Անցած տարվա առաջընթացը աննախադեպ է Հայաստանի համար. Հայաստանը` «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի զեկույցում

Բրիտանական Economist intelligence unit-ը, վերլուծել է աշխարհում անցած տարի տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները Հայաստանը դասել է հաղթողների և ամենամեծ առաջընթացն արձանագրած երկրների շարքում: «Բոլոր այս ոլորտներում Հայաստանը անցած տարի զգալիորեն բարելավել է դիրքերը, ընդ որում, առաջընթացի այդ տեմպն ամենամեծն է եղել Արևելյան Եվրոպայի հիբրիդային պետությունների շարքում», – արձանագրում է Economist intelligence unit-ը: Անցած տարվա առաջընթացը, ի դեպ, աննախադեպ է Հայաստանի համար: Տասը բալանոց համակարգով անցած տարի Հայաստանը ստացել է 4,79 միավոր՝ նախորդ տարվանից գրեթե մեկ միավորով ավելի:

Ժողովրդավարության վերաբերյալ այս գնահատականը տալիս հաշվի են առնվում հինգ հիմնական չափորոշիչ` ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, քաղաքական մշակույթը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում։

Զեկույցում նշվում է. «2018-ին՝ խաղաղ իշխանափոխությունից հետո, Հայաստանը միանգամից ութ կետով բարելավել է դիրքերը և այժմ զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը 167 երկրների շարքում»:

«Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի աթոռին նստելով իշխանությունը պահելու փորձի դեմ սկսված թավշյա հեղափոխությունը հանգեցրեց Նիկոլ Փաշինյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում», -ասված է զեկույցում:

Ահա Ադրբեջանը որևէ փոփոխություն չի արձանագրել և մնում է բռնապետական երկրների շարքում: Հարևան Վրաստանը անցած տարի ժողովրդավարության առումով զգալի անկում է արձանագրել, ընդ որում, այդ անկման տեմպն ամենամեծն է եղել Արևելյան Եվրոպայում: Բրիտանացի փորձագետները փաստել են, որ մայիսին երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վերադարձավ մեծ քաղաքականություն, ու թեև պաշտոն չէր զբաղեցնում, բայց կուլիսներից էր ուղղորդում կառավարության քաղաքականությունը:

Զեկույցի տվյալները Վրաստանում քննարկումների առիթ են դարձել: «Եթե եղբայրական Հայաստանը մի փոքր ցուցանիշով առաջ է անցել մեզնից, մենք դա ընդունում ենք որպես մարտահրավեր»,- այսպես է անդրադարձել զեկույցին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին: Նա ասում է` նախագահական ընտրությունների հետ կապված նկատառումները հաշվի կառնվեն, սակայն նա նաև հավելել է, որ երկրում ժողովրդավարության մակարդակը «բավականին բարձր է»:

«Փաստ է, որ ժողովրդավարության մակարդակը, կառավարման համակարգն ու բոլոր ցուցանիշները, որոնք վերաբերում են բիզնեսին, ԶԼՄ-ների ազատությանը, թեկուզ դատարանին, բավական բարձր է, ինչով կարող է հպարտանալ յուրաքանչյուր քաղաքացի»,- հայտարարել է Գիա Վոլսկին:

Այս թեմայով