Արամ Հարությունյանին պաշտոնանկ անելու ժամանակն է

արամԿառավարության անցյալ շաբաթվա նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մանրամասներ ներկայացրեց ցածր ջերմաստիճանի հետևանքով առաջացած և հնարավոր խնդիրների մասին: Նշվել է, որ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն կանխատեսումների համաձայն՝ ցրտահարություն էր սպասվում անցյալ գիշեր, այսօր և վաղը:

 Նախարարը հայտնել է նաև, որ բարձրադիր գոտիներում՝ Թալինի տարածաշրջանում, Բաղրամյանի տարածաշրջանում, Վայոց ձորի բարձրադիր գոտիներում, Կոտայքի մարզի բարձրադիր գոտիներում, ծիրանենիները դեռևս չեն ծաղկել, և այնտեղ ցրտահարություն լինել չի կարող: Ցրտահարության հետևանքով հնարավոր կորուստները կանխելու, մեղմելու նպատակով Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ ջուր մատակարարել բոլոր այն հողօգտագործողներին, ովքեր կդիմեն: 

Չնայած վարչապետ Հովիկ Աբրահամյանին շատ գյուղերում ոռոգման ջուր չի եղել և եթե անգամ գյուղացիները ցանկություն հայտնեին, ապա այն իրագործելը անհնար կլիներ: ԱԶԱՏ ջրօգտագործողների ընկերությունը, որը ոռոգման ջուր է ապահովում ավելի քան երկու տասնյակ գյուղերի ջուր չի ունեցել և այս ընկերության հույսին մնացած գյուղեր ոռոգման ջուր  չի մտել: Ընկերությանը պատկանող ջրատարը անգամ մաքրված չէ և առայժմ նույնիսկ մեկ կաթիլ ջուր չի հոսում: Ընկերության աշխատակիցները Politik.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք չէին կարող գյուղերի հիմնական մասին ապահովել ջրով, քանի որ հողերի չնչին մասն է ոռոգվում ինքնահոս ջրով, իսկ ջրատարով ջուր ապահովելու համար իրենց պետք է ջուր տրամադրեն, որպեսզի իրենք էլ այն փոխանցեն գյուղացիներին: Ըստ ՋՕԸ-ի աշխատակցի իրենց ջուր մատակարարող ջրատարն անգամ մաքրված չէ, ուստի անիմաստ է խոսել գյուղացիներին ջրով ապահովելու մասին:

ՋՕԸ-երին ջրով պետք է ապահովի Ջրային տնտեսության պետական կոմիտեն, որի ղեկավարը Արամ Հարությունյանն է: Politik.am-ը այս խնդրի վերաբերյալ հարցում է ուղարկել կոմիտե պարզելու համար, թե ինչու գյուղերին ավելի վաղ ոռոգման ջուր չի հասցվել, որպեսզի հնարավոր լինել բերքի որոշակի տոկոսներ պահպանել: Մեր հարցադրմանը կոմիտեն չի պատասխանել: Ամենայն հավանականությամբ Արամ Հարությունյանը գիտակցում է իր մեղքը և փորձում է խուսափել պատասխաններից:

Ընդհանրապես Արամ Հարությունյանը ոչ եզակի անհաջողակ պաշտոնյաներից է: Նա հասցրել է լինել մի քանի բարձր պաշտոններում, սակայն բոլոր տեղերում էլ գրանցել է միայն անհաջողություններ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ գյուղատնտեսությունը մեր երկրի կարևորագույն ոլորտներից է ու եթե Արամ Հարությունյանի նման պաշտոնյաները շարունակեն  վայելել իրենց պաշտոնի բարիքները, ապա գյուղացիների միակ հույսը կմնան քահանաները: Այնպես որ կարծում ենք Արամ Հարությունյանին պաշտոնանկ անելու ժամանակն է:

 


Այս թեմայով