Աստծու սիրուն, մենք կպատասխանենք նույն կերպ. ռուս նախարարը՝ Թուրքիայի նոր տնտեսական սահմանափակումների մասին

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից ռուսական մի շարք գյուղմթերքների ներմուծման գործընթացը բարդացնող նոր բյուրոկրատական պահանջները և դրանք անհասկանալի անվանել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Այն, որ ռուսաստանցի արտահանողները ստիպված կլինեն Թուրքիայի հետ սահմանին ներկայացնել հաշիվ-ապրանքագրերի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, ըստ ռուս նախարարի, ավելորդ անգամ բարդացնում է գործընթացը, «մինչդեռ Ռուսաստանն ու Թուրքիան բոլորովին այլ բաների մասին էին պայմանավորվել»:

«Ես ուզում եմ հարցնել մեր թուրք գործընկերներին՝ ինչի՞ համար: Չէ՞ որ մենք այլ բան էինք ակնկալում: Ընդհակառակը՝ պետք է դյուրացնել մաքսային և բոլոր այլ ռեժիմները», — ասել է Տկաչովը:

Նշենք, որ տվյալ պահանջը կապված է արևածաղկի բուսայուղի, արևածաղկի սերմերի, ցորենի, ոլոռի, բրնձի ու մի շարք այլ գյուղատնտեսական մթերքների ներմուծման հետ:

Նա նաև խորհուրդ է տվել թուրքական կողմին այլևս չզարմանալ այն դեպքում, երբ Ռուսաստանը նույն կերպ պատասխանի իրենց:

«Աստծու սիրուն, մենք կպատասխանենք նույն կերպ», — ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։

 


Այս թեմայով