Առանց խտրականության բռնության են ենթարկվել կանայք, երեխաները

Սարի թաղԵրեկ՝ հուլիսի 29-ին, ոստիկանությունը բռնի ուժ է գործադրել խաղաղ հավաքի ընթացքում իրենց բողոքի ձայնն արտահայտող քաղաքացիների նկատմամբ: Բռնության են ենթարկվել ոչ միայն խաղաղ ցուցարարները, այլև այս միջոցառումները լուսաբանող հայաստանյան և արտասահմանյան լրագրողները: Ավելին՝ ոստիկանության բռնի գործողություններից տուժել են նաև բազմաթիվ քաղաքացիներ, բնակիչներ, որոնք որևէ կապ չեն ունեցել հավաքի հետ: Խոր տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ առաջիններից մեկն են հարձակման ենթարկվել հանդարտության, բախումներից խուսափելու կոչեր անող կազմակերպիչները, մասնավորապես Արմեն Մարտիրոսյանը և այլք, և մենք պահանջում ենք, որ ձերբակալվածներն ու բերման ենթարկվածներն անհապաղ ազատ արձակվեն:

Առանց խտրականության բռնության են ենթարկվել կանայք, երեխաները:
Զանգվածային բռնությունների իրականացմանը մասնակցել են ոչ միայն ոստիկանությունը, այլև քաղաքացիական հագուստով և մահակներով զինված խմբերը: Նրանք գործել են ոստիկանության հետ համատեղ կամ առնվազն ոստիկանության բացահայտ թողտվությամբ: Այս փաստը լրջագույն քննության առիթ պետք է դառնա, քանզի նման նախադեպը կարող է խիստ վտանգավոր հետևանքներ ունենալ հասարակական կայունության համար:
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքացիների հանդեպ այս վայրագ գործողությունները, հատկապես ապշեցնող է իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ ցուցադրական բռնությունը:

Վստահ ենք, որ երկրի ներկայիս ապակայունացման գործընթացը լրջորեն կարող է ազդել Հայաստանի թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքական գործընթացների վրա, ինչը հղի է լուրջ վտանգներով: Սա իր մեջ լրջագույն վտանգներ է պարունակում պետականության համար:

Մենք կրկին կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին համատեղել ջանքերը՝ դուրս գալու այս լրջագույն ճգնաժամից: Ելքեր կան, և այս ճգնաժամի լուծման միակ ճանապարհը քաղաքական քայլերն են: Այլընտրանքը ապակայունացումն է և սողացող քաղաքացիական պատերազմը:

Մենք կոչ ենք անում մեր սփյուռքահայ հայրենակիցներին, հեղինակավոր անձանց, կազմակերպություններին նույնպես անտարբեր և անմասն չմնալ Հայաստանում կատարվող ճակատագրական իրադարձություններին:
Կրկին ուզում ենք հիշեցնել, որ այս ողջ ճգնաժամային իրավիճակի գլխավոր պատճառը քաղաքական մենաշնորհի և իշխանությունների գործելաոճի արդյունքն է, հասարակության մեջ կուտակված և տարիների ընթացքում չլուծվող խնդիրները, իշխանության հանդեպ վստահության բացակայությունը և արդար ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման անհնարինությունը:

Եվս մեկ անգամ պնդում ենք, որ այս ճգնաժամի հաղթահարման բանալին քաղաքական հարթության և ժողովրդի արդարացի պահանջների իրականացման մեջ է: Ճգնաժամի խաղաղ և անարյուն լուծումը քաղաքական լուծումն է: Հետևաբար, այս ամենի իրականացման համար անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի համախմբումը այս գաղափարի շուրջ, քանզի դրա այլընտրանքը պերմանենտ զինված բախումներն են, հասարակական անկայունությունը և, որպես հետևանք, պետության թուլացումը:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցություն

 


Այս թեմայով