Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Արա»-ն դու ես ու շեֆդ». Շարմազանովը Փաշինյանին հունից հանեց

«Արա»-ն դու ես ու շեֆդ». Շարմազանովը Փաշինյանին հունից հանեց

arm13862354809Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ներկայացրած հարցապնդման վերաբերյալ օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցի քվեարկությունը բուռն անցավ: Վարման կարգով ելույթի իրավունքից օգտվելով՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմեց Հանրապետական կուսակցությանը: «Դուք էլ եք ընդունում, որ կոռուպցիան մեր երկրի գլխավոր չարիքն է, ուրեմն եկեք միասին քայլ անենք այդ չարիքի հաղթահարման ուղղությամբ: Այն որոշման նախագիծը, որ մենք ձեզ ներկայացրել ենք, առաջարկություն է ձեր նշանակած կառավարությանը, ձեր նշանակած գլխավոր դատախազին»,- ասաց նա:

Զուրաբյանն առաջարկեց ուղարկել այս փաստերը դատախազություն, կառավարությանը հանձնարարել պատրաստել անհետաձգելի միջոցառումների փաթեթ: ՀԱԿ ղեկավարը նկատեց՝ եթե իրենք չեն անում այդ քայլը, նշանակում է՝ դառնում են կոռուպցիայի գլխավոր պաշտպանը Հայաստանում:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց. «Ընդհանուր առմամբ՝ ասել երկրի կառավարության, միգուցե ինչ-որ բան կնշանակեր, եթե դուք խնդիրներ ունեք, ձեր խնդիրները ձեր մեջ լուծեք: Միջոցառումները, ինչ կապված են կոռուպցիայի հետ, մենք բավական լավ բանաձևել ենք, առավել ևս, մենք ենք անընդհատ այդ մասին հիշեցնում, էնպես որ մենք դեմ ենք քվեարկելու»: Սահակյանը շեշտեց՝ անհեթեթությունները չեն կարող իրավական տեսք ստանալ, ուստի ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու:

Վարման կարգով ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմեց քաղաքական փոքրամասնության «մի հատված»-ին: Նրա ելույթը, սակայն, տեղից ընդհատեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, որը պահանջեց բովանդակային խոսել: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորին հանգստացրեց՝ նշելով, որ եթե Շարմազանովը բովանդակային քննարկման մեջ մտնի, ինքը կարձագանքի: Նաղդալյանն ամբողջ ընթացքում դահլիճից պահանջում էր հանգիստ պահել:

«Տիկի՛ն Նաղդալյան, հնարավորություն տվեք՝ ես ասեմ: Ուրեմն կարդացել եք, բայց չեք հասկացել: Այո, կոռուպցիան պրոբլեմ է, ախր, մեր պետության ժողովրդավարության համար ամենամեծ պրոբլեմներից մեկն է, բայց էդ «Թրանսփերենսի ինթերնեշնլի» տվյալներով որ նայեք, մենք աստիճանաբար պայքարում ենք, իսկ ինչ վերաբերում է դրան, Վերահսկիչ պալատի բոլոր նյութերը ԱԺ-ից ուղարկված են դատախազություն»,- ասաց նա՝ վերահաստատելով խմբակցության ղեկավարի ասածը՝ Հանրապետական խմբակցությունը քվեարկելու է դեմ:

Շարմազանովը, դիմելով Փաշինյանին, խոսքում թույլ տվեց «արա» արտահայտությունը, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Արա»-ն դու ես ու քո շեֆը»:

Նաղդալյանն անընդհատ պատգամավորներին հանգստության կոչ էր անում, նաև նշում՝ վարման կարգի վերաբերյալ բոլորի կարծիքներն արդեն արտահայտված են:

«Ի՞նչ եք կարծում, եթե վարման կարգի վերաբերյալ բոլոր պատգամավորները արտահայտվեն, ի՞նչ կդառնա, ի վերջո, պետք չի, բավական է սրա-նրա վերաբերյալ բանավիճել»,- ասաց նա:

Փաշինյանը տեղից արձագանքեց, որ բոլոր պատգամավորներն իրավունք ունենք արտահայտվել վարման կարգի վերաբերյալ: Նաղդալյանն էլ նշեց, որ բոլոր պատգամավորներն իրավունք ունեն արտահայտվել զուտ վարման կարգի վերաբերյալ, բոլոր պատգամավորների կանոնակարգով սահմանված իրավունքները պահպանված են, և պահպանված լինելու են, սակայն միայն վարման կարգի վերաբերյալ:

Ի վերջո, ձայների 10 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ հայցադիմումը մերժվեց: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն չմասնակցեց այս քվեարկությանը: «Մենք ՀԱԿ գործընկերներին տեղեկացրել ենք մեր մոտեցման մասին, որոշ ձևակերպումների հետ մենք ունենք որոշ վերապահում, չնայած՝ ընդհանուր առմամբ ներկայացված փաստաթուղթն ընդունելի է, մենք ունենք պայմանավորվածություն մեր գործընկերների հետ հետագայում աշխատել միասին այս փաստաթղթի վրա»,- ասաց նա:

Աղբյուրը www.1in.am

Դիտվել է 428 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy