Արմենն ուժեղ է, ես էլ եմ ուժեղ, հնարավոր էր բախում լիներ, բայց թույլ տվեցի նրան լինել մեր առաջնորդը. Արմեն Սարգսյանի կինը՝ ամուսնու մասին

«ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը լրագրող է, բանասեր, մանկագիր՝ հեքիաթներ է գրում: Երկու որդիների մայր (Վարդան և Հայկ Սարգսյաններ), երեք թոռների տատ և ազգությամբ ամերիկուհի հարսի սկեսուր Նունե Սարգսյանի գրչի արգասիքներն անգլիական ու հայկական մշակույթի հետաքրքիր համակցություն են, որտեղ հերոս վի­շապներն անգամ կարող են բարի ու գունագեղ լինել, և բարին ավանդա­բար հաղթում է չարին:

Նրա հեղինակած հեքիաթները փոխադրվել են հայերենի մի շարք բարբառներով ու ներկայացված են ՀՀ գրեթե բոլոր գրադարաններում: dailymail.co.uk պարբերականը 2016-ին հարցազրույց էր տպագրել լոնդոնաբնակ դեսպանի կնոջ հետ: Զրույցը, որը ծավալվել է Թեմզային նայող Սարգսյանների տան հյուրասենյա­կում, և որը քաղցրացրել են արծաթե սկուտեղով մատուցված բալն ու ձմե­րուկը, շատ բան է պատմում դեսպանի (ՀՀ ապագա առաջին տիկնոջ) ճաշակի ու աշխարհընկալման մասին: Նա ունի «Լինլի» կահույքի հավաքածու և մտերմիկ հարաբերություններ դիզայների՝ Լորդ Դեյվիդ Լինլիի՝ Թագուհու զար­միկի հետ:

Դեսպանի տիկնոջ հետ զրուցած Շառլոտ Փիրսոն Միթվեն փոխանցում է իր տպավորությունները Նունե Սարգսյանի մասին՝ նա ցուցամոլ ոչինչ չունի, «անչափ կիրթ և քաղաքավարի է, որպեսզի դրամի մասին խոսակ­ցություն վարի, և ամեն ինչին վերա­բերվում է հանգիստ՝ արժանավայել գնահատանքով»:

«Նունեն և Արմենը հանդիպել են Հայաստանի մայրաքա­ղաք Երևանի դպրոցներից մեկում, երբ Նունեն 14 տարեկան էր, Արմենը՝ 15: Նրանք մեծացել են խորհրդային վարչակարգի խստաշունչ պայմաննե­րում. Նունեն հիշում է, որ թեև կյանքը ճնշող էր, սակայն ապահով և ստեղ­ծագործ տաղանդը սնուցվում էր…»: «Հայրս լրագրող էր, մայրս՝ ուսուցչուհի, ուստի մենք մտավորականության մի մասն էինք: Այնժամ մեր հասարակու­թյունում դասակարգեր չկային, կային պարզապես շերտեր, և մենք երկրորդ շերտում էինք՝ նոմենկլատուրայից հետո, որին պատկանում էին քաղաքական գործիչները և բարձրաստի­ճան պաշտոնյաները, ում հասանելի էին արտասահմանյան ապրանքները և ճամփորդությունները: Մենք հա­րուստ չէինք, սակայն կրթված էինք և բավական գումար ունեինք սնվե­լու ու հագնվելու համար: Ես երբեք զրկվածության զգացում չեմ ունեցել: Իմ մանկությունը վատ չի եղել… Կար զգացում, որ մեզ մշտապես հետևում են: Մայրս մեզ ասում էր, որ զգուշ լի­նենք: Անեկդոտներ չպատմենք, քանի որ պատերն էլ ականջներ ունեն: Այդ զգացումը մանկուց ի վեր եղել է: Դա երբեք մոռանալ չի կարելի: Վախն ամենուր էր՝ դրա վրա էր հիմնված վարչակարգի երկարակեցությունը»,- dailymail.co.uk -ի հետ զրույցում պատմել է Ն. Սարգսյանը:

Նա խոստովանել է, որ ամեն ինչով նպաստել է ամուսնու կարիերային և լիուլի ըմբոշխնում է ընտանեկան կյանքը, զգում, որ իր ամեն զոհողու­թյուն լիովին արդարացված է: «Կար­ծում եմ՝ իմ որոշ երազանքներ զոհեցի հանուն ընտանիքիս բարեկեցության: Սակայն երբեք չեմ զղջում դրա համար: Երկու գեղեցիկ որդի ունեմ, որոնք խե­լացի են և հեռատես: Եթե կյանքում ունեցել եմ հիասթափություններ, ապա աշխատել եմ ի ցույց չդնել դրանք: Շատ դժվար է փոխհարաբերություն­ներում գտնել ճիշտ բալանս: Արմենն ուժեղ է, ես էլ եմ ուժեղ: Հնարավոր էր բախում տեղի ունենար, բայց ես թույլ տվեցի նրան լինել մեր առաջնորդը, և նա գնահատում է դա: Նա միշտ ասում է, որ առանց ինձ ոչնչի չէր հասնի»,- ասել է Ն. Սարգսյանը: Նա սիրում է ինտելեկտուալ դետեկտիվներ, սիրած մանկական գրականությունը Դոկտոր Զեուսի և Ռոալ Դալի ստեղծագործու­թյուններն են, ինչպես նաև հայկական ժողովրդական հեքիաթները:

Արձակուրդի սիրած վայրը, բա­ցի Հայաստանից, Սարդինիան է, Ճապոնիան, որի մինիմալիստական արվեստն ու մշակույթը հոգեհա­րազատ են իրեն: Սիրած ուտեստը՝ մանրացրած ընկույզով, կարմիր լո­բով ապուրը, նաև գառնուկի միսը՝ տապակած սերկևիլով և լոլիկով: Ամենաթանկարժեք ունեցվածքը հա­մարում է անգլիական բուլդոգ Քոլոյին»,-գրում է Հրապարակ թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով