Արա Բաբլոյանն ու Հայկ Մարությանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար 92 ներառական մանկապարտեզ

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար 92 ներառական մանկապարտեզ: Այցն իրականացվել է Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ:

Խորհրդարանի ղեկավարը և քաղաքապետը շրջայց են կատարել մանկապարտեզում, ծանոթացել զարգացման հապաղումներ ունեցող երեխաների համար ստեղծված պայմաններին, զրուցել բազմամասնագիտական թիմի անդամների հետ: Մանկապարտեզն ընդունել է 42 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` թեթև, միջին և ծանր զարգացման խնդիրներով:

Օրենսդիր մարմնի ղեկավարը շրջայցի ընթացքում քաղաքապետին ծանոթացրել է բազմաֆունկցիոնալ ներառական մանկապարտեզի մոդելին: Ըստ Արա Բաբլոյանի` հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության կարևորագույն բաղադրիչներից է առողջական խնդիրների վաղ հայտնաբերումն ու միջամտությունը, ինչն ապահովում է լավագույն արդյունք: Նա ընդգծել է, որ երեխաները նման մանկապարտեզներում ստանում են և՛ կրթություն, և՛ խնամք, և՛ համապատասխան բուժաջակցություն, ինչը դյուրացնում է կրթության հետագա կազմակերպումը ներառական դպրոցներում և մասնագիտական հմտությունների ձեռքբերումը` ապահովելով գործընթացի շարունակականությունը:

Լինելով Հայաստանում բազմաֆունկցիոնալ ներառական մանկապարտեզի մոդելի նախաձեռնողներից և ջատագովներից մեկը` Արա Բաբլոյանն այս գործընթացում կարևորել է միջգերատեսչական համագործակցությունը` համատեղելով առողջապահական, կրթական, սոցիալական, ինչպես նաև համայնքային կառույցների ջանքերը:

Բազմամասնագիտական թիմի անդամներն ու ոլորտի պատասխանատուներն ընդգծել են ծրագրի արդյունավետությունը՝ նշելով, որ մոդելի կիրառման փորձով հետաքրքրված են նաև այլ երկրներ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր է գնահատել համանման մանկապարտեզների անհրաժեշտությունը երեխաների կարողությունների զարգացման հարցում: Ըստ նրա՝ դա հնարավորություն է տալիս երեխաներին ինտեգրվել հասարակությանը: Քաղաքապետը կարևորել է այդպիսի հաստատությունների ստեղծումը մայրաքաղաքում` նշելով, որ առաջին փուլում դրանք կարելի է հիմնել Երևանի 4 շրջաններում` հետագայում ընդլայնելով ցանցը:

Գաղափարի իրագործմանն աջակցություն են հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի /UNICEF/ և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները:

Շրջայցին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը, Երևանի ավագանու անդամներ Պավել Մազմանյանը և Սերգեյ Սարգսյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Շուշան Դավթյանը:

 

Այս թեմայով