Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Շրջայցի ընթացքում առաջին հանդիպումը քրեակատարողական հիմնարկի անձնակազմի հետ էր, որոնց ուղղված իր խոսքում նախարարը նշել է, որ հանրության սպասելիքները մեծ են քրեակատարողական համակարգից և, որ տարիների ընթացքում պատժի կատարումն ապահովող ծառայության վերաբերյալ հանրության շրջանում կան ձևավորված կարծրատիպային ընկալումներ՝ թե´ օբյեկտիվ, թե´ սուբյեկտիվ դրդապատճառներով: Նախարար Զեյնալյանը ընդգծել է, որ քրեակատարողական ծառայությունում իրականացվող բարեփոխումները պետք է տեսանելի դառնան նաև հասարակությանը, որի իրագործման քաղաքական կամքն ու շարժառիթը ներկայիս Կառավարությունն ունի:

Այնուհետև, նախարար Զեյնալյանը ՔԿԾ պետ Արտյոմ Մխոյանի և «Արմավիր» ՔԿՀ պետ Խաչիկ Հարությունյանի ուղեկցությամբ քրեակատարողական հիմնարկում կատարած շրջայցի ընթացքում ծանոթացել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված խցերին և տեղում քննարկել դատապարտյալների հետ նրանց հարազատների անմիջական շփումն ապահովելու նպատակով դրանց բարելավման հնարավոր տարբերակները: Շրջայցը շարունակվել է քրեակատարողական հիմնարկի բուժմասում, որտեղ նախարարին զեկուցվել են դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում առկա հնարավորությունները: Նախարարը եղել է նաև քրեակատարողական հիմնարկի խոհանոցում, ծանոթացել մատուցվող սննդացանկին և դրա պատրաստման պայմաններին, իսկ գրադարանում ծանոթացել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվող կրթական ծրագրերին և դատապարտյալների կողմից դրանց հաճախելիության ցուցանիշներին:

Նախարարի շրջայցը շարունակվել է «Արմավիր» ՔԿՀ-ի 1-ին 2-րդ 4-րդ մասնաշենքերում, որտեղ նա տեղում ծանոթացել է բանտախցերում դատապարտյալների պահման պայմաններին, զբոսանքի տևողությանը և մի շարք այլ հարցերի:

Արտակ Զեյնալյանը շրջայցի ընթացքում նաև կարճատև զրույց է ունեցել որոշ ցմահ դատապարտյալների հետ, լսել նրանց խոսքը՝ փորձելով իրավունքի և լիազորությունների շրջանակում օգտակար լինել նրանց:

Այս թեմայով