Ապստամբներից ևս երեքը վիրավորվել են

va8w6=anՔիչ առաջ լուր տարածվեց, որ Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում կրակոցներ են լսվում: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց ապստամբներից ևս երեքի վիրավորվելու մասին: Անակնկալ չի, իհարկե: Ամբողջ Հայաստանի բնակչությունը տագնապ ունի, որ ի վերջո երկրի կառավարիչները արյունալի հաշվեհարդար են տեսնելու ապստամբների նկատմամբ, նախ՝ գնդի տարածքում, հետո, կենդանի մնացածների նկատմամբ, տևական ու դաժան կտտանքներով՝ զանազան մեկուսարաններում: Դատելով ապստամբների՝ հանրությանը քիչ հայտնի, բայց պարբերաբար հայտնվող սուղ տեղեկություններով, նրանք մինչև վերջ ինքնապաշտպանվելու են: Զսպելով բացահայտ կռվի վերաճելու հնարավորությունը՝ ինքնապաշտպանվելու են: Բայց եթե խնդիրը հասնի բացահայտ և ծանր գրոհի՝ հնարավոր է՝ չխուսափեն նաև կռվից, մեզ անհայտ հետևանքներով:
Մեզ անհասկանալիության և անհավատալիության աստիճան տարօրինակ է թվում, որ առկա իրավիճակի շուրջ ուժայիններից զատ Հայաստանի Հանրապետության իշխանությունների այլ կառույցները կածեք թե կաթնվածահար վիճակում են: Իրենց այնպես են պահում, կարծեք Հայաստանում ոչինչ տեղի չի ունենում, և վախկոտի նման թաքնվում են անջատած հեռախոսների ու հետաձգվող քննարկումների հետևում: Շատ հավանական է, որ նրանք խիստ ՛՛շատախոս՛՛ ու ՛՛հասկացող՛՛ կդառնան իրավիճակի հանգուցալուծումից հետո, անկախ այդ հանգուցալուծման ձևից, ընթացքից ու արդյունքից:
Անհասկանալի ու տարօրինակ է այսպես կոչված ՛՛հանրային խորհրդի՛՛ պասիվ, ՛՛իմ ինչ գործն է՛՛ պահվածքը: Այդ խորհուրդը, կարծեք թե, ստեղծվել էր հանրային երկխոսության և հանրությանը հուզող քննարկումների համար: Այսօր մեր հանրությանը գերհուզող խնդիրը ՊՊԾ Գնդի շուրջ կատարվող զարգացումներն են, բայց ՛՛Հանրային խորհուրդ՛՛ կոչվածը ձկան պես լուռ է: Ինչու՞մն է խնդիրը: Ինչի՞ց են վախենում: Ինչու՞, ուրեմն, բնակչության հարկերով պահվող այդ խորհուրդը պետք է մնա: Որպես պալա՞ր: Կցո՞րդ:
Մինչև հիմա այսպես կոչված ՛՛միջնորդական՛՛ քայլերը եղել են միակողմանի, միջնորդներն ընտրվել են իշխանությունների կողմից և նրանց միջնորդական առաքելությունը սահմանափակվել է ապստամբների հանձնվելու կոչով: Եթե նույնիսկ այս առաջարկն ապստամբների կողմից կարող էր քննարկման առարկա դառնալ, ապա արդեն իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ապստամների նկատմամբ դաժան, ստորացնող վերաբերմունքը իսպառ ոչնչացնում է ապստամների հանձնվելու հնարավորությունը: Դրան հակառակ ապստամբների կողմից բարձրացված պահանջներից որևէ մեկի նկատմամբ որևէ առաջարկ, հեռանկար, որևէ փոխհամաձայնողական կիսաքայլ անգամ չի արվել:
12 օր է անցել, մի՞թե սա բավական ժամանակ չէր, որ իշխանությունները փոքր ինձ ավելի սթափ և ժողովրդավարությանը քիչ թե շատ հարիր լուծում, նույնիսկ լուծումների շարք առաջարկեր: Այդ կարգի բազմատեսակ առաջարկներ են շրջանառվել հանրային տիրույթում, մի՞թե դրանցից որևէ մեկում տրամաբանական և անաչառ լուծումների հուշումներ չկան:
Անհնար է թվում, բայց կարծեք թե տեսանելի է, որ մեր երկրի իշխանությունները ոչ մի քայլ չեն ուզում անել խնդիրը խաղաղ կարգավորելու և ընտրել են ապստամբներին դիպուկահարներով շարքից հանելու, խեղելու, սովով հյուծելու ճանապարհը: Սա, բոլոր դեպքերում շատ հեռու է ՛՛խնդիրն անարյուն ճանապարհով կարգավորելու՛՛ պաշտոնական հայտարարություններից:
Իշխանություններին՝ ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀԿ կուսակցությանը խնդրում և առաջարկում ենք, քանի դեռ մեր երկիրը չի ընկղմվել անդառնալի քաոսի մեջ, քանի դեռ առկա է հասարակությանն իսկապես հուզող հարցերը քննարկելու, համատեղ լուծումներ փնտրելու և համաձայնողական կառուցողական քայլեր անելու հնարավորությունը, փորձեք կանխել արյունահեղությունը, փորձեք ուժայինից զատ այլ լուծումների ճանապարհով գնալ: Ներկա պահին թերևս կարող է գործել իշխանությունների և ապստամբների կողմից հավասար թվով վստահելի մարդկանց համատեղ կարճաժամկետ հակաճգնաժամային ոչ մեծ խորհուրդը, պայմանով, որ մինչ այդ խորհուրդը երկուստեք քիչ թե շատ ընդունելի լուծումներ կգտնի կոնկրետ իրավիճակից, դադարեն կրակոցները, սնունդ և բուժ օգնություն տրամադրվի գնդի տարածքի ապստամբներին:

Հրանուշ Խառատյան
Լարիսա Ալավերդյան

 


Այս թեմայով