Անհատ ձեռներեցները տաքսու լիցենզիա այլեւս չեն ստանա. նոր նախագիծ է մշակվում

ՀՀ տրանսպորտի, կապի, եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տաքսու ոլորտը կանոնակարգելու նպատակով օրենսդրական նախագիծ է մշակել, որը ներքին քննարկման է դրվել: Նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում չցանկանալով մանրամասներ հայտնել նախագծի բովանդակության վերաբերյալ, միայն նշեց նախագծի նպատակը:

— Պարոն Մելքոնյան, նախարարության կողմից մշակված նախագծի վերաբերյալ խնդրում եմ մանրամասներ հայտնեք:

— Ընդհանուր առմամբ՝ ինքը շատ հում նախագիծ է, որը քննարկման փուլում է: Անգամ մենք Ազգային ժողովում ենք քննարկում եւ շահագրգիռ բոլոր կողմերի հետ ենք քննարկում՝ ինչպես էլեկտրոնային տարբերակով աշխատողների, այնպես էլ փաստացի աշխատողների հետ: Դեռ վերջնական համաձայնեցված նախագիծ չունենք: Հենց որ ունենանք, կքննարկենք հասարակության հետ եւ մամուլով կտարածենք:

— Բոլոր դեպքերում նախագծի կառուցվածք կա, չէ՞, որը քննարկում եք:

— Մենք ուզում ենք, որ բոլորը լինեն հարկատու, բոլորը լինեն հավասար մրցակցային դաշտում: Անկախ նրանից՝ ինչպես է ծառայություն մատուցում, ինչ մեխանիզմով է մատուցում, ինչ միջոցներով է մատուցում, պետք է որակը լինի տեղը, անվտանգությունը՝ տեղը: Մրցակցություն, որակ եւ անվտանգություն:

— Գործող օրենսդրությամբ աջ ղեկ մեքենան տաքսու լիցենզիա չի ստանում, ձեր տեսանկյունից անվտանգության էլ ի՞նչ հարց կա:

— Ինչի՞ չի տալիս, որովհետեւ 2006 թվականի օրենքով այդ դրույթը ֆիքսված է, որ աջ ղեկով մեքենաները լիցենզավորման ենթակա չեն: Նաեւ երկդռնանի մեքենաները՝ չհաշված բեռնախցիկի դուռը: Նման կոմպոնենտներ կան, որոնք որ ենթակա չեն լիցենզավորման:

— Ի՞նչ եք մտածել անվտանգության կոմպոնենտն ուժեղացնելու տեսանկյունից, որը ներառվել է նախագծում:

— Քննարկում ենք: Այո՛, անվտանգությունը պետք է բարձրանա: Այսինքն՝ անվտանգության հիմնական գործիքակազմը ո՞րն է, որ այնպիսի լիցենզավորման մեխանիզմ լինի՝ էլեկտրոնային լիցենզավորման, վերահսկողության այնպիսի մեխանիզմներ լինեն, որ ՀՀ-ում չլիցենզավորված տրանսպորտային միջոցներ չունենանք: Դա իրենից չի՞ ենթադրում անվտանգության կոմպոնենտ: Դա է ամբողջ հարցը: Մենք հենց որ արդեն մի քիչ հստակ նախագիծ ունենանք, կքննարկենք:

— Ճի՞շտ է, որ անհատ տաքսի վարորդ հասկացություն չի լինելու նախագծով:

— Անհատ տաքու վարորդ ասելով նկատի ունեք ֆիզիկական ա՞նձ, թե՞ անհատ ձեռնարկատեր:

— Ֆիզիկական անձ:

— Անհատ տաքսու վարորդներ, իհարկե, լինելու են, բայց ֆիզիկական անձինք քննարկման փուլում են: Եթե հանկարծ ինչ-որ բան փոխվի, ովքեր որ լիցենզավորված են, հնարավորություն է ընձեռվելու շարունակել գործունեությունը:

— Այսինքն՝ եղածին թողնում եք աշխատեն, նորերին չե՞ք տալիս լիցենզիա: Այդ տրամաբանությունն է դրվելո՞ւ:

— Այո:

— Մի փոքր պարզեցնենք ձեր միտքը: Խոսքն այն անձանց մասին է, որոնք ունեին մեկից ավելի մեքենա եւ տաքսի ծառայություն էին մատուցում (գրանցվելով որպես ԱՁ): Օրինակ՝ անհատ ձեռներեցն ունի 5 մեքենա եւ տաքսու ծառայություն է մատուցում:

— Իրենց որեւէ վտանգ չի սպառնում: Խոսքը վերաբերվում է այն նոր լիցենզավորվող ֆիզիկական անձանց, որոնք որ նոր ցանկություն են հայտնելու ձեռք բերելու լիցենզիա: Բայց դրանք դեռեւս քննարկման փուլում են: Մենք գտնում ենք, որ դրանք այն մեխանիզմները կարող են լինել, որոնք առաջ կբերեն հավասար մրցակցային դաշտ:

— Մյուս տեղեկությունն էլ պարզաբանեք: Նախագծով արդյո՞ք առաջարկվելու է 6 տարուց  ավելի հին մեքենաներով տաքսի ծառայություն մատուցելն արգելել, լիցենզիա չտալ նման մեքենաների համար:

— Դրանք բոլորը քննարկման թեմա են: 6 կլինի, 8 կլինի, կլինի, թե՝ չի լինի:

— Այսինքն՝ հնարավոր է այդ դրույթը ընդհանրապես չլինի՞:

— Այո, հնարավոր է, որ ընդհանրապես չլինի:

— Այդ դեպքում որակն ինչպե՞ս եք ապահովելու, որի մասին քիչ առաջ նշեցիք:

— Նորից եմ կրկնում՝ 6 է, 8 է, 10 է, կլինի, թե՝ չի լինի, դրանք բոլորը դեռեւս քննարկման փուլում են: Բավական այլ մեխանիզմներ էլ մենք ունենք որպես գաղափարներ, որոնք դեռ ներառված չեն նախագծում:

— Երբ նախագիծը կդրվի հանրային քննարկման:

— Հստակ ժամանակ չեմ կարող ասել, հավանաբար մոտ ժամանակներս:

— Ավելի կոնկրետ:

— Առաջիկա ամսվա ընթացքում հնարավոր է:

Սկզբնաղբյուր կայք

 


Այս թեմայով