Արմեն Գևորգյանը Հայաստանի նոր ԱԱԽՔ

armenՆախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Հանրապետության Նախագահը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին, շնորհավորել և հաջողություններ մաղթել նրան:

«Արմեն Գևորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարին պարտականությունները: Կայացած գործիչ է: Նրան ես ճանաչում եմ համատեղ աշխատանքից՝ գրեթե 20 տարի և այս 20 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա դժվարանար իր պարտականությունները կատարել: Այդ ընթացքում նա առնչվել է նաև Ազգային անվտանգության խորհրդի գործունեությանը, զբաղվել է հարցերով, որոնք հենց Խորհրդի անմիջական պատասխանատվության ոլորտում են: Վստահ եմ, որ կարճ ժամանակում ձեր օժանդակությամբ նա կարողանալու է մեր հանրությանը և մեր պետությանը մեկ անգամ ևս ցույց տալ, որ Ազգային անվտանգության խորհուրդը կարևոր օղակ է մեր պետական կառավարման համակարգում: Բոլորդ շատ լավ գիտակցում եք, որ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմին է, բայց չի եղել որևէ կարևոր խնդիր, որ չքննարկվեր Խորհրդում, այնուհետև այդ քննարկման արդյունքներով որոշում չկայացվեր»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին վստահության համար և նշել, որ սա իր համար պետական համակարգում դրսևորվելու կրկնակի փորձ է: «Ես համոզված եմ, որ մեր բոլորիս համատեղ ջանքերով, իրոք, կարող ենք այնպես անել, որպեսզի բոլորի ակնկալիքներն այս կառույցից արդարացված լինեն»,- ասել է ՀՀ ԱԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանը: Նշելով, որ արդեն հասցրել է ծանոթանալ իր գործընկերների մի մասի հետ և համոզված է, որ Խորհուրդը կարող կառույց է, ՀՀ ԱԱԽ քարտուղարը վստահեցրել է, որ նրանց հետ միասին կփորձի անել ամեն հնարավորը՝ պարտաճանաչորեն և բարձր որակով իրականացնելու Խորհրդի առջև դրված պարտականությունները:

Դիտվել է 105 անգամ
 


Այս թեմայով