Արթուր Վանեցյանը՝ իր ընտանիքի անդամների հետ առնչվող օֆշորային ընկերությունների մասին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ իր ընտանիքի անդամները խոշոր բիզնեսներ ունեն օֆշորային գոտում։

Լրագրողի հարցին՝ արդյոք ԱԱԾ-ն նույն ջանասիրությամբ զբաղվում է Վանեցյանի ընտանիքի անդամների հետ կապված օֆշորային կազմակերպություններով՝ հաշվի առնելով այն, որ նրա հորեղբոր կինը օֆշորային գոտում ունի բիզնես, և ավելին՝ նախկին իշխանությունների ժամանակ տուգանվել է 335 հազար դոլար գումարով։
Ի պատասխան՝ Վանեցյանը հաստատեց, որ իր եղբայրը խոշոր գործարար է, ու Հայաստանից դուրս խոշոր բիզնեսներ ունի, որոնք իր հորեղբոր կնոջ՝ Զեմֆիրա Վանեցյանի անունով են, և որը Հայաստանում չի բնակվում 1988-89 թվականից։
«Զեմֆիրա Վանեցյանը, այո, իմ հորեղբոր կինն է, որը ՀՀ-ում չի բնակվում 1988-89-ից: Իհարկե, ինքը տնտեսական գործունեությամբ չի զբաղվում, այդ ընկերությունը պատկանում է եղբորս՝ Կարեն Վանեցյանին, ով շատ խոշոր գործարար է, որը ՀՀ տարածքում որևէ բիզնես չունի ու բիզնես հետաքրքրություն չունի: Ինքը ՀՀ քաղաքացիություն ստացել է այս տարի՝ զուտ նրա համար, որ եղավ այս հեղափոխությունը, տենդենց գնաց, որ գան Հայաստան: Ինքն այսօր Երևանում է, խնդրեցի, ասեցի՝ արի հետս, ինձ օֆշորից հարց են տալու, արի պատասխանի՝ չեկավ», — նկատեց ԱԱԾ տնօրենը:
Այդուհանդերձ, անդրադառնալով օֆշորային ընկերություններին, ընդհանրապես, Վանեցյանը նկատեց, որ օֆշորային ընկերություն ունենալը հանցագործություն չէ:
«Դա բիզնես գործիք է, որն օգտագործվում է աշխարհի շատ գործարարների կողմից: Ինձ վերաբերող որևէ օֆշորային ընկերություն չկա, ես որևէ տնտեսական գործունեությամբ չեմ զբաղվում: Չեմ թաքցրել ու չեմ թաքցնում, որ իմ եղբայրը՝ Կարեն Վանեցյանը, և մի եղբայր էլ ունեմ՝ Արմեն Վանեցյանը, խոշոր գործարարներ են, իրենց գործունեությունը իրականացնում են Սերբիայում, Իրաքում, Ուկրաինայում, շատ երկրներում ու որևէ հանցագործություն ես դրա մեջ չեմ տեսնում: Էլի եմ ասում, չեմ հերքում, Զեմֆիրա Վանեցյանը հորեղբորս կինն է, հորեղբայրս, փառք Աստծո, դեռ կենդանի է, ապրում են Ժնևում, գաղտնալսումն էլ իրենց մոտ էի, երբ գաղտնալսվեցի: Արմեն և Կարեն Վանեցյանը եղբայրներիս հետ կապված կարող են հետաքննող լրագրողները հետաքննել ու իմանալ», — հավելեց ԱԱԾ տնօրենը:

Այս թեմայով