Արագածոտնի մարզի երեք գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին

Արագածոտնի մարզի երեք գյուղերի բնակիչները կանգնեցրել են հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը՝ փակելով Երևան-Գյումրի մայրուղու Արագածոտն գյուղի հատվածը:

Նոր մայրուղու շինարարությունը կանգնեցրած գյուղացիներն իրենց դժգոհությունները ներկայացրել են Azatutyun.am-ի ուղիղ եթերում:

Գյուղացիները դժգոհեցին, որ մայրուղու կառուցման նախագծով տրամադրված չեն անցումներ, գետնանցումներ, և իրենց գյուղ անցնելու համար շուրջ 10 կմ պետք է շրջանցեն:

Արագածոտն գյուղի գյուղապետ Մելսիկ Ղազարյանը նշեց, որ ժողովրդի պահանջը այն է, որ անցում լինի և Երևանից գնացող մեքենան կարողանա մտնել:

«Նախագծով նախատեսված էր, հետո փոփոխում է եղել, մարզպետն էլ, վարչապետն էլ տեղյակ են, քննարկումից հետո խոստումներ տվեցին, որ ընթացք կտան, բայց քանի որ վարչապետը երկրից դուրս է, կարծում եմ, որ խնդիրը դրա հետ է կապված»,-ասաց նա:

Նա նշեց, որ մարզպետը փոխանցել է, որ ժողովուրդը հանդարտվի, երկուշաբթի մարզպետարանում կհավաքվեն քննարկելու այդ հարցը, ինչին գյուղացիները չհամաձայնեցին՝ պահանջելով, որ մարզպետարանից իրենց հետ հանդիպման գան:

Այնուհետև բնակիչները համաձայնեցին կես ժամով բացել ճանապարհը` ինչպես իրենք նշեցին, հարգելով մարզի ոստիկանապետին: «Միլպետին հարգելով՝ ճանապարհը մի կես ժամով բացում ենք, սպասում ենք նախարարությունից մարդ գա, եթե չեկավ, կրկին փակում ենք ճանապարհը»,-ասացին նրանք:

Մարզային ոստիկանության պետն ասաց, որ մարզի ղեկավարության հետ խոսել է, հիմա կգան այստեղ, այս հարցի լուծումը կտան: «Ճանապարհը մեկ վայրկյան չի կարող փակվել, սա մայրուղի է»,-ասաց նա:

Հյուսիս-հարավ ճանապարհի ինժեները, նշեց որ այս նորմով նախատեսված է ամեն 5 կմ մեկ ունենալ անցումներ, և պնդեց, որ գյուղացիները 1,5 կմ վերևում ունեն անցում, ինչի հետ չհամաձայնեցին գյուղացիները և  ներկայացրեցին իրենց դժգոհությունը: «Լուծման տարբերակները պետք է քննարկվեն, մի քանի տարբերակի շուրջ մտածում ենք, այս բոլոր լուծումները գումար արժեն»,-ասաց նա:

Այսպիսով՝ գյուղացիները որոշեցին բացել ճանապարհը` սպասելով երկուշաբթի քննարկմանը: «Ես համոզված եմ, որ այսքանից հետո դրական լուծում կտրվի, եթե չէ Փաշինյանն էլ գա, չենք բացելու, մենք Փաշինյանին հավատում ենք, ինքն այսքան ժամանակ սուտ չի խոսացել, բայց եթե դրական պատասխան չտան, չենք բացելու»,-ասաց նա:

Այս թեմայով