Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Արայիկ Հարությունյանը ապագա դիվանագետներին ներկայացրել է վերջին տարիներին Արցախի տնտեսության տարբեր ուղղություններում արձանագրված հիմնական հաջողություններն ու ցուցանիշները: Պետնախարարի խոսքով՝ հետևողական քաղաքականության շնորհիվ ունեցած ձեռքբերումները նոր հնարավորություններ են ստեղծել կայուն և կանխատեսելի տնտեսության ձևավորման համար, ինչն էլ իր դրական ազդեցությունն է թողել ինչպես սոցիալական լարվածության թուլացման, այնպես էլ ժողովրդագրական ցուցանիշների բարելավման վրա:

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ տնտեսական, քաղաքական և անվտանգային առումներով ուժեղ և պաշտպանված Արցախի գոյությունը բանակցային գործընթացում լուրջ առավելություն է տալու հայկական կողմին:

Այս իմաստով մենք մեծ ջանքեր ենք գործադրում, և ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս հարցում ունենք Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի անվերապահ աջակցությունը»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում պետական նախարարը պատասխանել է նաև դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի:

ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության և դպրոցի ունկնդիրների հարցերին հանգամանալից պատասխանելու համար, և նշել, որ այս այցի ընթացքում մեծ տեղ են հատկացրել տնտեսական նախագծերին ծանոթանալուն:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։

Այս թեմայով