«Արա՛, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել…». Վանո Սիրադեղյանի նամակ-զգուշացումը` Վազգեն Սարգսյանին

timthumbԱյսօր՝ Հոկտեմբերի 27-ին լրանում է ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործության 14-րդ տարին: 1999-ին Ազգային Ժողովի դահլիճում սպանվեցին Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Ձեզ ենք ներկայացնում Վանո Սիրադեղյանի նամակ-զգուշացումը Վազգեն Սարգսյանին, որը գրվել է ողբերգական դեպքերից մեկ տարի առաջ՝ 1998-ի նոյեմբերին:

Վազգե՛ն, վրա հասավ այն պահը, որի մասին գրել եմ գարնանը… Հիշեցնում եմ քաջ իմանալով, որ այդ բանը տհաճություն է պատճառում։ Բայց հիշեցնում եմ, որ զարգացման իմ պատկերացումը այս անգամ լուրջ ընդունես։

Դու երկու ամիս էլ չունես։ Քաղաքական այս պոտենցիալով, կազմակերպական խախուտությամբ (չորս ամիսն էլ չի պնդացնի) պլյուս Դեմիրճյանը և գուցե 1-2 փոքրիկ բան պառլամենտական ընտրությունները չես կրում։ Համենայն դեպս այնպես չես կրում, որ քեզ հետ լուրջ հաշվի նստեն։

Ռոբերտը (կամ չգիտեմ’ ով-ովքեր) գտել են Վազգեն Սարգսյանին չեզոքացնելու միակ տարբերակը: Ես վստահ եմ այդ պլանը եղել է գարնանից: Նրա կողքը նայիր՝ Վահան Հովհաննիսյան, Արամ Սարգսյան, Ալիկ Հարությունյան, Դավիթ Վարդանյան. բոլորը Մանուկյանի վաղեմի ընկերներն ու դաշնակիցներն են։

Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձևակերպման չարագուշակ անմեղությանը…

Պարզունակ կլինի, եթե այս ամենը բացատրեմ գործընկերներիդ նենգությամբ։

Նրանք փակուղի են մտել: Ո՛չ դուրս կարող են գնալ, ո՛չ ետ գնալ: Նրանք դատապարտված են Հայաստանում ունենալ բացարձակ իշխանություն, որի համար հարկ կլինի մանրացնել, փոշիացնել, ապա և ամայացնել Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես արեցին Ղարաբաղում: Այս ճանապարհին պիտի դաշնակիցներ փոփոխեն, շարքից հանեն նշանակալի որևէ մեկին… Ղարաբաղը ամայացնելիս դաշնակից ուներ Հայաստանը, Հայաստանի դեպքում կգտնեն այլ երկիր: Հայաստանն էլ այլ երկիր է: Անձանց շարքից հանելուն դաշնակից գտան քեզ, քեզ արանքից կհանեն Վազգեն Մանուկյանի միջոցով, Մանուկյանի ժամանակ կմտածեն… Վազգենը ոչ մեկից խելացի չէ։

Հայաստանը նրանց ատում է: Այդ ատելության համար վրեժխնդիր են լինելու երևելի անհատներից: Այնպես որ, միայն քեզանով գործը չի ավարտվելու: Մի մասին շարքից հանում են, որ իրենց դիմադրում են, մյուս մասին կհանեն, որ դեռ կան, երրորդներին’ որ կարող են լինել: Դու ուշադիր լսիր կռված ընկերներիդ, նրանք քիչ են մնացել, բայց լավ գիտես դրանց հայատյաց բնույթը։

Հայը հային այդպես չի ատի — կմտածես դու։ Իսկ ես կասեմ, որ այո, նրանք հայ են։ Ուրեմն մենք հայ չենք։ Որովհետև հայը հային այդպես ատել չէր կարող։

Առաջարկս.

Ընտրություններից առաջ, օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ, փոխիր Ազգային Ժողովի նախագահին:

Քեզ կարող են մի ամսվա ընթացքում փաստի առաջ կանգնեցնել’ պառլամենտը ցրելով: Տրամաբանական առիթ կգտնեն: Ասենք’ պառլամենտը չի քվեարկի ինձ պատասխանատվության կանչելու առաջարկին, և քո ըմբոստության փորձը կմատուցեն հանցագործներին պաշտպանելու փորձ: Այստեղ կրվում ես։ Մինչ կմտածես՝ ինչ անել Վ.Մանուկյանին կնշանակեն վարչապետի պաշտոնակատար և հեռուստատեսությունն ու մամուլը կդնեն ԱԺՄ-ի, Դաշնակցության, մյուսների տրամադրության տակ: Եվ այդ հիստերիային հաջորդող ընտրական կամպանիան տանուլ է տրված քո և Դեմիրճյանի համար: Վազգեն Մանուկյանի դեմը առնելը կարող է քեզ բավարար թվալ։ Բայց ուշադիր եղիր այն հանգամանքին, որ Մանուկյանի հարցը այս անգամ գուցե կեղծ է, իրականում կանցկացնեն 6 ամսից, իսկ դու հիմա քեզ հաղթած զգալո՝ զգոնությունդ կկորցնես և կհամաձայնես այլ, մուխանաթ ժամանակավոր տարբերակի։ Այնինչ առավել մուխաննաթը գուցե Դարբինյանի մնալն է նախընտրական շրջանում, ինչը պնդողը ակամա դու ես լինելու։

Մի մտածիր, որ Ղարաբաղի անորոշ վիճակը քեզ վրա է մնալու։ Մեկ է՝ քո վրա է մնալու։ Կամ քո վրա են գցելու։ Եթե չես ուզում մնա քո վրա, Լևոնի նման պիտի վճռական հեռանաս։ Եթե պատասխանատվությունն արդեն վերցրել ես պիտի մի քանի քայլ անես և ցիկլ փագես։

Հայտ ներկայացնելով’ վտանգի տակ ես դրել քո զինակիցներին և շրջապատը, քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպասող տեռորով…

Զանգի՛ր խոսենք։

Քանի մարդ է մնացել քեզ պաշտպանող։

P.S.

Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները: Այսօր դեռ քո ըմբոստությունը չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին’ ընդվզման եզրափակիչ քայլ:

Արա՛, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել…»

 


Այս թեմայով