Արամ Մանուկյանի բողոքը մերժած դատավորը 10 միլիոն արժողությամբ մեքենա է գնել. «ՀԺ»

Պավլիկ Արամ Մանուկյան«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի, վերաքննիչ բողոքը մերժած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտի հայտարարագիրը:

Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատավորը 2015 թվականին որևէ շարժական և անշարժ գույք չի գնել, փոխառություն ո՛չ հանձնել է, ո՛չ էլ ստացել: Նրա դրամական միջոցը տարվա սկզբին կազմել է 9.5 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում դարձել՝ 10.7 միլիոն: Դատավորը նախորդ տարի եկամուտ է ստացել միայն աշխատավարձից, որը կազմել է ավելի քան 10.5 միլիոն դրամ:

Սևակ Համբարձումյանի նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նա 2014 թվականին 10 միլիոն 250 հազար դրամով գնել է LEXUS ES 300 տեսակի ավտոմեքենա: Նույն տարում նա 9 միլիոն դրամով վաճառել է 2013 թվականին 8.4 միլիոն դրամով գնած նույն LEXUS ES 350-ը:

Դատավորի կինը՝ Վարդիթեր Էքսուզյանը, հայտարարագրել է ընդամենը 3 միլիոն դրամ: Նա եկամուտի որևէ աղբյուր չունի, չի աշխատում: Նրանց զավակը՝ Ժորա Համբարձումյանն, էլ իր հայտարարագրում նշել է, որ դրամական միջոցներ չունի, իսկ եկամուտը գոյացել երկու տարբեր աշխատավարձերից՝ կազմելով ընդամենը 1.3 միլիոն դրամ: Դատավորի դուստրը՝ Մարիամ Համբարձումյանը, նույնպես որևէ դրամական միջոց չի հայտարարագրել, միան նշել է, որ աշխատավարձից ստացել է 1.8 միլիոն դրամ եկամուտ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 314 անգամ
 


Այս թեմայով