Արմեն Ամիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Armen-AmiryanՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, ինչի մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում` դիմելով հանրային ռադիոյի աշխատակիցներին:Ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ:

«Հայաստանի հանրային ռադիոյի սիրելի աշխատակիցներ,
1997 թվականից սկսած, իսկ շատերի հետ դեռևս հեռուստատեսությունում աշխատանքի տարիներից, անցել ենք երկար ճանապարհ:

Այդ ճանապարհին արձանագրել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, ստացել ենք մրցանակներ, պարգևներ, արժանացել ենք մեր ունկնդրի ջերմ ու շնորհակալ գնահատականին, ունեցել ենք ոգևորության, երբեմն էլ հիասթափության շրջաններ:

Շուրջ 19 տարի մենք ապրել ենք նաև ընտանիքի պես: Կարեկցել ու սատարել ենք միմյանց դժվարին պահերին, ուրախացել ու հրճվել ենք մեր զավակների, հարազատների, ընտանիքի անդամների հաջողություններով: Միշտ էլ գալիս է պահը, երբ ամեն սկիզբ իր ավարտն է ունենում:

Սիրելի գործընկերներ , ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել և մասնակցելու եմ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Հույս ունեմ, որ մեր աշխատանքային սկիզբը կունենա ոչ թե ավարտ, այլ շարունակություն` մի փոքր այլ ձևաչափի մեջ:

Կուզեի ընդհանուր ժողովի ժամանակ բոլորիդ անհատապես շնորհակալություն հայտնել, սակայն հաշվի առնելով իմ հուզվող տեսակը, թույլ տվեք գրավոր ասել այն, ինչ թերևս չեմ հասցրել ասել Ձեզ:

Շնորհակալություն Ձեր մասնագիտական բարձր որակը և կարողությունները Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերում ներդնելու համար:

Շնորհակալություն Ձեր մարդկային բարի և գնահատող տեսակի համար, շնորհակալություն ունկնդրի հանդեպ Ձեր անկեղծության, անաչառության և նվիրումի համար:

Համոզված եմ, որ այսուհետև ևս շարունակելու եք Հայաստանի հանրային ռադիոյի ունկնդիրներին փոխանցել անաչառ լրատվություն, բացելու եք մեր մշակութային հարուստ գանձարանի դռները, առաջնորդելու եք մատաղ սերնդին, երիտասարդներին` նպատակներն ու ցանկություններն իրականացնելու գործում և շարունակելու եք բարության, գեղեցկության, հայրենասիրության ու հայրենապաշտության կենարար հունդերը սերմանել մեր ժողովրդի սրտերում ու հոգիներում:

Շնորհակալությամբ`
Ընդմիշտ Ձեր
Արմեն Ամիրյան»։

Դիտվել է 113 անգամ
 


Այս թեմայով