Արմեն Աշոտյան. ՀՀԿ-ն է այն ուժն է, որը կարող է առաջնորդել երկրում համակարգային փոփոխությունները

«Հազիվ լրագրողները ընկել էին ձեռքս». Արմեն Աշոտյան«Առավոտ» օրաթերթը հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հեղինակային հոդվածը:

Վերլուծելով ներքաղաքական զարգացումները՝ հեղինակը գրել է. «2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են, որոնք առաջին անգամ մեր պատմության մեջ դառնալու են իրականում երկրի ապագայի համար վճռորոշ ընտրություններ՝ խորհրդարանին վերապահված քաղաքական ղեկավարման և որոշումներ կայացնելու տեսակետից: Եթե վերհիշենք Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, ապա ակնհայտ կդառնա, որ երկրի կառավարման նոր մոդելի դեմ կատաղի պայքար են մղել հենց այն քաղաքական շրջանակները, որոնց կուսակցական ինստիտուցիոնալ կարողությունները կամ այլևս բացակայում են (նախկին նախագահ Ռ.Քոչարյան), կամ գտնվում են ակնհայտ ազատ անկման փուլում (ՀԱԿ, «Ժառանգություն»): Ստեղծված իրավիճակում մրցակցային առավելություն են ստանում ինչպես կուսակցական գործունեության ամուր մեխանիզմներ ավանդույթներ ձևավորած քաղաքական ուժերը (ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, մասամբ՝ ՕԵԿ), այնպես էլ քաղաքական նոր լիդերության ամբիցիաներ դրսևորող գործիչների շուրջ տարբեր աստիճանի հաջողությամբ բյուրեղացող նորաստեղծ կուսակցությունները («Քաղաքացիական պայմանագիր, «Լուսավոր Հայաստան» և այլն)»:

Թվարկելով ՀՀԿ-ի մրցակցային առավելությունները՝ Աշոտյանը նշել է.
-Քաղաքական պայքարի ակունք ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային Միացյալ կուսակցությունից (ԱՄԿ)
-Ուժեղ գաղափարական հենք՝ ազգային-պահպանողական արժեհամակարգի շրջանակներում, որին կացութաձևային իմաստով համարում է մեր հասարակության ճնշող մեծամասնությունը
-Համաչափ քաղաքական կառուցվածք, երբ ուժեղ է ոչ միայն կուսակցության «գլուխը», այլ նաև «մարմինը»: Այս հատկության շնորհիվ է, որ կուսակցությունն իր պատմության ընթացքում վերապրել է իր նախկին լիդերների ՝ երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի կորուստները՝ ամեն անգամ առաջնագիծ բերելով նոր խարիզմատիկ ղեկավարի
-Լայն հասարակական ներկայանալիություն՝ շնորհիվ բազմաշերտ ու բազմախավ անդամության
-Շնորհիվ վառ արտահայտված միջազգային կապերի՝ համաշխարհային լավագույն կուսակցական փորձի տեղայնացում
-Ձևավորված կուսակցական ենթակառուցվածքներ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր բնակավայրում
-Հանրապետությունում դեռևս առկա առանձին խնդիրներով հանդերձ ՝ Հանրապետական ընկալում որպես «երկրի անվտանգության կուսակցություն»:

«Ի մի բերելով նշվածը, միաժամանակ չանտեսելով նաև գոյություն ունեցող խնդիրներն և խոչընդոտները ՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որ կարող է առաջնորդել երկրում համակարգային փոփոխությունները՝ միաժամանակ ինքը կրելով այդ փոփոխությունների գաղափարաբանական և խորքային ազդեցությունը: «Mobilis in mobile»՝ շարժունակը շարժուն միջավայրում ՝ այս կարգախոսն է բնական միջավայրում գիտատեխնիկական առաջընթացի և մրցունակության բանաձևը, որն ամբողջությամբ կիրառելի է նաև Հանրապետական կուսակցության համար»,-եզրափակելով հոդվածը՝ գրել է հեղինակը:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 37 անգամ
 


Այս թեմայով