալ: Ես էլի կհասկանայի, ինչ-որ տեղ կընդունեի բացատրությունները, որ աղքատ երկիր ենք, եթե տեսանելի տիրույթում չտեսնեի այն ցոփ ու շվայտ ապրող տեսակը, որը ձեր ամենաթողությամբ ու հովանավորչությամբ սեփականացրել է Հայ ժողովրդի ազգային հարստության մեծ մասը ու հարստացել նաև Հայկական բանակի փաստացի թալանով: Այն խորհրդարան կոչվող կույտով, որը փաստորեն բացարձակ կապ չունի Հայրենիքի լինելիության հարցի հետ ու հլու մեծամասնությամբ Երկիրն ու Բանակը տարել է այս խայտառակ վիճակին:

Անդրադառնալու շատ հարցեր կան, բայց ինձ հիմա հուզում է ամենաշատը միայն այս մեկը, որն օրգանապես կապված է իմ Հայրենիքի լինելիության հարցի հետ: Ինչպես կանվանեք նրան, ով փախել է թշնամական երկիր ու վարկաբեկում է իր Հայրենիքը, այո, դավաճան, իսկ նա, ով ապրելով Հայրենիքում յուրացրել կլանացրել ու աղքատացրել է Հայրենիքը ու, ամենակարևորը, լինելով պատասխանատու՝ ոչինչ չի արել սեփական բանակի ամրապնդման համար՝ բացի հպարտանալուց անցյալ դարի սպառազինությամբ ու հայ զինվորի արյամբ վճարված զինադադարի, ոչ խաղաղության համար, ո՞վ է նա:

Օրհասական ժամանակներ են գալիս, Հայրենիքը վտանգի մեջ է, մենք՝ իրականում անպատրաստ: Այո, ազգովի պետք է լծվել ու լուծել այս հարցերը, ու գուցե ժամանակն է հեռանալ, ստեղծել ազգային վստահության իշխանություն ու գոնե մի անգամ իսկապես անել հայրենասիրական, ազգանպաստ արարք»:

Դիտվել է 2,070 անգամ
 


Այս թեմայով