Առաջիկա օրերին ուժեղ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

shog78Սեւ ծովից մեր հանրապետություն ներթափանցած սառը օդային հոսանքները իրենց ազդեցությունը կպահպանեն նաեւ առաջիկա 5 օրերի ընթացքում՝ մինչեւ հուլիսի 30-ը ներառյալ:

«Հիդրոմետ» ծառայության կանխատեսումներով այսօր եւ վաղը տեղումներ կլինեն միայն Արցախում եւ Սյունիքում: Մեզ հետ զրույցում ներկայացնելով օդերեւութաբանների կանխատեսումները՝ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը վստահեցրեց, որ մյուս մարզերում նշված երկու օրերին հիմնականում կգերիշխի առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 26-ին տեղումներ ընդհանրապես չեն լինի:

Հուլիսի 27-30-ին հիմնականում Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի եւ Կոտայքի Լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում, Սյունիքում եւ Արցախում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Արագածոտնի նախալեռներում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց Ձորում կարճատեւ անձրեւների փոքր հավանականություն կա միայն հուլիսի 29-30-ին:

Անդրադառնալով օդի ջերմային ֆոնին՝ Սուրենյանը տեղեկացրեց, որ այն զգալիորեն նվազել է. «Այսօր Երեւանում ջերմաստիճանը չի գերազանցի +33…+34 աստիճանը: Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը էական փոփոխություններ չի կրի, այսինքն համեմատաբար զով եղանակը կպահպանվի մինչեւ հուլիսի 30-ը ներառյալ: Օդի ջերմաստիճանը հատկապես ցածր կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում, քանի որ այս հատվածների վրա սառը օդային զանգվածների ազդեցությունը ավելի ընդգծված կարտահայտվի»,- տեղեկացրեց օդերեւութաբանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ հուլիսի 23-25-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի մոտ 5-7 աստիճանով եւ արդեն կլինի նորմայի սահմաններում:

 


Այս թեմայով