«Արմ-Աէրո» ՓԲԸ-ի գործազուրկ օդաչուները վարչապետի և ՊՆ նախարարի հետ հանդիպում են պահանջում

2014թ-ից ստեղծված «Արմ-Աէրո» ընկերության աշխատակիցները՝ օդաչուներ, տեխնիկներ, բորտ-ինժեներներ՝ շուրջ 11 հոգի, դարձել են  գործազուրկ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ուղղաթիռի հրամանատար հրահանգիչ Կարեն Վարդանյանը և բորտ-մեխանիկ Աշոտ Բաբայանը նշեցին, որ արդեն մեկ շաբաթ է՝ իրենց հայտնել են, որ այլևս չեն աշխատելու՝ պատճառաբանելով, թե միակ ուղղաթիռը, որով չվերթներ էին իրականցնում, այլևս շահագործման ենթակա չէ:

Կարեն Վարդանյանը նշեց, որ արցախյան պատերազմի ժամանակ նրանք ազատամարտիկներին հասցրել են զենք և զինամթերք, վիրավորներ տեղափոխել հիվանդանոցներ և քաղաքացիական թռիչքներ իրականացրել՝ ապահովելով ընկերության համար կայուն եկամուտ:

«Երեք տարի է ռեմոնտ չեն արել, բայց տարեկան եկամուտ է բերել, որից 100 մլն դրամ փոխանցվել է Պաշտպանության նախարարություն, հիմա մեր տնօրինությունը չի ուզում այլևս աշխատել, մենք նրանց համար գլխացավանք ենք:

 Մենք ասում ենք, որ այդքան փող եք ունեցել, թող դրանով էլ վերանորոգեին ուղղաթիռը»,-ասաց նա:

«Արմ-Աէրո» ընկերության աշխատակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպում։ Նրանք արդեն իսկ դիմել են Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին և հիմնավոր ներկայացրել խնդիրը, փոխանցել նրան որոշ տեղեկատվություն, որը դեռևս մամուլին հայտնել չեն ուզում:

«2003 թվականին երբ սնանկացման եզրին է հայտնվել Հայկական ավիաուղիները, մեզ տեղափոխել են «Արմ-Աէրո» ընկերություն: Մեզ պետք է երեք քաղաքացիական ուղղաթիռ տային, բայց ելնելով Հայաստանի դրությունից, որ մենք գտնվում ենք կիսապատերազմական վիճակում, մեկ ուղղաթիռ վերցրեցինք, որի միջոցով մարդկանց Արցախ էինք տանում, Շառլ Ազնավուրին ենք Արցախ տարել, անտառի սրսկումները մենք ենք արել »,-ասաց նա և հավելեց, որ ուղղաթիռները տրվել է ՊՆ-ից՝ վարձակալման հիմունքներով:

Կարեն Վարդանյանը նշեց, որ ըստ մասնագետների՝ ուղղաթիռի շահագործման ժամկետը սպառվել է և ըստ ընկերության՝ վերանորոգման գումար չունեն, պետությունից են խնդրել, որն էլ չի տալիս: Ի դեպ, ըստ օդաչուի՝ «Արմ-Աէրո» ընկերության 100 տոկոս բաժնետերը ՊՆ-ն է:

Կարեն Վարդանյանը նշեց, որ 2016թ-ին որոշում է եղել, որ «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի եկամուտներով գնել են «Հեր-Հեր հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ն, փոխարենը այդ գումարով ուղղաթիռը կարող էին վերանորոգել:

Այս թեմայով