Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Քվեբեկում հուլիսի 5-ին մասնակցել է Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովի աշխատանքներին: Արա Բաբլոյանը ելույթ է ունեցել «Ինչպես բարելավել հասարակության ներկայացվածությունը ֆրանկոֆոն խորհրդարաններում» թեմայի շրջանակում` նշելով.

«Հայաստանը հպարտ է ֆրանկոֆոն մեծ ընտանիքին իր պատկանելությամբ, որի հետ կիսում է մարդասիրության և համերաշխության արժեքները:

Մենք սատարում ենք Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների այն քայլերը, որոնք միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը, կանանց ու տղամարդկանց միջև հավասարության ապահովմանը, ժողովրդավարության հիմնարար արժեքների պահպանմանը, երիտասարդության դերի բարձրացմանը:

Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում կանանց դերը տարեցտարի մեծանում է: 2016թ. մայիսի 25-ին ընդունված Ընտրական օրենսգրքում հստակ ամրագրված է, որ խորհրդարանական  ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների համամասնական ցուցակների յուրաքանչյուր հնգյակում պետք է առնվազն մեկ կին լինի, ինչի արդյունքում խորհրդարանում կանանց ներգրավվածությունը զգալի է: 6-րդ գումարման Ազգային ժողովի 105 պատգամավորներից 18-ը կին են, ովքեր  ակտիվ մասնակցում են խորհրդարանական բոլոր քննարկումներին:

Ազգային ժողովի երեք փոխնախագահներից մեկը կին է, ով նաև  ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է և  նախկինում զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը:

Ընտրական օրենսգրքով Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին հնարավորություն է ընձեռնվել ներկայացված լինել Ազգային ժողովում: 6-րդ գումարման խորհրդարանում մանդատ են ստացել ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներ: ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստը վարել է քրդական համայնքի ներկայացուցիչը:

Ֆրանկոֆոնիան յուրահատուկ համագործակցության հարթակ է հայ երիտասարդների համար: Ֆրանկոֆոն աշխարհը, բարձր գնահատելով երիտասարդների դերը և նշանակությունը, ամեն կերպ փորձում է խրախուսել և աջակցել նրանց նախաձեռնություններին:

2016թ. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի նախաձեռնությամբ և աջակցությամբ  հիմնադրվել է խորհրդարանին կից գործող Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանը:

Ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը նպաստելու համար մեր երկիրը մշտապես երիտասարդներին մասնակից է դարձրել օրինաստեղծ աշխատանքներին, օգնել երիտասարդ լիդերների կայացմանը, ինչի վառ ապացուցն է 2004թ-ին ձևավորված Երիտասարդական խորհրդարանը»:

Պատվիրակությունը մասնակցել է նաև Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների և խորհրդարանների գլխավոր քարտուղարների համատեղ աշխատանքային հանդիպմանը:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

Այս թեմայով