Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը:Միրզոյանը կարևորել է Հայաստանի կառավարության համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ հետ, որը 25 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ ուղղված ՀՀ տնտեսական աճի ապահովմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի իրականացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ անցումային այս շրջանում կառավարությունը մեծածավալ բարեփոխումներ է նախաձեռնել գրեթե բոլոր ոլորտներում, և բարեփոխումների օրակարգին աջակցությունը ողջունելի է: Պարոն Միրզոյանը անդրադարձել է պետական կառավարման համակարգի բարեփոխումներին և արդյունավետության բարձրացմանը, արդարադատության համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական, մաքսային և հարկային բարեփոխումներին, ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև ընտրական համակարգի երկարաժամկետ աջակցության ծրագրին:

Զրուցակիցները կարևորել են ԱՄՆ – Հայաստան համագործակցությունն աջակցությունից փոխշահավետ առևտրային հարաբերությունների վերածելու երկկողմանի ջանքերը: ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին վերահաստատել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը գալիք ընտրություններին, ինչպես նաև նշել Հայաստանին օժանդակելու հնարավորությունների ընդլայնման մասին:

Պարոն Սոկոլովսկին հստակ ընդգծել է, որ իրենք կիսում են ՀՀ կառավարության՝ ժողովրդավարական Հայաստանի տեսլականը և պատրաստ են շարունակել աջակցությունը կառավարության բարեփոխումներին:

 

Այս թեմայով