Անվիճելի է, որ քաղբանտարկյալները ազատ պետք է արձակվեն, բայց հարց է, թե ովքեր են քաղբանտարկյալներ

«Անվիճելի է, որ քաղբանտարկյալները ազատ պետք է արձակվեն, բայց հարց է, թե ովքեր են քաղբանտարկյալներ, և ինչպես պետք է ազատ արձակվեն»,- ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն, այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ խոսելով ներքաղաքական զարգացումներից:

Արա Պապյանը նշեց, որ Հայաստանի՝ որպես ժողովրդավար պետության վարկի բարձրացումը նպաստավոր է այն առումով, որ տեսնում ենք, որ նոր վարչապետը տարբեր երկրներից ոչ միայն շնորհավորանքներ է ստանում, այլ նաև հրավերներ, համագործակցության կոչեր:

Ըստ նրա՝ պետք է հավասարակշռել Հայաստանի ուղղվածությունը դեպի Ռուսաստան, բայց այդ հավասարակշռումը պետք է անել դանդաղ, մտածված, քանի որ դա Ռուսաստանը ցավագին է տանում:

«Վարչապետի հաջորդ այցը կլինի Վրաստան, բայց Վրաստանից հետո, ես կարծում եմ, որ նա պետք է այցելի Բրյուսել, առավել ևս, որ այդ հրավերը կա: Դա անհրաժեշտ է. թեև ռազմական համագործակցությունը շատ կարևոր է, բայց երկիրը տնտեսական զարգացման կարիք ունի»,-ասաց նա:

Արա Պապյանը գտնում է, որ լուրջ պետք է աշխատանքներ տարվեն դոնորների համաժողովի ստեղծման ուղղությամբ, ըստ որի՝ երկրները մասնաբաժին կդնեն Հայաստանին օգնելու հարցում, ներդրում կարվի՝ իրենց և հայ ժողովրդի վերահսկողության ներքո: Նա նշեց, որ թեև հարգում են իշխանությանը, սակայն ժողովուրդը պետք է մշտապես վերահսկի:

 «Կարծում եմ, որ ՀՀԿ-ն առավելագույնս այդ գործընթացը կձգձգի, քանի որ մտածում են, որ կառավարությունից հիասթափության ալիքը կշատանա, ինչին կօգնեն նաև իրենք: Բայց Գործադիրը հսկայական իշխանություն ունի իր ձեռքում և եթե պահանջներ դրվեն պատգամավորների առաջ, իրենք հաճույքով կքվեարկվեն այն օրենսգրքի օգտին, որը ցանկանում է Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Արա Պապյանը խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու անհրաժեշտությունից:

 


Այս թեմայով