Home » ՊԱՏԱՀԱՐ » Անչափահասի հետ սեռական հարաբերությունից հրաժարված Մկրտիչը սպանվել է դանակի 26 հարվածով

Անչափահասի հետ սեռական հարաբերությունից հրաժարված Մկրտիչը սպանվել է դանակի 26 հարվածով

դանակԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Կամո Բունիաթյանի գործի դատավարությունը:

2012 թվականի փետրվարի 4-ին Մաշտոցի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: «Շահումյան 2» գերեզմանատան 15-րդ հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դիակ՝ դանակով հասցված բազմաթիվ վնասվածքներով:

Հանցագործությունը «տաք հետքերով» չի բացահայտվել: Գործի վարույթը որոշ ժամանակ մնացել է կասեցված: Միայն 2013 թվականի հունվարի 22-ին է հիշյալ սպանությունը կատարելու կասկածանքով 36-ամյա Կամո Բունիաթյանը ներգրավվել որպես մեղադրյալ:

Այդ ժամանակ Բունիաթյանն արդեն դատապարտված էր մեկ այլ քրեական գործով:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի նոյեմբերի 20-ի դատավճռով նա մեղավոր էր ճանաչվել դիտավորյալ սպանության փորձ կատարելու համար՝ 34-104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել էր 8 տարի ազատազրկման: Այդ պատժի սկիզբը հաշվվել էր 2012 թվականի մայիսի 5-ից, երբ Բունիաթյանն արգելանքի տակ էր առնվել:

Սպանությունը, որի համար մեղավոր է ճանաչվել Կամո Բունիաթյանը և ավելի վաղ բացահայտված, բայց սպանությունից հետո կատարված սպանության փորձը ընդհանրություն ունեն ոչ միայն կատարողի՝ Բունիաթյանի անձի առումով, այլև սպանության գործով ականատես վկայի՝ Հ.-ի առումով, ով երկրորդ՝ սպանության փորձի գործով արդեն տուժող էր:

Այսինքն, Կամո Բունիաթյանը սպանության փորձ էր կատարել ավելի վաղ կատարած սպանության ականատես վկայի նկատմամբ:

Ի՞նչն էր կապում Կամո Բունիաթյանին, սպանված Մկրտիչին ու սպանության փորձի ենթարկված կնոջը՝ Հ.-ին:

Դատական ակտի համաձայն՝ Կամոն մարմնավաճառությամբ զբաղվող Հ.-ին ճանաչել է մոտ երկու տարի: Հ.-ն ճանաչել է նաև սպանված Մկրտիչին՝ տաքսու վարորդին, ում «պապիկ» էր ասում:

Հ.-ն օգտվել է «պապիկի» տաքսուց, իսկ Կամոն օգտվել է մարմնավաճառուհուց՝ նրա արհեստի բերումով:

Ըստ դատավճռի՝ 2012 թվականի փետրվարի 1-ին Կամո Բունիաթյանը իր մեքենայով հանդիպել է Մկրտիչին, ապա վերցրել Հ.-ին, գնումներ են կատարել և ուղևորվել Ջրվեժ՝ զվարճանալու:

Կամոն Մկրտիչին խոստացել էր, որ վերջինս 5 հազար դրամով սեռական հարաբերություն կունենա Հ.-ի հետ:

Հասնելով իրենց ցանկացած վայրը՝ Կամոն ու Մկրտիչը ալկոհոլ են օգտագործել:

Մկրտիչը հրաժարվել է սեռական հարաբերություն ունենալ մարմնավաճառուհու հետ՝ ասելով, թե նա իր երեխայի տարիքին է:

Անկախ այդ հանգամանքից՝ Կամոն Մկրտիչից պահանջել է նախապես պայմանավորված 5 հազար դրամը: Մկրտիչն էլ տվել է, բայց ասել է, որ մոտը եղած մնացած գումարը չի տա, տանելու է տուն:

Երբ խմիչքը խմել-վերջացրել են, երեքով նստել են Կամոյի մեքենան: Կամոն Մկրտիչից գումար է ուզել, Մկրտիչը չի տվել:
Վիճել են: Մկրտիչը հայհոյել է Կամոյին:

Վերջինս իր մոտ եղած դանակով 26 հարված է հասցրել իր կողքին նստած Մկրտիչի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով սրտապարկի, սրտի, թոքերի, ստոծանու, ենթաստամոքսային գեղձի համակցված, թափանցող վերքեր: Մկրտիչը մահացել է:

Կամոն դիակը տեղափոխել է մեքենայի հետևի նստատեղ, Հ.-ին նստեցրել առջևում:

Ճանապարհին նա, ըստ Հ.-ի ցուցմունքի, իջեցրել է նրան՝ հազար դրամ տալով ու սպառնալով, որ կատարվածի մասին ոչ ոքի չասի, այլապես ինքը կվնասի նրան ու նրա երեխային:

Բունիաթյանը Մկրտիչի դիակը տեղափոխել է գերեզմանատուն, թողել այնտեղ ու հեռացել:

Մեքենան տարել է ծանոթի ավտոտնակ, մեկ գիշերով թույլտվություն խնդրել, որ մեքենան այնտեղ ապամոնտաժի: Բացատրել է, թե նոր մեքենա է գնել ու այս հին մեքենայի որոշ մասեր տալու է վաճառողին՝ գումարի դիմաց:

Ապակոմպլեկտավորած մեքենայի որոշ մասեր Կամոն թողել է հիշյալ ավտոտնակում, որտեղ դրանք հայտնաբերվել են: Մասնավորապես դերմանտինե փռոցի վրա հայտնաբերվել են արյան հետքեր, որոնք, ըստ փորձաքննության եզրակացության, կարող էին առաջանալ Մկրտիչի արյունից:

Այս գործով կատարվել է նաև գենետիկական փորձաքննություն: Բունիաթյանի մեքենայի դերմանտինե փռոցի արյան հետքից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագիրը համընկել է Մկրտիչի դիակային նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ 99,99 % հավանականությամբ:

Կամո Բունիաթյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Ասել է, թե Մկրտիչին ընդհանրապես չի ճանաչել, իսկ Հ.-ի հետ շփվել է որպես մարմնավաճառուհու:

Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ամբուլատոր փորձաքննության եզրակացությամբ մարմնավաճառուհի Հ.-ն տառապում է «Թեթև աստիճանի մտավոր հետամնացությամբ»:
Ըստ մասնագիտական եզրակացության՝ հիվանդությունը Հ.-ի մոտ արտահայտված չէ այն աստիճանի, որ նրան զրկի դեպքի հանգամանքները ճիշտ ընկալելու, դրանք վերարտադրելու, դրանց վերաբերյալ արժանահավատ ցուցմունքներ տալու հնարավորությունից:

Կամո Բունիաթյանի մոտ հայտնաբերվել է «Պրիմիտիվ անձ» հիվանդությունը:

Մկրտիչի սպանությունից հետո՝ 2012 թվականի մարտի 23-ին, Կամո Բունիաթյանը սպանության փորձ է կատարել մարմնավաճառուհի Հ.-ի նկատմամբ, ինչի համար էլ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 8 տարի ազատազրկման:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել, որ Բունիաթյանի խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխա կա:

Կամո Բունիաթյանը մեղավոր է ճանաչվել Մկրտիչի դիտավորյալ սպանության համար, դատապարտվել 10 տարի ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով սահմանված պատիժը, և վերջնական պատիժ է սահմանվել 15 տարի ազատազրկումը:

www.1in.am

Դիտվել է 5,161 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy