Արարատի զինծառայողներին «օտպուսկ» են տվել և անձնագիր բաժանել

10.07.12-3928զինվոր«ՉԻ» օրաթերթը այսօր անդրադառնում է կիրակի կայանալիք Արարատի քաղաքապետի ընտրություններին և մասնավորապես նշում, որ Արարատում գրանցված բազմաթիվ զինծառայողներ այս օրերին արձակուրդ են ստանում, որպեսզի մասնակցեն ընտրություններին և ընտրեն ՀՀԿ-ական թեկնածուին: Politik.am-ը ներկայացնում է մի քանի հատված հրապարակումից.

«Երբ Արարատում հոկտեմբերի 29-ին մեկնարկեց քաղաքապետի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, սկսեցին խոսակցություններ տարածվել, թե ԲՀԿ-ականները պատրաստվում են քարոզարշավի վերջում քաղաքի կենտրոնում հանրահավաք անել, և դրան մասնակցելու է  նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Արարատում քարոզարշավն անցավ գերլարված մթնոլորտում. այսօր քարոզարշավի վերջին օրն է, վաղը լռության օրն է, իսկ կիրակի արդեն բուն ընտրություններն են: Երեկ երեկոյան շրջանառության մեջ դրվեցին լուրեր, թե ԲՀԿ-ի կողմից հայտարարված հանրահավաքը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կկայանա այնտեղ, որտեղ նույն ժամին հանրահավաք է անցկացնելու ՀՀԿ-ն: Այսօր արդեն պարզ կլինի, որ ինֆորմացիան ապատեղեկատվություն է, իսկ այն տարածողներն ուղղակի լավ չեն տեղեկացված Արարատում ընթացող գործընթացներից: Բանն այն է, որ այսօր ԲՀԿ հանրահավաքը կայանալու է քաղաքի ավելի լավ հատվածում, քան կենտրոնական հրապարակն է, և միջոցառմանը մասնակցելու է նաև Գագիկ Ծառուկյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանրահավաքը աննախադեպ մարդաշատ է լինելու:

Ճիշտ է, ՏԻՄ ընտրություններում բանակը քվեարկելու իրավունք չունի, սակայն մենք արդեն ունենք հստակ տեղեկություններ, որ իշխանություններն այս օրերին որոշել են անչափ մարդասեր լինել և արարատցի բոլոր զորակոչիկներին երկու օրով ուղարկել են հայրենի օջախ, անձնագրերն էլ տվել են ՝ Հայկ Հայկյանի օգտին քվեարկելու համար:

Արարատի ընտրությունները, ինչ խոսք, բացառապես համայնքնային նշանակություն ունեն: Բայց կիրակի օրը սպասվելիք իրադարձությունները մեծ նշանակություն ունեն մի շարք իրողություններ հասկանալու առումով: Այս պահին, թերևս, արձանագրենք. կասկածից դուրս է,  որ ընտրությունները խայտառակ ընթացք են ունենալու, և միանշանակ է, որ ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է՝ իր ձայների տերը լինելու համար»:

Ինչպես հայտնի դարձավ iLur.am-ին, ԲՀԿ-ն այսօր Արարատում անց է կացնելու հանդիպում ընտրողների հետ, որը լինելու է շատ բազմամարդ և մեկնարկելու է ժամը 18:00-ին: Հանդիպմանը ներկա է լինելու նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

 

Դիտվել է 65 անգամ
 


Այս թեմայով