Արա՛, ձեր մեջ որտեղի՞ց էդքան պալիտբյուրո. Կարապետյանի հրաժարականի սկիզբը

Կարեն Կարեպատյանի կառավարության շուրջ բողոքի օղակը սեղմվում է: Կառավարությունից առաջին հերթին դժգոհ են առևտրականները, որոնց ՊԵԿ տեսուչները ահաբեկում են ու փորձում են հավելյալ հարկեր գանձել: Առևտրականների բողոքը հուժկու ընթացք ստացավ հատկապես այսօր, երբ նրանք բողոքի դուրս եկան ԱԺ դիմաց, իսկ ԱԺ մի շարք պատգամավորներ նիստի ընթացքում իրենց աջակցությունը հայտնեցին հարկային մարմինների գործողություններից տուժած քաղաքացիներին:

Առևտրականների բողոքը կարող է այլ երանգ ստանալ ու դառնալ քաղաքական օրակարգ, որը ի վերջո ինչպես մեր նախորդ հոդվածներում կանխատեսել էինք կարող է դառնալ գործող կառավարության հրաժարականի պատճառ:  Ծառուկյան դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հանդես եկավ սուր գնահատականներով և առաջարկով, որի կյանքի կոչվելու դեպքում ՀՀ կառավարությունը լուրջ խնդիրներ կարող է ունենալ. «Մենք պահանջում ենք դադարեցնել տոնավաճառներում մարդկանց խուզարկությունը, իրավունք չկա օրենքին հակասող խուզարկություն անել: Առաջին մեծ տեղը որտեղ պետք է գնա հարկայինը դա գազամատակարարման համակարգն»,- հայտարարեց Մելքումյանը՝ առաջարկելով ստեղծել գազամատակարարման և գազաբաշխման քննիչ հանձնաժողով:

Ծառուկյան դաշինքի պատգամավորների թիվը թույլ է տալիս նման հանձնաժողով ստեղծել ու եթե ստեղծվի գազի ոլորտը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, ապա կբացահայտվեն բազմաթիվ օրինախախտումներ, որոնք անմիջական կապ ունեն Կարեն Կարապետյանի և նրա կառավարության հետ՝ մասնավորապես Գազպրոմ Արմենիա ՓԲԸ նախկին տնօրեն, ՊԵԿ գործող նախագահ Վարդան Հարությունյանի հետ:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ևս խիստ ելույթ ունեցավ և հայտարարեց. «ԱԺ նիստի օրակարգը պետք է ձևավորվի երկրի քաղաքացիների կողմից»,- նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ցիտելով գործող վարչապետին. «Բա մենք ամենալիբերալ ազգն ենք, արա՛, ձեր մեջ որտեղի՞ց էդքան պալիտբյուրո»:
Սրան պետք է գումարել այն հանգամանքը, որ ԱԺ ԵԼՔ խմբակցությունը ևս պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ծառուկյան դաշինքին: Այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը.«Իհարկե, մտահոգված ենք տեռորի մասին հայտարարություններով, դեմ ենք ցանկացած տեռորի: Մենք միանշանակ կողմ ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնք առնչվում են ԱԺ արտահերթ նիստին, քննիչ հանձնաժողովներին: Համապատասխան ժամանակ նախաձեռնության դեպքում մենք կմիանանք այդ խնդիրների ուսումնասիրությանը, որպեսզի հանրությունը իրեն հետաքրքրող մի շարք հարցերի պատասխանները ստանա: Մենք ստացված նամակներին ընթացք կտանք ու ամենայն լրջությամբ կզբաղվենք»,-ասաց Փաշինյանը:

ԱԺ պատգամավորների և հազարավոր առևտրականների դժգոհությանը պետք է գումարել դասադուլ իրականացնող ուսանողների դժգոհությունը: Այսօր ուսանողները դիմել են կտրուկ քայլերի՝ նրանցից 5-ը հացադուլ են սկսել: Ու եթե այսպես շարունակվի բողոքի այս ակցիան կարող է դուրս գալ ուսանողների շրջանակից ու վերաճել համազգային բողոքի:

Այս պահին Կարապետյանի կառավարությունը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած: Ու եթե նրան չհաջողվի լուծում տալ առևտրականների ու ուսանողների խնդիրներին, ապա այս պրոցեսը կարելի է համարել վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի սկիզբը:

 


Այս թեմայով